«Լացիոն» քննադատել է Մոուրինյոյին

79

Հռոմի «Լացիոն» պաշտոնական հայտարարությամբ քննադատել է «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին։ Պորտուգալացի մասնագետն ակնարկել էր, որ «Լացիոն» Իտալիայի առաջնության այս տուրում «Սպեցիային» հաղթել է խաղից դուրս վիճակում (լուսանկարում) խփած գոլի շնորհիվ՝ 4։3։

«2022 թվականին մյուս հռոմեական թիմի մարզիչը իր մամուլի ասուլիսներում բազմիցս հղում է արել ենթադրյալ մրցավարական սխալների մրցակիցների օգտին։ Մեր ակումբը հորդորում է հարգել իտալացի մրցավարներին, իսկ որոշ մարզական լրագրողներին՝ չմոռանալ պրոֆեսիոնալ դերի եւ անաչառության մասին։

Վերոնշյալ մարզիչին չէր խանգարի սեփական անհաջողություններից ուշադրությունը շեղելու նպատակով աչք չգցել ուրիշի տուն։

Այս մրցաշրջանում եղել են վճռական պահեր ոչ մեր ակումբի օգտին, սակայն մենք, մրցավարների նկատմամբ ունեցած հարգանքից ելնելով, չենք մեկնաբանել դրանք։ Մյուսներն այդ հարգանքը չունեն»,- նշվում է «Լացիոյի» պաշտոնական կայքի հրապարակած հայտարարությունում։

35 տուրից հետո «Ռոման» ու «Լացիոն» ունեն 59-ական միավոր եւ 5-6-րդ տեղերում են։

Նախորդ հոդվածըՈւԵՖԱ-ն արգելեց Ռուսաստանի ակումբների մասնակցությունը եվրագավաթներին
Հաջորդ հոդվածըATP․ Լավագույն տասնյակում՝ առանց փոփոխության