‘Լավրով. Ռուսաստանը պատրաստ է աջակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը’

618

Ռուսաստանը պատրաստ է աջակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը` հունիսի 23-ին Երևանում Հայաստանի իր պաշտոնակից Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

«Թե՛ մինչև ցյուրիխյան արձանագրությունների ստորագրումը, թե՛ դրանից հետո, Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել իր ավանդը ներդնելու այն ձևաչափով, որը ձեռնտու կլինի և Հայաստանին, և Թուրքիային», — հայտարարել է Լավրովը: Այդ համատեքստում նա հավելել է, որ բանակցությունների ընթացքում եղել են նաև ենթակառուցվածքային գաղափարներ, այդ թվում` երկաթուղային հաղորդակցության հաստատումը, որը կկապեր հեռավոր շրջանները: «Սակայն, այնուամենայնիվ, առաջին դերը պատկանում է արձանագրություններն ստորագրած պետություններին», — նշել է Լավրովը:

Էդվարդ Նալբանդյանն էլ իր հերթին հիշեցրել է, որ ցյուրիխյան արձանագրությունների ստորագրմանը ներկա է եղել նաև Սերգեյ Լավրովը, ինչը խորհրդանշում է Ռուսաստանի աջակցությունը հայ-թուրքական հարաբերություների կարգավորմանը: «Ռուսաստանի և մյուս երկրների դիրքորոշումն արտահայտվել է բազմաթիվ հայտարարություններում, որտեղ նշվել է, որ հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց որևէ նախապայմանի»,- նշել է Նալբանդյանը, հավելելով, որ Ռուսաստանն այդ ուղղությամբ անում է հնարավորինը: 

Նախորդ հոդվածը‘Նալբանդյան. Ադրբեջանը սպասում է այլ որոշակիության’
Հաջորդ հոդվածը‘Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ’