‘Լեռնային Ղարաբաղը կամենում է իր օդային կապը հաստատել Հայաստանի հետ’

1105

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ԼՂՀ վարչապետ Ա. Հարությունյանը, ինչպես արդեն հաղորդել ենք, հարցազրույց է տվել «Լյո Մոնդ» պարբերականին: Ստեփանակերտի օդանավակայանի վերաբացման մասին հարցի առթիվ վարչապետը ի մասնավորի նշել է.

«Մենք ավարտել ենք օդանավակայանի կառուցումը հինգ-վեց ամիս առաջ: Այն, որ թռիչքները տեղի կունենան, հաստատ է 100%-ով : Հստակ ժամանակը նշանակված չէ, քանի որ դեռ պետք է լուծվեն որոշ տեխնիկական խնդիրներ: Այս հարցը պետք է դիտարկել մարդկային և ոչ թե քաղաքական տեսանկյունից: Մարդիկ իրավունք ունեն շարժվել ցամաքային և օդային ճանապարհով»:

Թերթն անդրադարձել է, որ Ադրբեջանի դեմ պատերազմի ավարտից մոտ քսան տարի անց`Ղարաբաղը փորձում է այս կերպ պայքարել սեփական մեկուսացման դեմ: Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող հիմնական ուղին երկար և ոլորուն, տեղ-տեղ շատ լեռնային մի ճանապարհ է, որ դժվարանցանելի է ձմռանը` առատ ձյան պատճառով: Երևանից Ստեփանակերտ հասնելու համար անհրաժեշտ է մոտավորապես ութ ժամ: «Լյո Մոնդը» հիշեցնում է, որ ադրբեջանական կողմը ի սկզբանե սպառնում էր ոչնչացնել օդանավը, եթե թռիչքները վերսկսվեն, սակայն հիմա փոքր-ինչ մեղմացրել են իրենց հայտարարությունները, մինչ ամերիկացիները և եվրոպացիները զսպվածության կոչ էին անում Երևանին, որպեսզի չբարդանան հարաբերությունները: «Եթե Ադրբեջանը կրակ բացի, ապա նոր պատերազմ կսկսվի և նրանք չեն կարող օգտագործել իրենց օդանավերը`թռիչքները խափանելու համար, քանի որ մենք ունենք մեր հակաօդային միջոցները»` հավաստում է պրն Հարությունյանը:

«Այս տարի Ադրբեջանում ընտրություններ են անցկացվելու, հետո ավելի հեշտ կլինի, նույնիսկ եթե նրանք շարունակելու են արձագանքել հիստերիկ կերպով»,- նշել է վարչապետ Ա. Հարությունյանը «Լյո մոնդ» պարբերականին տված հարցազրույցում:

Նախորդ հոդվածը‘Միրչա Լուչեսկու. Ֆերնանդինյոն արժե 50 միլիոն եվրո’
Հաջորդ հոդվածը‘Օրվա կադրը՝ Տիգրան Սարգսյանի հետ ‘