‘Լեւոն Զուրաբյանը՝ ԵԽԽՎ նախագահի հետ հանդիպման մանրամասների ու Ցեղասպանության ճանաչման մասին ‘

1828

iLur.am-ին տված հարցազրույցում ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն անդրադարձավ լրատվամիջոցներից մեկի տարածած ապատեղեկատվությանը, թե իբր Հայաստան ժամանած ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերի հետ հանդիպմանը Կոնգրեսը չի բարձրացրել երկրում մարդու իրավունքների վիճակի եւ քաղբանտարկյալների առկայության խնդիրները: Զուրաբյանը ներկայացրեց նաեւ Բրասերի հետ հանդիպմանն իր կողմից բարձրացրած այլ հարցեր, ինչպես նաեւ, եւս մեկ անգամ պարզաբանեց Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում Կոնգրեսի դիրքորոշումը եւ անդրադարձավ նախորդ կիրակի Հռոմի պապ Ֆրանցիսկոսի արած հայտարարությանը Ցեղասպանության վերաբերյալ:

  

Պարոն Զուրաբյան, համացանցային լրատվամիջոցներից մեկը գրել էր, թե օրերս Ազգային Ժողովում ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերի հետ հանդիպմանը Դուք Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարման եւ քաղբանտարկյալների  առկայության հարցերը չեք բարձրացրել: Արդյո՞ք դա այդպես է:

Դա, իհարկե, ապատեղեկատվություն է: Ես ոչ միայն խոսել եմ քաղբանտարկյալների խնդրի մասին՝ ասելով Անն Բրասերին, որ մենք նորից ունենք մի երկիր, որում կան քաղբանտարկյալներ, այլեւ ասել եմ, որ նոր քաղաքական ձերբակալությունները ընդդիմության եւ, ընդհանրապես, Սերժ Սարգսյանի ռեժիմին ընդդիմացողների դեմ ուղղված բռնաճնշումների մի նոր շղթա է: Ասել եմ, որ այդ շղթան սկսել է այն բանից հետո, երբ երկրում ձեւավորվեց Սերժ Սարգսյանի իշխանության երկարաձգմնանն ուղղված սահմանադրական փոփոխությունները մերժող քաղաքական ուժերի դաշինք՝ ի դեմս Հայ ազգային կոնգրեսի, «Բարգավաճ Հայաստանի» եւ «Ժառանգության»: Ընդ որում, բռնությունների եւ բռնաճնշումների այդ շղթան սկսեց այն բանից հետո, երբ Եռյակն անցկացրեց բողոքի զանգվածային ցույցերը, եւ ռեժիմն ընդունեց սա՝ որպես վտանգ իր գոյության համար: Ես նաեւ ասացի, որ այս դաշինքը եւ նրա ձեւավորած շարժման հզորությունը քանդելու նպատակով Սերժ Սարգսյանը հարձակումներ եւ ճնշումներ կազմակերպեց ԲՀԿ-ի դեմ, որի հետեւանքով կուսակցությունից հեռացան ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը եւ հարյուրավոր այլ մարդիկ:

Սա բառացիորեն այն է, ինչ ես ասել եմ բռնաճնշումների վերաբերյալ՝ մատնանշելով նաեւ «Հիմնադիր խորհրդարանի» անդամների վերջին ձերբակալությունները: Ի դեպ, ապրիլի 20-ին մեկնարկող ԵԽԽՎ նստաշրջանի ժամանակ ես կփորձեմ նաեւ այս հարցը բարձրացնել լիագումար նիստի ժամանակ՝ կազմակերպության գլխավոր քարտուղար Յագլանդի ելույթից հետո:
Ես ուղղակի զարմանում եմ, թե ինչքան զուրկ են որեւէ բարոյականությունից այն ծախու լրատվական միջոցները, որոնց իշխանության կողմից պատվիրված է նման ապատեղեկատվություն տարածելը: Մինչդեռ, այդ ամենը տեղի է ունեցել ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության մի քանի անդամների ներկայությամբ: Եւ այդ լրատվամիջոցների մեղքը ծանրացնում է նաեւ այն հանգամանքը, որ անմիջապես այդ հանդիպումից հետո ես Կոնգրեսի կողմից բարձրացված հարցերի շրջանակը ներկայացրել եմ «Ազատություն» ռադիոկայանին:

Բացի քաղբանտարկյալների խնդրից, ուրիշ էլ ի՞նչ հարցեր եք բարձրացրել ԵԽԽՎ նախագահի հետ հանդիպմանը:

Իհարկե, բարձրացրել եմ Մարտի 1-ի սպանությունների չբացահայտված լինելու եւ որեւէ մեկին պատասխանատվության չենթարկելու հարցը, նախագահական աշխատակազմի կողմից հեռուստաընկերությունների վրա խստագույն վերահսկողության հարցը, ինչպես նաեւ՝ սահմանադրական «ռեֆորմների» հարցը՝ ներկայացնելով այն որպես Սերժ Սարգսյանի իշխանության երկարաձգման գործիք:

Բայց ինձ համար կարեւոր էր մի հարցի բարձրացումը եւս, որը կապված է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ԵԽԽՎ այն զեկույցի նախապատրաստմանը, որի վերնագիրն արդեն ԼՂ-ն ներկայացնում է որպես Ադրբեջանի մաս: Ես ասացի Անն Բրասերին, որ նման վերնագիրն արդեն աղավաղում է փաստերը, հակասում է ԵԱՀԿ կողմից ԼՂ վերաբերյալ ընդունված բոլոր փաստաթղթերին եւ կանխորոշում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, որը պետք է որոշվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ընթացող բանակցությունների արդյունքում: Եվ այդ հարցը բարձրացնելուց հետո էր միայն, որ ծավալվեց այս զեկույցի վերաբերյալ բանավեճը Հայաստանի պատվիրակության եւ Անն Բրասերի միջեւ: Սրա մասին նույնպես այդ լրատվամիջոցները լռում են:

Պարոն Զուրաբյան, ՀՀԿ-կան մի շարք գործիչներ եւ լրատվամիջոցներ վերջին օրերին, հատկապես՝ անցած քառօրյայում Ցեղասպանության վերաբերյալ հայտարարության նախագծի քննարկումներից հետո փորձում են ներկայացնել այնպես, թե դուք դեմ եք Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին: Խնդրում եմ կրկին անդրադառնալ այս հարցին եւ պարզաբանել ձեր դիրքորոշումը:

Կոնգրեսի դիրքորոշումը որպես Ցեղասպանության ճանաչման գործընթացին դեմ լինելու ապացույց ներկայացնելու՝ ՀՀԿ-ականների այս ջանքերն անբարոյական հիմարություն են: Կոնգրեսը ոչ միայն կողմ է Ցեղասպանության ճանաչման գործընթացի ծավալմանը, այլեւ իր կողմից հնարավոր ամեն ինչ արել է՝ այդ գործընթացն առաջ տանելու նպատակով: Երբ մենք իշխանություն էինք, մենք ամեն ինչ արել ենք այդ գործն առաջ տանելու համար: Դրա ամենավառ օրինակը այն հսկայական ջանքերն էին, որոնք ներդրեցին Հայաստանի իշխանությունները՝ Ռուսաստանի Պետդումայի կողմից 1995-ին Ցեղասպանության ճանաչման բանաձեւն ընդունելու ուղղությամբ: Այդ առումով բաներ կան, որոնց մասին ես այսօր չեմ կարող խոսել, բայց կգա ժամանակը՝ կխոսեմ:

Խոսքն այն բանի մասին է, որ իշխանությունները պետք է ջանքեր գործադրեն Ցեղասպանության ճանաչման գործընթացին նպաստելու համար, բայց ճանաչման պահանջը չպետք է պաշտոնապես դրվի պետության արտաքին քաղաքական օրակարգի մեջ, քանի որ այդպես վարվելու դեպքում հարցը մարդկության առջեւ Թուրքիայի պատասխանատվության խնդրից վերածվում է հայ-թուրքական միջպետական վեճի եւ հնարավորություն է տալիս Թուրքիային՝ հանդես գալ պատմությունն ուսումնասիրող կառավարական հանձնաժողով կամ ենթնահանձնաժողով ստեղծելու ստորացուցիչ առաջարկով:

Սա է ամբողջ հարցը, եւ թող ոչ ոք չփորձի աղավաղել Կոնգրեսի դիրքորոշումն այս հարցում, ինչն իրականում հավասարազոր է Ցեղասպանության խնդրի վրա քաղաքական կապիտալ շահելու անբարոյական փորձերի: Ի դեպ, ի ապացույց խոսքերիս, նշեմ, որ նույն Անն Բրասերի հետ հանդիպման ժամանակ ես հարցը հենց այդպես էլ դրել եմ՝ ասելով, որ, քանի որ Ցեղասպանության ճանաչման խնդիրն առաջին հերթին մարդկության դեմ կատարված հանցագործության համար Թուրքիայի պատասխանատվության ճանաչման խնդիրն է, ուստի ես ճիշտ եմ համարում, որ Ցեղասպանության ճանաչման մասին ԵԽԽՎ բանաձեւի ընդունումը նախաձեռնվի ոչ թե Հայաստանի պատվիրակների կողմից, այլ ԵԽԽՎ-ի ղեկավար մարմինների, ինչու չէ՝ հենց Բյուրոյի կողմից:

Այս առումով շատ կարեւոր էր 1 մլրդ 200 միլիոն հավատացյալների հոգեւոր հովիվ Ֆրանցիսկոս պապի այն հսկայական բարոյական քայլը, որով նա հայոց ողբերգությունը ճանաչեց մարդկության 3 մեծագույն ողբերգությունների շարքում, ինչը նա արել է ոչ թե ինչ-որ լոբբիստական, քաղաքական ճնշումների կամ խաղերի արդյունքում, այլ բացառապես բարոյականության մասին իր պատկերացումներից եւ ճշմարտության հզորության նկատմամբ իր անդրդվելի հավատից ելնելով: 

Նախորդ հոդվածը‘Ժիրայր Սեֆիլյանի ընկերների կոչը ազատամարտիկներին ‘
Հաջորդ հոդվածը‘ԵՄ խորհրդարանի բանաձեւը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ’