Լապորտան նամակ է ստացել. պատմության մեջ կմնաք որպես նախագահ, որը հեռացրեց Մեսսիին

736

Լիոնել Մեսսիի՝ «Բարսելոնայից» հեռանալուց հետո կատալոնական ակումբում հրաժարականի առաջին դեպքն է գրանցվել:

Պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել Espai Barça նախագծի հանձնաժողովի անդամ Խաումե Լյոպիսը: Նա նամակ է հղել «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտային՝ իր դժգոհությունն արտահայտելով Մեսսիի հեռանալու կապակցությամբ՝ ընդգծելով, որ հեռանում է զբաղեցրած պաշտոնից՝ ավելի ազատ արտահայտվելու համար:

«Հարգելի՛ Ժոան,

Դուք ինձ հիասթափեցրիք. ես կարծում եի՝ Դուք միակն եք, որ կարող է դիմակայել Ֆլորենտինո Պերեսին: Տեղեկատվության պակաս ես, այո՛, ունեմ, բայց վստահ եմ, որ կարելի էր ավելին անել՝ Մեսսիին թիմում պահելու համար:

Մեսսին «Բարսելոնայի» կարևորագույն ժառանգությունն էր:

Մենք կսպասենք ու կտեսնենք Սուպերլիգայի ժամանումը, իսկ այդ ընթացքում ամրապնդելով ՊՍԺ-ն՝ ավելի դյուրին դարձրիք Մբապեի՝ «Ռեալ» տեղափոխությունը: Ֆլորենտինոյի կատարյալ ծրագիրը… Դուք պատմության մեջ կմնաք որպես նախագահ, որը հեռացրեց Մեսսիին:

Շնորհակալություն Espai Barça-ի հանձնաժողովին միանալու հնարավորության ընձեռման ու վստահության համար: Չնայած այս պաշտոնին որևէ պաշտոնական նշանակում կամ պատասխանատվություն չկա, կարծում եմ՝ բավական դրական բաներ կատարել եմ, որով օգնել եմ թիմին, բայց հիմա պարտավոր եմ հրաժարական տալ, քանի որ ցանկանում եմ ավելի ազատ արտահայտել իմ կարծիքը:

Մաղթում եմ Ձեզ հաջողություն»,- գրել է Լյոպիսը, որը նաև IESE բիզնես դպրոցի պրոֆեսոր է:

Նախորդ հոդվածը«Ռեալը» մինչև այս ամսվա ավարտը կարող է հաստատել Մբապեի տրանսֆերը
Հաջորդ հոդվածը«Բարսելոնան» նոր ավագ ունի