‘
Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին, Սահմանադրության օրվա առթիվ ելույթ ունենալով Վարշավայի Ամրոցի հրապարակում, հայտարարել է այն սպառնալիքների մասին, որոնք կրում է Մոսկվայի Կարմիր հրապարակում կայանալիք շքերթը, փոխանցել է ТАСС-ը:
Պետության ղեկավարը համաքաղաքացիներին կոչ է արել հիշել պատմության դասերը և մոլորության մեջ չընկնել այն հարցում, թե իրենց հանրապետությանը ոչինչ չի սպառնում:
«Մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակը դարձյալ կվերածվի զրահատանկային հրապարակի: Կրկին այնտեղ կցուցադրեն այն դիվիզիաների ուժը, որոնք վերջերս աշխարհի և մեր աչքի առաջ հարձակվեցին հարևան Ուկրաինայի վրա: Վաղուց ռազմական հակամարտությունը լեհական սահմաններին այսքան մոտ չի եղել, ինչպես հիմա է: Պետք է հիշել, որ այդ ռազմական ցուցադրության ընթացքում խոսքը ոչ թե պատմության մասին է, այլ ներկայի ու ապագայի»,- հայտարարել է Կոմորովսկին: Նախագահը հավելել է, որ այդ պատճառով Լեհաստանը պետք է ամրապնդի կապերն Արևմուտքի հետ, ընդլայնի եվրոպական ինտեգրացիան և ակտիվ համագործակցի Հյուսիսատլանտյան դաշինքի հետ:
Ավելի վաղ Կոմորովսկին, ինչպես նաև Լեհաստանի նախկին վարչապետ, ներկայումս Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հրաժարվել են այցելել Մոսկվա՝ Հաղթանակի 70-ամյակի հանդիսություններին՝ դա հիմնավորելով Ուկրաինայի արևելքում ստեղծված իրավիճակով: Բացի այդ՝ 2015 թ. փետրվարին Լեհաստանի արտգործնախարար Գժեգոժ Սխետինան հայտարարել է, թե իր համար անհասկանալի է՝ ինչու է Հաղթանակի օրը նշվում Մոսկվայում, այլ ոչ թե եվրոպական մեկ այլ մայրաքաղաքում:
Մոսկվան արձագանքեց, որ այս հայտարարությունը խայտառակում է լեհական ամբողջ քաղաքականությունը: Իսկ հունվարի 21-ին Լեհաստանի ԱԳ Ն ղեկավարն ավելի սկանդալային հայտարարություն էր արել՝ ասելով, որ Օսվենցիմ համակենտրոնացաման ճամբարն ազատագրել են ուկրաինացի զինվորները: Փոխանցում է lenta.ru-ն:
‘