‘Լեւոն Բարսեղյան. Գյումրեցիների պահանջը ՀՀ իշխանություններից է (Տեսանյութ)’

2151

Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանի կարծիքով՝ Գյումրիի հասարակության ներսում Ավետիսյանների ողբերգական սպանությունից հետո առաջացած լարվածությունը չի թուլացել, եւ այն նոր ալիք կտա Հայաստանի իշխանությունների կողմից համարժեք քայլեր չլինելու դեպքում:

Նրա խոսքով, թեեւ գյումրեցիներն աորոշ ժամկետ են տվել դատախազ Գեւորգ Կոստանյանին՝ կատարելու իրենց պահանջը, բայց այդ ժամկետը չի կարող անվերջ ձգվել:

«Ամսի 15-ի երեկոյան, երբ դատախազը հայտարարեց, որ դիմելու է ՌԴ իր գործընկերոջը՝ Պերմյակովին հանձնելու ՀՀ արդարադատությանը, գյումրեցիները հասկացան, որ դատախազն, այո, զիջում է իրենց պահանջին: Դատախազին անորոշ ժամկետ տրվեց, իսկ երկուշաբթի օրը քաղաքապետն ու ավագանին ուղերձ հղեցին, որով վերահաստատվեց գյումրեցիների պահանջը: Նույն բանն արեցին ե՛ւ մարզպետը, ե՛ւ թեմի առաջնորդը, սա հասարակության բոլոր շերտերի եւ իշխանության բացառիկ համախմբում էր: Հիմա խոսքը դատախազինն է», — iLur.am-ի հետ զրույցում ասաց Բարսեղյանը:

Նրա խոսքով, եթե կա որեւէ մեկը, որին թվում է, թե գործընթացը ձգելով, մարդիկ կհանդարտեցնեն, նրանք խորը մոլորության մեջ են:

«Այդ մարդիկ այս քաղաքը լավ չգիտեն, նրանց հարեւաններին գիշերով չեն մորթել եւ նրանց Կոստանյանը այնպես չի վիրավորել, ինչպես վրավորեց ողջ հայաստանյան հանրությանը: Առայժմ փողոցում արտաքուստ անդորր է: Լավ է, որ բախում չկա, բայց ոչ ոք երաշխիք չունի, որ հիմա, մի օր կամ մի տարի հետո որեւէ մեկի կամ որեւէ խմբի գլխին չի փչի ելնել, եւ տեսնելով, որ իշխանությունը որեւէ բան չի անում, իր պատկերացրածով հարցերը լուծել», — նշեց Բարսեղյանը:

Նրա խոսքով, հասկանալի է նաեւ ռուսաստանյան պաշտոնյաների դիրքորոշմանը՝ պնդել սեփական քաղաքացուն սեփական օրենքներով դատելու վրա:

«Ես խոսելիք ունեմ մե՛ր իշխանությունների հետ: Հասարակության մեջ այդ դժգոհություը կա երկու կողմերին ուղղված՝ ռուսների եւ մեր իշխանությունների: Բայց իմ պահանջը նախեւառաջ Հայաստանի իշխանություններից է՝ քաղաքական եւ իրավական պահանջ, հետո նոր՝ Ռուսաստանի իշխանություններից՝ բարոյական պահանջ»:

Ամենակարեւորն այս պատմության մեջ, ըստ մեր զրուցակցի,  երաշխիքներն են, որ սա չի կրկնվելու:

«Այդ հարցը առաջին օրվանից կար, տասն օր է անցել, Սերժ Սարգսյանն այդ հարցին չի պատասխանել: Ես, ամբողջ քաղաքը, առավոտյան աչքերս բացելու են Ֆեյսբուք, լուրեր նայեմ, տեսնեմ, հո էդպիսի բան նորից չի՞ եղել:», — նշեց նա:

Լեւոն Բարսեղյանի հետ ամբողջ զրույցը դիտեք տեսանյութում:  

Նախորդ հոդվածը‘Վերջին հրաժեշտը 6 ամսական Սերյոժա Ավետիսյանին (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Իսպանիայի գավաթ. «Բարսելոնան» նվազագույն հաշվով հաղթեց «Ատլետիկոյին» (տեսանյութ)’