‘
Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը հանրության ուշադրությունն է հրավիրում Վիլեն Գայֆեջյանի նկատմամբ ոստիկան ներկայացած անձանց գործողությունների վրա:
Գայֆեջյանը վերջին օրերին իր պատրաստած սիրողական տեսանյութերում քննադատում է իշխանությունների, մասնավորապես, ոստիկանության գործողությունները:
«Այսօր, ապրիլի 21-ին առավոտյան երկու ոստիկան ներկայացած անձինք են այցելել Վիլեն Գայֆեջյանի բնակարան` Երեւանի Բաղրամյան փողոցում, քաղաքավարի հարցուփորձ են արել բնակարանի մասին, պատուհանների մասին` արդյո՞ք դրանք ճաղապատ են, ովքեր են ապրում տանը եւ այլն, ասել են թե այդ այցն արվել է Ցեղասպանության 100 ամյակի միջոցառումներին Երեւան այցելելիք պատվիրակությունների անվտանգության ապահովման նկատառումներով», — ֆեյսբուքում գրում է Լեւոն Բարսեղյանը:
Նույն օրը` կեսօրին, երկու հոգի` քաղաքացիական հագնված, այցելել են նույն Վիլեն Գայֆեջյանի աշխատանքի վայր (Վիլենը բարմեն է աշխատում), չեն ներկայացել, աշխատակիցներին ցույց տալով նրա լուսանկարը, հարցրել են` արդյո՞ք նա այդտեղ է աշխատում: Հաստատում ստանալով, հեռացել են:
Ըստ Բարսեղյանի, այս երկու այցերը լուրջ մտահոգություն են առաջացրել Վիլենի եւ նրա հարազատների շրջանում, մարդիկ մտավախություն ունեն, որ Վիլեն Գայֆեջյանի տան եւ անձի նկատմամբ այդ նորահայտ հետաքրքրությունը կապված է նրա հեռուստատեսային սիրողական գործունեության հետ (նորահայտ SOS հեռուստահաղորդումներից վերջինն անդրադարձել ու քննադատել էր ոստիկանությանն ու իշխանության այլ ներկայացուցիչների):
«Ես կիսում եմ այդ մտահոգությունը, եւ դիմում եմ իրենց իրավապահ համարողներին, որոնք ի պաշտոնե պարտավոր են զբաղվել հանցագործությունների կանխարգելմամբ. Վիլեն Գայֆեջյանն ու մերձավորները կարծում են, որ սա կարող է այդ հաղորդումներից դժգոհ ինչ-ինչ անձանց հաշվեհարդարի նախապատրաստություն լինել: Հարկավոր է պարզել, թե ովքեր են մասնավոր հետախուզական աշխատանքներ իրականացնում ՀՀ տարածքում եւ կանխարգելել որեւէ հարձակում կամ հաշվեհարդար այս երիտասարդի դեմ: Հերթական հանցավոր անգործությունը ես եւ շատերը գնահատելու ենք որպես դիտավորություն, դրանից բխած հետեւանքներով», — գրում է Լեւոն Բարսեղյանը՝ հավելելով , որ Վիլեն Գայֆեջյանը, պատրաստ է իր ունեցած տեղեկությունները կիսել իրենց իրավապահներ համարող մարդկանց հետ, եթե արդեն չի դիմել իրենց:
‘