‘Լեհաստանի դեսպանին պաշտոնյաներն ավելի մեծ ոգևորությամբ են պատասխանում’

918

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը փետրվարի 6-ին Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ  մեկնաբանել է Հայաստանի ներքաղաքական կյանքի վերաբերյալ ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկու դիտարկումները: 

«Լեհաստանի դեսպանի մեկնաբանություններին արձագանքել է նաև արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ով, բնականաբար, արտահայտել է նաև արտգործնախարարության և նախարարի կարծիքը: Ես կարծում եմ` նման մեկնաբանությունները կոռեկտ չեն որևէ դեսպանի կողմից: Յուրաքանչյուր երկրի դեսպան պետք է տիրապետի  դիվանագիտական համապատասխան կանոնների»,- «Արմենպրեսի» հաղորդմամբ` ասաց նախարարը` նկատելով, որ ինքը ևս եղել է դեսպան և գիտի, որ գոյություն ունի դիվանագիտական էթիկա:

Նախարարն այս մասին հարցին հակադարձեց հարցով. «Արդյոք կարելի՞ է ասել , որ Հայաստանի չինովնիկներն ընդհանրապես պետականության զգացում չունեն»: Նալբանդյանը չի կարծում, թե նման ենթադրություններ և հայտարարություններ որևէ դիվանագետ, առավել ևս ` դեսպան, կարող է իրեն թույլ տալ: «Նա իրեն թույլ է տվել ոչ միայն այդպիսի հայտարարություններ, այլև այլ ձևակերպումներ, որոնք կոռեկտ չեն դիվանագետի համար»,- նկատեց Նալբանդյանը:

Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակ» թերթի հետ զրույցում Լեհաստանի դեսպանը մասնավորապես ասել էր. «Սեփական երկրի համար պատասխանատվության զգացողությունը պետք է բոլորին պատասխանատվության տանի ոչ միայն սեփական տեղամասի համար: Ես կարծում եմ, որ անկախությունից հետո Հայաստանի համար ամեն ինչ չէ, որ հարթ է եղել: Սպանությունները, որոնք, ասում են, քաղաքական մոտիվացիաներ ունեին, միշտ չէ որ, մեղմ ասած, բացահայտվել են: Վերցրեք 2008թ. իրադարձությունները: Ոչ ոք պատասխան չտվեց: Ամենաթողության մթնոլորտը կարող էր ինչ-որ մեկին դրդել, որ կարելի է կրակել: Ահա, քաղաքականության մեջ ոչինչ չի առաջանում ոչնչից: Քաղաքականության մեջ, ինչպես հղիությունն է, ոչինչ չի կորչում, դա պետք է իր արդյունքը տա: Քաղաքական գործիչը չի կարող խուսափել պատասխանատվությունից իր գործունեության համար և ոչ թե այնտեղ, հեռավոր աշխարհում, այլ՝ այստեղ: Խոսք կա «կմախքներ պահարանում»: Միայն անհեռատես քաղաքական գործիչներն են կարծում, որ կարելի է թաքցնել այդ կմախքները: Ես հուսով եմ, որ ցավալի իրադարձությունը չի ազդի ոչ ընտրությունների արդյունքների, ոչ էլ քարոզարշավի վրա: Բայց մի բան փաստ է՝ տոնն արդեն փչացված է»:

Հիշեցնենք նաև, որ հունվարի 22-ին  Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթրին Լիչը իր բլոգում մասնավորապես գրել էր. «Բայց տասնամյակների ընթացքում կեղծիքներով հագեցած ընտրություններից հետո Հայաստանի իշխանությունների համար մեծագույն մարտահրավեր է այս ընտրությունները  արդար անցկացնելն ու սեփական ժողովրդի և գործընկերների վստահությունը վերականգնելը: Արդյո՞ք սա տեղի կունենա»: Այս հայտարարությանը սակայն մեր պաշտոնյաները այդքան մեծ ոգևորությամբ չէին պատասխանում: Միայն ԱԳ նախարարը նշել էր. «Ընտրություններից առաջ դեսպանի մակարդակով ինչ-որ գնահատականներ տալ, թե ինչ է լինելու, չեմ կարծում, որ այդքան կոռեկտ է»:

Նախորդ հոդվածը‘Գերմանացիները հաղթեցին, իտալացիները՝ փրկվեցին’
Հաջորդ հոդվածը‘Երևան-Արմավիր ավտոճանապարհին մարդատար «Գազել» է կողաշրջվել է. կան վիրավորներ (լուսանկարներ)’