‘Լեգիտիմ չեն իշխանությունները, ոչ թե ընտրությունները’

1172

Վերջին տարիներին յուրաքանչյուր ընտրական պրոցեսից առաջ ակտիվորեն շրջանառության մեջ է դրվում ընտրությունները բոյկոտելու իշխանահաճո գաղափարը, որի հեղինակները պնդում են, որ դրանով լուծվելու է կարևորագույն՝  ընտրությունները չլեգիտիմացնելու խնդիրը:

Մի կողմ թողնելով այն հարցը, թե ինչքանով է նպատակահարմար  ընտրությունների չլեգիտիմացումը ՝որպես վերջնական նպատակ և բավարար արդյունք ձևակերպելը՝  հարկավոր է հասկանալ, թե ո՞վ և ինչպե՞ս կարող են ազդել ընտրությունների լեգիտիմության վրա, և ընդհանրապես՝ հնարավո՞ր է դա անել, թե՞ ոչ:

Ամբողջ խնդիրն այն է, որ ընտրությունները, որպես այդպիսին, լեգիտիմ են ի սկզբանե: Ընտրությունը պարտադիր իրավական գործընթաց է ցանկացած ժողովրդավարական երկրում: Այն ՀՀ պետականության, անկախության կարևորագույն բաղկացուցիչն է և հանդիսանում է քաղաքացիների սեփականությունը: Ֆորմալ առումով՝ ընտրությունները լեգիտիմացվել են 1995 թ. հուլիսի 5-ին՝ համաժողովրդական հանրաքվեով ընդունված Սահմանադրությունով: Երկրի մայր օրենքում հստակ գրված է, որ Հայաստանում իշխանությունները ձևավորվում են ընտրությունների միջոցով ( Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով: Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է:):

Այսինքն՝ այս կամ այն ուժի՝ ընտրություններին մասնակցել կամ չմասնակցելը, քաղաքացիների կողմից քվեարկությունը բոյկոտելը ընտրությունների լեգիտիմության վրա որևէ կերպ չեն կարող ազդել: Հակառակ դեպքում՝ դա նույնն է, ինչ մեր կյանքի կամ սեփականության սահմանադրական իրավունքը ճանաչվի ոչ լեգիտիմ: Ուրիշ բան, որ այդ ընտրությունները կարող են կեղծվել և կեղծվելու են: Եվ այս դեպքում ոչ լեգիտիմ են ճանաչվում ոչ թե ընտրությունները, այլ կեղծված ընտրությունների արդյունքում ձևավորված իշխանությունները: Սակայն սա չի կարող բավարար հիմք հանդիսանալ՝ բոյկոտելու ընտրությունները և իշխանություններին թույլ տալու առանց կեղծիքների և հավելյալ ջանքերի վերարտադրվելու:  

Հակառակը՝ հարկավոր է համաժողովրդական ջանքերի գործադրմամբ հնարավորինս խոչընդոտել և դժվարացնել իշխանությունների գործունեությունը: Ընտրություններին չմասնակցելը՝ նույնն է, ինչ ճակատամարտ չտված մարտի դաշտից հեռանալը: Եվ ավելին՝ մենք ոչ միայն հանձնում ենք սեփական դիրքերը, այլ նաև օգնում ընտրակեղծարարներին : Յուրաքանչյուրիս մեկ բոյկոտած քվեն հավասար է հանցագործներին տրված մեկ ձայնի: Այնպես որ՝ բոյկոտելով ընտրությունները՝ մենք կամա թե ակամա մասնակիցն ենք դառնում Հայաստանի դեմ ուղղված մի գործընթացի: Եվ եթե ինչ-որ մարդիկ խնդիր են դրել ոչ լեգիտիմ ճանաչելու իշխանություններին, ապա դրա լավագույն միջոցը  հենց ընտրություններին մասնակցելն է: Հենց այս ժամանակ է, որ իշխանությունները կգնան պարտադրված, բացահայտ կեղծիքների: Միայն այս դեպքում հնարավոր կլինի իշխանությունների լեգիտիմությունը թե՛ Հայաստանում, թե՛ միջազգային հանրության առջև դնել հարցականի տակ:

Եվ վերջապես՝  հարկավոր է հասկանալ, որ ամեն հինգ տարին մեկ իշխանություններին պարտադրված ընտրական գործընթացը եզակի հնարավորություն է տալիս ընդդիմադիր ուժերին օգտագործելու քարոզչամիջոցներին ընձեռված հնարավորություններ՝ը իրենց տեսակետները ամբողջ հանրապետությունով տարածելու, ժողովրդի հուսահատությունը հաղթահարելու, նրանց ինքնավստահությունը և սեփական իրավունքներին տեր կանգնելու պատրաստակամությունը բարձրացնելու նպատակով: Գոյություն չունի ավելի լավ մեխանիզմ, որը թույլ կտա ժողովրդական լայն զանգվածներ դուրս բերել փողոց՝  ընտրությունները կեղծող իշխանություններին հեռացնելու նպատակով: 

Հենց այս հեռանկարն է, որ սարսափեցնում է իշխանություններին : Այս հնարավորությունից չօգտվելը, եթե չունի միտում, ապա ուղղակի միամտություն է և ամենամեծ նվերն է ռեժիմին: Այնպես որ՝ 2013-ի նախագահական ընտրությունները Հայաստանի ապագայով մտահոգ բոլոր ուժերի կողմից պետք է առավելագույնս օգտագործվեն Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու և օրինական ընտրությունների միջոցով լեգիտիմ իշխանություն ձևավորելու նպատակով:

Արեգ Գևորգյան 

Նախորդ հոդվածը‘Քոչարյանների ընտանիք. ՊՆ-ն ամբողջովին խեղաթյուրում է փաստերը’
Հաջորդ հոդվածը‘Ֆուտբոլիստների կողմից ծեծի ենթարկված մրցավարը մահացել է’