‘
Հասարակական տրանսպորտի թանկացումից հետո Երեւանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը քաղաքապետարանի ամենաակտիվ պաշտոնյան է, ով ամեն ինչ անում է՝ քաղաքացիական բողոքը լռեցնելու եւ ակցիաները խափանելու համար: Պատճառն այն է, որ քաղաքացիների բողոքը կարող է լսելի դառնալ վերին օղակներում, ինչը վնաս կհասցնի Հ. Նավասարդյանի ընտանեկան բյուջեին: Գրում է Hetq.am-ը:
Բանն այն է, որ Հենրիկ Նավասարդյանին է պատկանում թիվ 18 ավտոբուսային երթուղին: Այն սպասարկում է «ԴՅԱԿՈ-ԱՐԹ» ՍՊԸ-ն, որի սեփականատերը Հ. Նավասարդյանի 22-ամյա որդին է` Անդրանիկ Նավասարդյանը: Նա 2012 թ. նոյեմբերից ընկերության 100 % սեփականատերն է, իսկ մինչ 2012 թ. ապրիլ ամիսը 2 տարի ընկերությունը ղեկավարել է ավագ որդին` Էդգար Նավասարդյանը: Անդրանիկ Նավասարդյանը 2008-ից մինչեւ 2013 թ. մայիս ամիսը եղել է նաեւ «ԴՅԱԿՈ-ԱՐԹ» ՍՊԸ-ի տնօրենը, իսկ այժմ այդ պաշտոնը զբաղեցնում է նրանց ազգականը` Արտակ Նավասարդյանը:
Պարզ է, որ այս ընկերության իրական սեփականատերը հենց Երեւանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյան է:
Նավասարդյանների ընտանիքը ամբողջության ներգրավված է տրանսպորտի ոլորտում, ուստի հասկանալի է Հենրիկ Նավասարդյանի նյարդային վիճակը, երբ լրագրողները փորձում են նրան հարցեր տալ:
Բանն այն է, որ նրա միջնեկ որդին` Դավիթ Նավասարդյանն էլ զբաղվում է հասարակական տրանսպորտի վրա գովազդ տեղադրելով: Նրան է պատկանում «Մոշն թայմ» ՍՊԸ-ն, որը հիմնադրվել է 2011 թ.-ին:
Ըստ ընկերության կայքում հրապարակված գնացուցակի` կախված ավտոբուսի վրա փակցվող գովազդային պաստառի քմ-ից, պայմանագրի երկարաժամկետ լինելուց եւ ավտոբուսների քանակից` մեկ «Բոգդան» մակնիշի ավտոբուսի վրա գովազդ տեղադրելու գինը մեկ ամսվա համար կազմում է 100.000-130.000 դրամ, իսկ գովազդային պաստառի 1 քմ արժեքը 5.000-6.000 դրամ է: Մեկ միկրոավտոբուսի արժեքը մեկ ամսվա համար 25.000 դրամ է, իսկ գովազդային պաստառի 1 քմ գինը` 6.000 դրամ: Ի դեպ, միկրոավտոբուսների գովազդը 40-ից պակաս չի կարող լինել:
Հենրիկ Նավասարդյանից պարզաբանում ստանալ չհաջողվեց, որովհետեւ քաղաքապետարանը «բլոկ» է արել նրա հետ կապ հաստատելու հնարավոր միջոցները: Նրա ընդունարանից պատասխանեցին, որ լրատվության բաժնի հետ համաձայնեցնենք, նոր միայն խոսենք Հ. Նավասարդյանի հետ: Իսկ քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից պատասխանեցին, թե իրենց կարգի համաձայն՝ հարցերը պետք է գրավոր ուղարկենք իրենց, որպեսզի քննարկեն, նոր միայն որոշեն՝ հնարավոր է հարցազրույց վարել, թե ոչ:
Հիշեցնենք, որ iLur.am-ը արդեն տեղեկացրել էր, որ Տարոն Մարգարյանին են պատկանում N 5, N 32 երթուղայինները (փաստաթուղթ)
‘