‘«Ի պաշտպանություն Լեւոն Հայրապետյանի» շտաբը մինչեւ օգոստոսի 13-ը երթ կիրականացնի’

826

Լեւոն Հայրապետյանին մեղսագրվող արարքները ձեւական բնույթ են կրում, որոնք ուղղակի copy-paste են արվել քննիչի կողմից: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում, պատասխանելով iLur.am-ի հարցին՝ նշեց փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

Նրա խոսքով՝ Հայրապետյանին մեղսագրվել են այնպիսի արարքներ, ինչպիսիք են գործով հիմնական կասկածյալ Ուրալ Ռախիմովին հանցագործության համար անհրաժեշտ գործիքների, գումարի տրամադրումը,  այն իրագործելու համար ցուցումներ տալը, դրա կազմակերպումը, ինչպես նաեւ Ռախիմովին տեղեկատվությամբ ապահովելը: «Հայրապետյանին մեղսագրում են նաեւ պաշտոնատար անձանց միջոցով Ռախիմովին պատասխանատվությունից ազատելու փորձ կատարելը, սակայն թե ովքեր են այդ անձինք՝ այդպես էլ չի ասվում»,- նշեց Բաղդասարյանը՝ հավելելով, որ գործարարին մեղադրանք է առաջադրվել յուրացում եւ փողերի լվացում կատարելու համար՝ միայն մեկ վկայի ցուցմունքներով, ով այժմ գտնվում է ցմահ բանտարկության մեջ եւ պատրաստ է գնալ ցանկացած գործարքի:

Փաստաբանի պնդմամբ՝ Հայրապետյանին ազատ կարձակեն միայն առողջական վիճակի վատթարացման համար: «Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի» շտաբի ներկայացուցիչները այս կապակցությամբ նշեցին, որ նրան անհրաժեշտ ստացիոնար բուժում է հարկավոր, հակառակ դեպքում հետեւանքները կարող են ճակատագրական լինել:

Հայտնի գործարար Վահագն Հովնանյանն իր հերթին նշեց, թե անհրաժեշտ է ամբողջ աշխարհին ցույց տալ՝ իրականում ով է Լեւոն Հայրապետյանը, եւ չսահմանափակվել միայն ժողովներով: Պաշտոնաթող գնդապետ Արթուր Ալեքսանյանի խոսքով՝ այս ողջ գործընթացը շինծու է, իսկ պատվիրատուները, բոլորի համար պարզ է, թե ովքեր են:

«Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի» շտաբի ներկայացուցիչները հայտնեցին նաեւ, որ շուտով պատրաստվում են հստակ մեսիջով երթ անցկացնել: Նրանց խոսքով՝ օրը դեռ հայտնի չէ, սակայն զանգվածային ցույցեր նախատեսվում է իրականացնել մինչեւ օգոստոսի 13-ը: Նշենք, որ այդ օրը Մոսկվայի դատարանը կքննարկի գործարարի խափանման միջոցի փոփոխման հարցը:

Անդրադառնալով նախապես հայտարարված երթի չկայանալուն՝ շտաբի ներկայացուցիչները հայտնեցին, որ այն անկազմակերպ էր, ինչը կարող էր խանգարել ողջ գործընթացին:

 

Նախորդ հոդվածը‘Շանթ Հարությունյանը՝ ոստիկանին. «Լավ ենք արել, տփել ենք»’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ն մտահոգված է ադրբեջանական Յունուս ընտանիքի դեմ քրեական գործի հարուցման առնչությամբ’