‘Լեւոն Բարսեղյան. Սարգսյանի նախաձեռնած բարեփոխումներին կարելի է մասնակցել միայն մեկ պայմանով’

2297

Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանի կարծիքով, Սերժ Սարգսյանի հետ սահմանադրական փոփոխությունների շուրջ բովանդակային քննարկումների մեջ մտնողները պիտի հասկանան, որ դրանով ծառայելու են Սարգսյանի ռեժիմի լեգիտիմացմանը:

«Բոլոր նրանք, ովքեր կսկսեն բովանդակային քննարկումների մեջ մտնել այս գործի հետ կապված, կփորձեն մեկնաբանել սա որպես «չարչարանք ի բարօրություն Հայաստանի», առնվազն մոլորության մեջ են», — iLur.am-ի հետ զրույցում ասաց Բարսեղյանը:

Նրա խոսքով, ամենից առաջ հանրությունը պետք է հստակ հասկանա, որ Սերժ Սարգսյանը օրինականորեն ընտրված այն պաշտոնյան չէ, ով բարոյական իրավունք կունենար սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու:

«Ես ինքս բացարձակ ցանկություն չունեմ մտնելու այդ քննարկումների մեջ, մեկ բացառությամբ, որ եթե հանկարծ Սերժ Սարգսյանը հայտարարի, որ հանրաքվեից հետո հեռանալու է իշխանությունից, տեղի են ունենալու արտահերթ նախագահական, խորհրդարանական ընտրություններ եւ մի 15-20 տարի Հայաստանի իշխանական դաշտում նա հավակնություններ չի ունենալու: Բայց սա, իհարկե, ֆանտաստիկայի ժանրից է, Սարգսյանը նման բան չի անի, որովհետեւ շատ լավ հասկանում է այն ռիսկերը, որոնք կախվում են իր եւ իր մերձավորների վրա», — ասաց մեր զրուցակիցը:

Բացի դրանից, Լեւոն Բարսեղյանը վստահ է, որ Հայաստանում չկա սահմանադրական փոփոխությունների որեւէ հասարակական պահանջ, հետեւաբար՝ չկա հասարակական կոնսոլիդացիա այդ գաղափարի շուրջ, ինչպես փորձում են ներկայացնել իշխանությունները:  «Եթե իրեն հաջողվում է ինչ-ինչ մանիպուլյացիաների միջոցով ինչ-ինչ ուժերի կանչել բանակցությունների, քննարկումների՝ մեկին՝ կոնֆետ, մեկին՝ շոկոլադ կամ կարամել խոստանալով, դա չի նշանակում, որ «հասարակական լայն կոնսոլիլդացիայի» է հասել: Գագիկ Հարությունյանը հյուրախաղերով մի 20 համայնքներում հանդես է եկել՝ Աշտիշատի ժողովի մասին պատմություններով, Գոշի դատաստանագրքից մեջբերումներ անելով եւ այլն, բայց դա տեղի է ունեցել վարչական ռեսուրսի չարաշահման ռեժիմում՝ մարդկանց զոռով տարել նստացրել են իր այդ անհեթեթ դասախոսությունների ունկնդրմանը», — ասաց նա:

Բարսեղյանի խոսքով, մարդկանց պահանջը շատ հասարակ է՝ արդարություն, իսկ այդ արդարությունը, նախեւառաջ, Սերժ Սարգսյանի ռեժիմը հեռացնելու եւ պատասխանատվության ենթարկելու մեջ է:

Անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների քննարկումների ժամանակ Սերժ Սարգսյանի վարքագծին՝ «ես կողմ եմ գործող կառավարման համակարգին, բայց հավանություն եմ տալիս փոփոխությունների հայեցակարգին», Լեւոն Բարսեղյանը նշեց, որ Սարգսյանն, այնուամենայնիվ, խորամանկ գործիչ լինելով, քննարկում է նաեւ սահմանադրական գործընթացի տապալման դեպքում գործողությունների հնարավոր տարբերակները:

«Իր համար, իհարկե, առաջին խնդիրը հանրաքվեի միջոցով այնպիսի սահմանադրություն ունենալն է, որը հնարավոր կդարձնի իր եւ իր կուսակցության երկարակեցությունը: Եւ երկրորդը՝ անհաջողության դեպքում, նախագահական մեկ-երկու թեկնածու ունենալը, որ փոփոխություն չլինելու դեպքում կարողանան «տակից դուրս գալ»: Սակայն կրկնում եմ՝ գլխավոր խնդիրը սահմանադրական փոփոխություններով առավել հարմար դիրքի հասնելն է», — նշեց նա:

Ընդ որում, Բարսեղյանի խոսքով, քննարկումների միջոցով  փորձ է արվում մարդկանց ուշադրությունը շեղել տարբեր մանր հարցերի շուրջ՝ օրինակ՝ որը լավ կլիներ՝ խորհրդարանակա՞ն համակարգը, թե՞ նախագահականը: Կամ՝ դատավորների ընտրության կարգն ինչպիսի՞ն պետք է լինի:

«Էլեմենտար խորամանկություն է, որին պետք չէ տրվել: Դրա համար ես կոչ եմ անում բոլորին՝ կոշտ դիրքորոշում ունենալ, կուլ չտալ այդ խայծն ու Սերժ Սարգսյանի հետ քննարկումենրի մեջ չմտնել: Ի վերջո, քանի՞ հոգի կա՝ Սերժ Սարգսյանի խոստումերին հավատացող, քանի՞ հոգի է իր անցած յոթ տարիների տված խոստումների կատարողականը նայել: Ինչ է՝ անոթեւաններն արդեն բնակարաննե՞ր ունեն, ինչպես նա է խոստացել, երիտասարդ ընտանիքները բոլորն արդեն բնակարաննե՞ր են ստացել, ավելի ապահո՞վ է Հայաստանը, թե՞ ավելի շատ են կրակում, քան առաջ: Ո՞վ պետք է այս ամենի համար պատասխան ստանա, եւ ինչո՞ւ մենք բոլորս այս լույսի տակ չպետք է վերաբերենք Սերժ Սարգսյանի այն խոստմանը, թե սահմանադրական փոփոխություններից հետո նորից չի առաջադրվելու: Էդ ո՞ր մի խոստումն է իրականություն դարձել. 4 տարի բանակցում էի մի ալյանսի հետ, եւ հանկարծ մի գիշերվա մեջ փոխեց որոշումն ու հայտարարեց, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը: Հիմա՝ մենք ի՞նչ երաշխիք ունենք, որ մի օր Կրեմլից դուրս գալով՝ չի հայտարարելու, որ «Հայաստանը ցանկություն  հայտնել, որ 3-րդ, 4-րդ ժամկետում նախագահ մնամ, դրա համար էլ առաջադրվում եմ, սիրելի ժողովուրդ», — եզրափակեց մեր զրուցակիցը:  

Նախորդ հոդվածը‘Շվեդական դատախազությունը Լոնդոնում կհարցաքննի Ջուլիան Ասանժին’
Հաջորդ հոդվածը‘Սվետլանա Դավիդովայի դեմ հարուցված՝ պետական դավաճանության գործը կասեցվել է’