‘Լավրովը մերժել է Ասադին համոզելու առաջարկը’

1002

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հրաժարվել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի առաջարկից՝ համոզելու Սիրաիայի նախագահ Բաշար Ասադին, որպեսզի նա  կամովի հրաժարական տա: Այս մասին, lenta.ru-ի փոխանցմամբ, հաղորդել է Коммерсантъ-ը: Պարբերականի տվյալներով՝ ԱՄՆ պետդեպարտամենտի ղեկավարը վերջերս Պնոմպենում և Դուբլինոում կայացած հանդիպումների ժամանակ Լավրովին առաջարկել է դիվանագիտական մասնակցություն ունենալ Ասադին պաշտոնից հեռացնելու և ապա՝ կոալիցիոն կառավարություն ստեղծելու հարցում: Ռուսաստանը պաշտպանում է նման մարմին ստեղծելու գաղափարը, սակայն նրա կարծիքով՝ Ասադին պետք է համոզեն այն երկրները, որոնք ավելի շահագրգռված են նրա հրաժարականով, օրինակ՝ ԱՄՆ-ն, թեպետ՝ Սիրիայի առաջնորդն, ամենայն հավանականությամբ՝ իր կամքով երբեք էլ չի հեռանա պաշտոնից:

Հիմնական փաստարկներից մեկը, որը, ԱՄՆ-ի կարծիքով՝ պետք է Ռուսաստանին դրդեր ակտիվորեն մասնակցելու սիրիական հակամարտության կարգավորմանը, վերջերս շրջանառվող տեղեկությունն էր Ասադի համախոհների  կողմից քիմիական զենք օգտագործելու հնարավորության մասին: Սակայն դեկտեմբերի 9-ին ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտարարեց, որ Սիրիան մտադիր չէ քիմիական զենք կիրառել, ինչի երաշխիքները տվել է Մոսկվային:

Նախորդ հոդվածը‘Հրաչյա Հովակիմյանը ժամանակավորապես նշանակվել է Խոսրովի արգելոցի տնօրեն’
Հաջորդ հոդվածը‘Սամյուել ԷտօՕ. Մեսին աստված է’