Լավրով․ «Արևմուտքի աչքերն ինձ ընդհանրապես չեն հետաքրքրում»

59

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Պետերբուրգյան տնտեսական համաժողովի ընդմիջմանը պատասխանել է BBC-ի լրագրողի հարցերին։

«Դուք գիտեք, որ մենք Ուկրաինա չենք ներխուժել։ Մենք հայտարարել ենք հատուկ ռազմական գործողություն, երբ արդեն ոչ մի միջոց չէր մնացել Արևմուտքին բացատրելու, որ նա հանցավոր գործունեությամբ է զբաղվում՝ Ուկրաինային քաշելով ՆԱՏՕ»,- հայտարարել է Լավրովը։

«Ցավոք՝ միջազգային պաշտոնյաները, այդ թվում՝ ՄԱԿ-ում մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը, նաև, մեծ ցավով եմ ասում, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը և Կազմակերպության շատ ուրիշ ներկայացուցիչներ, ենթարկվում են Արևմուտքի ճնշմանը։ Եվ շատ հաճախ հանդես են գալիս որպես կեղծ լուրերի խոսափողներ, որ տարածում է Արևմուտքը։ Ոչ, Ռուսաստանը «սպիտակ ու փափկամազ» չէ։ Ռուսաստանն այնպիսին է, ինչպիսին կա։ Եվ մենք չենք ամաչում մեզ այնպես ցուցադրել, ինչպիսին կանք»։

Անդրադառնալով ԴԺՀ-ում մահապատժի դատապարտված երկու բրիտանացիներին՝ լրագրողը Լավրովին հարց է ուղղել․ «Արևմուտքի աչքում՝ դուք պատասխանատվություն եք կրում այդ մարդկանց համար։ Չե՞ք կարծում, որ․․․»։ Լավրովը, չսպասելով հարցի ավարտին, պատասխանել է․

«Ոչ։ Լսեք, Արևմուտքի աչքերն ինձ ընդհանրապես չեն հետաքրքրում։ Ինձ միայն միջազգային իրավունքն է հետաքրքրում։ Միջազգային իրավունքի համաձայն՝ վարձկանները զինծառայող չեն համարվում։ Ուստի՝ թե ձեր աչքին ինչ է երևում, ճիշտն ասած, նշանակություն չունի»։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածը«Ռոման» հերքել է լուրերը Արսեն Զախարյանի նկատմամբ հետաքրքրության մասին
Հաջորդ հոդվածըՀաստատվել են ԱԱ-2026-ի քաղաքները ԱՄՆ-ում, Կանադայում եւ Մեքսիկայում