‘
Այսօր վաղ առավոտից լարված վիճակ էր Բյուզանդի 87/1 հասցեում, որտեղ ինչպես արդեն հայտնել էինք՝ Բարսեղ Բեգլարյանին (Ֆլեշի Բարսեղին) պատկանող «ՖԼԵՇ» ՍՊԸ-ն իրականացնում է 16 հարկանի շենքի շինարարություն: Շինարարությունը ինչպես տեղեկացրել էինք տևական ժամանակ է դադարեցվել էր՝ Ամիրյան 18, 18Ա, 20, 22 և 24 շենքերի բնակիչների համառ պայքարի շնորհիվ:
Տեսնելով բանվորների և տեխնիկայի մուտքը շինհրապարակ հարակից շենքերի բնակիչները փորձել են նորից կասեցնել շինարարությունը, սակայն տեղում հայտնված Ֆլեշի Բարսեղի սադրիչները ուժ և սպառնալիքներ են կիրառել բողոքող բնակիչների նկատմամբ: Մեր թղթակիցը դեպքի վայրում ականատես է եղել նաև մեծ թվով ոստիկանների, որոնք լուռ հետևում էին, թե ինչպես էին Ֆլեշի Բարսեղի սադրիչները վիրավորում և սպառնում բնակիչներին:
Մեր թղթակցի հետ զրույցում շենքի բնակիչները հայտնեցին, որ այսօր երթով կգնան քաղաքապետարան իրենց բողոքն արտահայտելու իրենց բողոքը քաղաքապետ Տարոն Մարգարյանի նկատմամբ, որը թույլ է տվել շինարարությունը: Բնակիչները նաև հայտարարեցին, որ պատրաստվում են դատի տալ Տարոն Մարգարյանին՝ ապօրինի շինարարությունը թույլատրելու համար:
iLur.am-ի թղթակիցը տեղեկացնում է, որ ոստիկանությունը բերման է ենթարկել շինարարության դեմ բողոքող տեղի բնակիչ Անի Մանդարյանին եւ «Նախախորհրդարանի» անդամ Վարդան Հակոբյանին: Մանդարյանն այժմ գտնվում է ոստիկանության Կենտորնի բաժանմունքում, Հակոբյանի գտնվելու վայրը հայտնի չէ: Ոստիկանները հրաժարվում են տեղեկացնել, թե ինչու են բերման ենթարկել քաղաքացիներին: Տեղում է գտնվում նաեւ «Ֆլեշի Բարսեղի» որդին` Հայկ Բեգլարյանը, որը շինարարություն իրականացնող ընկերության սեփականատերն է: iLur.am-ի թղթակիցը հայտնում է նաեւ, որ մի քանի երիտասարդներ, որոնց բակի բնակիչները չեն ճանաչում, հոգեբանական ճնշում են գործադրում շինարարության դեմ ընդդիմացողների վրա` հեգնելով ու սպառնալով նրանց:
‘