‘Ի դեմս Յանուկովիչի՝ Տիմոշենկոն տեսնում է նոր Ստալինի’

766

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն ընտրել է բռնապետության ուղին և մտադիր չէ հաշվի նստել երկրի ժողովրդի հետ, երեկ հայտարարել է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն: Ընդդիմադիր «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդի հայտարարությունը տեղադրվել է նրա անձնական կայքում: Տիմոշենկոյի կարծիքով՝ Յանուկովիչը մարտահրավեր է նետում ողջ Ուկրաինային և ժողովրդավարական աշխարհին: «Ծեծված, անմեղ մարդկանց ձերբակալելով՝ նա ուղղակի ասում է, որ թքած ունի բոլորիս վրա, որ շարունակելու է ծեծել, սպանել, նստեցնել բոլորին, ովքեր կկանգնեն իրեն դեպի բացարձակ իշխանություն տանող ճանապարհին»,- գրել է Տիմոշենկոն: Ուկրաինայի տարածքում, ընդգծել է նախկին վարչապետը, նոր Ստալին է ձևավորվում: «Եւ եթե մենք բոլորս, ժողովրդավարական աշխարհի հետ միասին, նրան չկասեցնենք, ապա կստանանք ևս մի Հյուսիսային Կորեա,- ասել է քաղաքական գործիչը: — Ուկրաինայի ժողովուրդը պետք է անհապաղ իշխանությունը վերցնի իր ձեռքը, այլ ոչ թե բռնապետի հետ քաղցր զրույց վարի»,- ընդգծել է Տիմոշենկոն և կոչ արել համաքաղաքացիներին հավատալ սեփական ուժերին և հասնել հաղթանակի, կամ էլ պատրաստվել «բացարձակ բռնապետության՝ երկար ժամանակով», փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Մինչեւ ՄՄ բանակցությունների ավարտը Սերժ Սարգսյանը անդամակցության առավելությունների մասին չի խոսի’
Հաջորդ հոդվածը‘Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են’