‘Լավրով. Սիրիայի զինված ընդդիմությանն աջակցողները խախտում են միջազգային իրավունքը ‘

693

Որոշ երկրներ աջակցում են Սիրիայի զինված ընդդիմությանը եւ արդարացնում են նրա կողմից իրականացվող ահաբեկչական ակտերը, եգիպտական «Ալ-Ախրամ» թերթին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Նախարարի խոսքով, ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի կողմից 1970-ին ընդունված Միջազգային իրավունքի սկզբունքների հռչակագիրը նշում է, որ որեւէ պետություն չի կարող կազմակերպել, աջակցել, ֆինանսավորել այլ պետության վարչակարգի բռնի տապալմանն ուղղված ռազմական գործողությունները:

«Ինչպե՞ս է այս պարտավորությունը համատեղվում մեր որոշ արտասահմանյան գործընկերների գործողությունների հետ, որոնք տարբեր տեսակի «զորակցություն» են ցուցաբերում ընդդիմության զինված ջոկատներին: Էլ չեմ խոսում այն մասին, որ Սիրիայում կռվում են նաեւ «Ալ-Քաիդայի» գրոհայինները, եւ Արեւմուտքը սկսել է անհանգստանալ, արդյո՞ք Սիրիա ներկրվող ապօրինի զենքը «ոչ այն ձեռքերը» չի ընկնի», — ասել է Լավրովը:

Ռուսաստանի արտգործնախարարի խոսքերով, Մոսկվան Սիրիայի ներքին հակամարտությունում որեւէ կողմի չի աջակցում եւ հանդես է գալիս արյունահեղության եւ զինված բռնության շուտափույթ դադարեցման օգտին, հանուն հենց սիրիացիների կողմից լայն երկխոսության միջոցով ճգնաժամի կարգավորման:

 

 

Նախորդ հոդվածը‘Վրաստանում կալանավորների հարազատները փորձել են բանտ ներխուժել ‘
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինայում ընդդիմությունը կպահանջի չեղյալ համարել ընտրությունների արդյունքները ‘