‘Լեւոն Զուրաբյանի ելույթը Հայաստանում առաջացած կառավարման ճգնաժամի մասին նախագծի քննարկման ժամանակ (Տեսանյութ)’

2800

ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի ելույթը՝ «Հայաստանի Հանրապետությունում առաջացած կառավարման ճգնաժամի մասին» ԱԺ հայտարարության նախագծի քննարկման ժամանակ:

Հարգելի Ազգային Ժողով,

Այսօր ընդդիմությունը մի փոքր թոփալ է, եւ ձեզանից շատերը ոգեւորվել են այդ առթիվ՝ մտածելով, թե ձեր սասանվող իշխանությունը մի քիչ ամրապնդվել է, բայց ես գիտեմ նաեւ, որ ձեր մեջի ամենախելացի մարդիկ շատ լավ էլ հասկանում են, որ ընդդիմության ապաքինումը ընդամենը կարճ ժամանակի հարց է, մինչդեռ երկիրը շարունակում է իր գահավիժումը դեպի անդունդ, քանի որ հիվանդ է մեր ամբողջ քաղաքական համակարգը։

Դուք հիմա հրճվում եք, որ կարողացաք ահաբեկչական հարվածներով խաղից դուրս հանել ԲՀԿ֊-ին եւ նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանին՝ չհասկանալով, որ հենց այդ պետական ահաբեկչությունը երկրի առաջատար ուժերից մեկի դեմ, եւ նրանց այսօրվա բացակայությունը Ազգային ժողովի դահլիճում ամենալավն են վկայում, թե ինչ խորը ճգնաժամի մեջ է մեր քաղաքական համակարգը եւ պետական կառավարումը։

Պարզ խոսենք ժողովրդի հետ, թե ի՞նչ է այսօր կատարվում։ Փետրվարի 20-ին պետք է կայանար համազգային հանրահավաք, որն իսկապես մեծ ոգեւորություն էր առաջացրել ժողովրդի, մեր ամբողջ հասարակության մեջ։ Իշխանությունը հասկացավ, որ այդ օրը մի քանի հարյուր հազարավոր մարդ հավաքվելու է Ազատության հրապարակում եւ պահանջելու գործող նախագահի հրաժարականը։ Միայն միտքն անգամ, որ շնորհիվ ընդդիմության աննախադեպ մոբիլիզացիայի՝ հնարավորություն կա ազատվելու իշխող ռեժիմից, առաջացրել էր ժողովրդի մեջ հսկայական ոգեւորություն եւ արդեն համարյա համազգային տոնախմբության մթնոլորտ։ Ի դեպ, սա ինքնին ցույց է տալիս, թե ինչ ողորմելի վիճակում է հայտնվել Հայաստանի իշխանական համակարգը։ Սերժ Սարգսյանը հասկացավ, որ   եթե Ազատության հրապարակը եւ նրան հարող փողոցները լցվեն, նա չի ունենա այլ ելք, քան հեռանալու, քանի որ նա չունի ո՛չ վստահության ռեսուրս, ո՛չ էլ որեւէ քաղաքական լուծում ժողովրդին առաջարկելու համար։ Նրա ռեժիմի համար միակ ելքն էր՝ ահաբեկչական հարվածներով գլխատել կազմակերպիչ ուժերից մեկին եւ ստեղծել շփոթ մի իրավիճակ, որում համազգային բողոքը չունի իշխանությանը հրաժարական պարտադրելու կազմակերպական ռեսուրս։ Բայց արդյո՞ք դա լուծեց այն խորը ճգնաժամը, որում հայտնվել է մեր երկիրը։ Եւ արդյո՞ք ներկայիս իշխանական համակարգն ունի որեւէ ռեսուրս՝  կանգնեցնելու երկրի գահավիժումը դեպի անդունդ։

Հենց այս հարցին պատասխանելու համար անցյալ տարվա հոկտեմբերին Եռյակը, հավաքելով անհրաժեշտ 44 ստորագրություն, Ազգային ժողովի արտահերթ քննարկմանը ներկայացրեց Հայաստանում առաջացած կառավարման ճգնաժամի հաղթահարման խնդիրը։ Նման քայլին դիմելով՝ մենք ղեկավարվում էինք այն գիտակցությամբ, որ երկրում ծավալված կառավարման ճգնաժամը եւ դրա հետեւանքով առաջացած տնտեսական անկայունությունն ու անկումը, աղքատության աճը եւ աղետալի չափերի հասնող արտագաղթն այլեւս սպառնում են մեր ազգային անվտանգությանը եւ պահանջում են արտակարգ լուծումներ, որոնք թույլ կտան վերացնել ժողովրդի եւ իշխանությունների միջեւ գոյացած անջրպետը, մոբիլիզացնել մեր ողջ ազգային քաղաքական եւ հանրային ներուժը։

Այսօր, երբ բազմաթիվ անօրինական ձգձգումներից հետո վերջապես հնարավորություն է ստեղծվել անդրադառնալու խնդրին, Հայաստանում արդյունավետ եւ արդարացի կառավարման վերականգնման խնդիրը դեռ մի բան էլ ավելի արդիական է դարձել, քանի որ ամբողջ հանրությունը ականատես դարձավ իշխանությունների աղետալի անկարողությանը՝ հստակորեն արձագանքելու այնպիսի ճգնաժամային իրավիճակներում, ինչպիսին էին դրամի փլուզումը եւ անկառավարելի գնաճը դեկտեմբերին, Գյումրիում կատարված սպանության հետ կապված դեպքերը եւ իշխանություն-ընդդիմություն, իսկ ավելի ճիշտ կլիներ ասել՝ իշխանություն-ժողովուրդ ահագնացող հակամարտությունը։ Ճգնաժամի խորացումն է՛լ ավելի ակնառու է դարձել, սակայն, իշխող ռեժիմի ընդդիմախոսների նկատմամբ վերջին ամիսներին տեղի ունեցած բռնությունների շնորհիվ։ Կառավարման ճգնաժամի ավելի պերճախոս վկայություն ուղղակի հնարավոր չէ գտնել, քանի որ մարդկության պատմության բազմաթիվ օրինակներ վկայում են, որ նմանատիպ բացահայտ բռնությունները սկսում են այն ժամանակ, երբ ռեժիմը սպառում է կառավարման այլ ձեւերը եւ սեփական իշխանությունը շարունակելու միակ միջոց համարում է ահաբեկչությունը անհամաձայն հանրության դեմ։

Այս անհրաժեշտ ներածականից անցնենք զեկույցի բուն թեմային՝ երկրում ստեղծված կառավարման ճգնաժամի նկարագրությանն ու պատճառներին։ Իհարկե, այսօրվա օրհասական վիճակը որոշակի առնչություն ունի բազմաթիվ երկարաժամկետ օբյեկտիվ գործոնների հետ։ Հայաստանը, որն առանց այդ էլ ծովային կապ չունի աշխարհի հետ, գտնվում է ղարաբաղյան հակամարտությամբ պայմանավորված շրջափակման, դրանից բխող տնտեսական պատժամիջոցների եւ մեկուսացման պայմաններում։ Իհարկե, մենք ստիպված ենք լարել մեր բոլոր հնարավորությնները եւ ռեսուրսները, պահել մեծ բանակ՝ Ադրբեջանի հնարավոր ագրեսիան զսպելու նպատակով։ Իհարկե, Ռուսաստանի հետ սերտորեն կապված մեր տնտեսությունը կորուստներ է կրում այդ երկրի դեմ կիրառվող պատժամիջոցների պատճառով, իսկ Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ ահագնացող հակամարտությունը էապես սահմանափակում է մանեւրելու դաշտը եւ Արեւմուտքի հետ  համագործակցության եւ օժանդակության ծրագրեր իրականցնելու մեր հնարավորությունները։

Սակայն այս ամենը ոչ միայն չի կարող արդարացնել Հայաստանի իշխանությունների անկարողությունը, այլև, ընդհակառակը՝ ընդգծում է Հայաստանում այնպիսի իշխանության ձեւավորման անհրաժեշտությունը, որը կարող է համախմբել ազգային ամբողջ պոտենցիալը եւ արտակարգ լուծումներով դիմակայել մեր շուրջ առաջացած իսկապես հսկայական եւ վտանգավոր մարտահրավերներին։

Իշխանությունը, սակայն, բացարձակ անհամարժեք է ստեղծված իրավիճակին եւ իր անկարողությամբ, անգործությամբ, հարստանալու եւ ժողովրդին հարստահարելու իր անկուշտ ագահությամբ ոչ միայն չի կարողանում դիմակայել վերոհիշյալ մարտահրավերներին, այլև, դեռ մի բան էլ՝ ինքն է դարձել մեր պետականության թուլացման եւ քայքայման, ապագայի եւ պետական հաստատությունների նկատմամբ ժողովրդի հավատի կորստյան եւ արտագաղթի գլխավոր պատճառը։ 

Ասածս ապացուցելու համար շատ բան կարելի է ասել, բայց ես կսահմանափակվեմ հետեւյալ մի քանի արձանագրումներով։

Պետական իշխանությունների ձախողման հիմքում ընկած գլխավոր չարիքը ժողովրդավարության, այսինքն՝ ժողովրդի ազատ կամքով իշխանության ձեւավորման  սկզբունքի ոչնչացումն է պետականորեն կազմակերպված ընտրակեղծիքների, ընտրակաշառքի եւ ճնշումների միջոցով։ Որ իշխանությունը պետք է ընտրվի եւ հաշվետու լինի ժողովրդի առջեւ, շատ է ասվել։ Բայց ես ցանկանում եմ ընդգծել, որ ընտրական մեխանիզմի աղճատումը նաեւ ստեղծում է երկրի ներսում հակամարտություն, որը բացառում է արդյունավետ կառավարումը։ Երբ ժողովուրդը չի վստահում իշխանությանը, չի կարող լինել երկարատեւ կայունություն։ Իշխանությունը չի կարող որեւէ լուրջ ռեֆորմ անցկացնել առանց ժողովրդի վստահության եւ աջակցության։ Ցանկացած քայլ առաջացնում է հանրության դիմադրությունը։ Դրա վկայությունն են թեկուզ եւ կուտակային հիմնադրամների հետ կապված կենսաթոշակային ռեֆորմի եւ արդեն վերջերս «Շրջանառության հարկի մասին» օրենքում կատարված փոփոխությունների դեմ բողոքի զանգվածային ցույցերը։ Դրա վկայությունն է նաեւ ժողովրդի լուռ դժգոհությունը նկարահանող արագաչափերի եւ կարմիր գծերի նկատմամբ, որը ժողովուրդն ընկալում է ոչ թե որպես երթեւեկության հանրային կարգավորման ջանքեր, այլ միայն ու միայն որպես իշխանավորների գրպանները ժողովրդի հաշվին լցնելու միջոց։  Երբ իշխանությունը ժողովրդավարական է, այն հենվում է հանրության մեջ ունեցած իր հեղինակության եւ փաստարկներով համոզելու ունակության վրա։ Երբ իշխանությունը ավտորիտար է, այն կարող է հենվել միայն ուժային ուռճացված ոստիկանության ապարատի եւ բռնությունների վրա։ Վերջերս լրագրող Հայկ Գևորգյանը մամուլում հրապարակել էր ոստիկանության թվաքանակի թվերը, որոնք ցույց են տալիս, որ հարյուր հազար հոգուն հասնող ոստիկանների թվաքանակով Հայաստանը միջին հաշվով երեք անգամ գերազանցում է ժողովրդավարական երկրներին։ Հայաստանում այդ թիվը 1000 է, իսկ, օրինակ, ԱՄՆ-ում 256 է, Գերմանիայում՝ 298, Բելգիայում՝ 373, Ավստրիայում՝ 326, Մեծ Բրիտանիայում՝ 307, Ճապոնիայում՝ 197, Ռուսաստանում՝ 285։ Ի՞նչ է սա նշանակում։ Նշանակում է, որ իշխանությունները, չունենալով ժողովրդի վստահությունը եւ վախենալով նրանից, հույսը դրել են ոստիկանական բռնությունների վրա եւ այդ նպատակով պահում են ոստիկանական մի ամբողջ բանակ, որը ծանր բեռ է դառնում պետական բյուջեի վրա, եւ որի միակ նշանակությունն է իշխանությունը ապօրինաբար յուրացրած իշխանության պաշտպանությունը իրեն չընտրած քաղաքացիներից։ Արժի՞, արդյոք դրանից հետո զարմանալ ժողովրդի զանգվածային բողոքների ժամանակ կիրառված բռնությունների վրա։ Մարտի մեկի սպանդը երկար ժամանակ վախի մթնոլորտ ստեղծեց ժողովրդի մեջ, բայց հիմա աստիճանաբար ժողովուրդը նորից ոտքի է կանգնում, եւ ռեժիմը նորից իրավիճակի կառավարման որեւէ այլ միջոց չունի, քան Գյումրիում եւ Բերձորում դաժան բռնությամբ ցուցարարների ցրումը, ինչպես նաեւ «տոնտոն-մակուտային» բռնությունները հայտնի քաղաքական եւ հասարակական գործիչների եւ ազատամարտիկների նկատմամբ, ԲՀԿ-֊ի հետ տեղի ունեցածը, 500  մարդկանց նկատմամբ ոստիկանության ճնշումները, բոլոր տեսակի սպառնալիքները եւ շանտաժները, որոնց անթաքույց դիրիժորը դարձավ անձամբ Սերժ Սարգսյանը,  այլ կերպ գնահատել, քան պետական քաղաքականության վերածած ահաբեկչություն, ուղղակի հնարավոր չէ։ Ժամանակակից հասարակության մեջ, սակայն, բռնությամբ ոչ մի հարց չի կարող լուծվել։ Քանի դեռ ժողովուրդը չի համարում, որ ընտրել է երկրի նախագահին եւ արդարացիորեն ներկայացված է Ազգային ժողովում, ժողովրդի եւ իշխանության միջեւ հակամարտությունը անընդհատ առաջացնելու է բախումներ եւ կառավարման ձախողում։ Սա է, որ դուք պետք է վերջապես հասկանաք եւ հասկանաք նաեւ, որ կառավարման ճգնաժամի հաղթահարման գլխավոր գրավականն է՝ ինչքան հնարավոր է շուտ անցկացնել արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ազատ եւ արդար ընտրություններ, ինչը վերջ կդնի երկրի ներքին հակամարտությանը։      

Մյուս կարեւոր հարցը, որն ապացուցում է պետական կառավարման տապալումը Հայաստանում, պետական միջոցների ահավոր վատնումն է եւ կապիտալի ապօրինի արտահոսքը հենց իշխող վերնախավի կողմից։ Արդեն բազմիցս ներկայացրել ենք հեղինակավոր միջազգային եւ հայաստանյան կազմակերպությունների վերլուծությունները, համաձայն որոնց՝ կոռուպցիոն բուրգի պատճառած վնասը կազմում է տարեկան ավելի քան 2.5 մլրդ.ԱՄՆ դոլար։ Հիմա էլ պարզվում է, որ այդ գումարի մոտավորապես կեսը փողերի լվացման ճանապարհով դուրս է տարվում Հայաստանից։ Այսպես, հեղինակավոր Global Financial Integrity կազմակերպության հաշվարկների համաձայն՝ 2003-2012 թվականներից 7.5 միլիարդ ԱՄՆ դոլար, որից 2011 թ.՝  1.  միլիարդ167 հազար, 2012 թ.՝ 1 միլիարդ 230 միլիոն ԱՄՆ դոլար ապօրինի հանվել է։ Ճշտում եմ՝ խոսքը փողերի լվացման մասին է, որը կարող է տեղի ունենալ միայն իշխանությունների՝ կառավարության, Կենտրոնական բանկի եւ ԱԱԾ-ի  հանցավոր աջակցությամբ։ Կարող եք ասել, այստեղ որտե՞ղ կա կառավարման ճգնաժամ. լավ էլ կազմակերպված կառավարում են փողերի լվացումը՝ դառնալով ռեկորդսմեն ԱՊՀ տարածքում։ Բայց մի բան ակնհայտ է. մենք գործ ունենք ոչ թե պետական կառավարման, այլ պետական իշխանության լծակներին տիրացած ավազակային խմբի հետ, այսինքն՝ պետական կառավարման մեքենան ուղղակի առեւանված է մի քանի բարձրաստիճան ղեկավարների կողմից։ Սա արդեն ոչ թե ճգնաժամ է, այլ պետական կառավարման ոչնչացում կամ, ավելի ճիշտ կլիներ ասել՝ օգտագործում հանրության դեմ։

Հաջորդը՝ մենք այս դահլիճում արդեն ներկայացրել ենք պետության ակնհայտ անընդունակությունը պայքարելու մենաշնորհների դեմ 2012թ. «Համակարգված կոռուպցիա, մենաշնորհներ, ազատ տնտեսական մրցակցության խաթարում» Կոնգրեսի հարցապնդման մեջ, որի քննարկումն ապացուցեց, որ գործող իշխանությունը չունի ազատ տնտեսական մրցակցության ապահովման եւ հակամենաշնորհային քաղաքականություն, իսկ իրականում վարում է ոչ թե հակամենաշնորհային, այլ՝ մենաշնորհացման քաղաքականություն։ Ամեն բան նորից չկրկնելու համար կցանկանայի հիշեցնել այն հանգամանքը, որ Հայաստանում լայն սպառման ապրանքների ներկրումը մինչ օրս շարունակում է մնալ լիակատար մենաշնորհ, ինչի հետեւանքով բնակչությունը մոտ երեք անգամ ավելի թանկ է գնում այդ ապրանքները, քան եթե լիներ ազատ մրցակցություն։ Չեմ էլ կարծում, որ իշխանությունները չեն կարող լուծել այդ խնդիրը, նրանք ուղղակի չեն ցանկանում դա անել, քանի որ գերշահույթի մեծ բաժինը հասնում է հենց այն իշխանավորներին, ումից կախված է մենաշնորհների դեմ պայքարը երկրում։ Ընդհանրապես, սպառման լայն ապրանքների ներկրման մենաշնորհացումը Հայաստանին ԱՊՀ-ում ռեկորդակիր է դարձրել, ինչի մասին բազմիցս ահազանգել են Համաշխարհային բանկն ու Միջազգային արժութային հիմնադրամը։ Սակայն հանցավոր պետական աջակցությունը մենաշնորհներին շարունակում է խեղդել ձեռնարկատիրությունը եւ մի քանի անգամ բարձրացնել լայն սպառման ապրանքների գինը։

Վիճակը է՛լ ավելի է բարդացնում դրամի արհեստական արժեւորման՝  իշխանությունների ֆինանսավարկային քաղաքականությունը, որի միակ նպատակն է սպասարկել ներկրող օլիգարխներին, ինչի հետեւանքով մենք տարիների ընթացքում ձեւավորեցինք անկենսունակ, տրանսֆերտների հիման վրա ձեւավորվող գնողունակությամբ տնտեսություն, որը փլուզվում է տրանսֆերտները պակասելու առաջին իսկ միջազգային միջանցահովիկների հետ։ Եւ նորից միակ բանը, որ առաջարկում են իշխանությունները դրամի կայունացման համար՝ վերաֆինանսավորման բարձր տոկոսադրույքներն են եւ բանկային պահուստների բարձր նորմատիվները, այս ամենն իր հերթին առաջացնում է վարկավորման բարձր տոկոսներ եւ հսկայական գնաճ, ինչն է՛լ ավելի է խեղդում առանց այն էլ հիվանդ տնտեսությունը։

Մյուս հարցը, որը վկայում է պետական կառավարման տոտալ ճգնաժամի մասին, ռազմավարական կոնցեպտուալ կառավարման բացակայությունն է։ Ներկրողների շահերի սպասարկմանն ուղղված քաղաքականության հետեւանքով Հայաստանը մշտապես գործում է տարեկան մոտ 3 մլրդ դոլարի հասնող առեւտրական բացասական բալանսի պայմաններում, ինչը չի կարող երկար տեւել հատկապես արտաքին ֆինանսավորման նվազման պայմաններում եւ անխուսափելիորեն Հայաստանը տանելու է ֆինանսատնտեսական կոլապսի։ Պատահական չէ, որ արտաքին պետական պարտքը մոտենում է ՀՆԱ-ի 50 տոկոսի կարմիր գծին, ԿԲ պահուստները, դեկտեմբերի 14-֊ին լինելով 1մլրդ 489 մլն դոլար, արդեն ընդհուպ մոտեցել են ներկրման երեք ամսվա նվազագույն թույլատրելի սահմանին, տարեցտարի աճում են գերավճարները եւ պակասում ներդրումներ֊/ՀՆԱ հարաբերակցությունը։ Այս ամենը նշանակում է, որ մենք մեր գնացքով մաքսիմալ արագությամբ սլանում ենք դեպի անդունդ, իսկ այդ ընթացքում մեքենայի վարողների միակ զբաղմունքն այս պահին ուղեւորների կողոպուտն է։

Իսկ հիմա անցնենք այդ կողոպուտի հետեւանքներին. համաձայն վիճակագրական տվյալների՝ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման այս 7 տարիների ընթացքում Հայաստանը լքել է արդեն 293 հազար մարդ, ընդ որում՝ արտագաղթի տարեկան տեմպն արդեն կազմում է 50 հազար մարդ։ Նորից պետք է կրկնեմ, որ Հայաստանի պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ խաղաղության պայմաններում բնակչությունը դիմում է զանգվածային փախուստի։ Ընդ որում, եթե մարդիկ ճար ունենային եւ արտագաղթելու համար անհրաժեշտ նախնական գումար, համաձայն սոցիոլոգիական հարցումների՝ արտագաղթը կլիներ շատ ավելի բարձր՝ գերազանցելով բնակչության 50 տոկոսը, քանի որ մեծամասնությունը բացարձակապես որեւէ հեռանկար չի տեսնում երկրի զարգացման եւ իր երեխաների ապագայի առումով։ Ակնհայտ է, որ այս մասսայական փախուստը ծանր է անդրադառնում նաեւ երկրի պաշտպանունակության վրա։ 1996թ. ամեն զորակոչը հավաքագրում էր 13.5 հազար մարդ, այսօրվա թիվը դուք բոլորդ գիտեք, բայց ես այն չեմ հրապարակի, այլ ուղղակի կառաջարկեմ ձեզ մտովի համեմատել անցյալի հետ ու պատկերացնել դրա բոլոր հետեւանքները։ Էլ չեմ խոսում այդ նույն տարիների ընթացքում աղքատության սրընթաց աճի, ինչպես նաեւ սարսափելի բարձր մակարդակի վրա գտնվող գործազրկության մասին, ինչն էլ ավելի է խթանում արտագաղթը (տես զեկույցին կցված աղյուսակը)։

Ինչո՞ւ են մարդիկ փախչում Հայաստանից. կարող եմ ձեզ հավաստիացնել, որ խնդիրը միայն բարդ սոցիալ-տնտեսական իրավիճակը չէ։ Մարդիկ փախչում են, որովհետեւ չեն ընդունում այն երկրի որակը, որում ապրում են։ Նրանք որեւէ հավատ չունեն մի երկրի նկատմամբ, որտեղ տիրում է գողապետությունը (կլեպտոկրատիան), կոռուպցիան, սեփականության նկատմամբ ոտնձգությունները, հարկային եւ մաքսային կամայականությունները, ծախու եւ իշխանությանը հլու-հնազանդ դատարանները, հանուն մի քանիսի գերհարստացման՝ փոքր ու միջին ձեռնարկատիրության ջախջախումը։

Ի՞նչ է այս ամենը, եթե ոչ կառավարման ճգնաժամ։ Էլ ի՞նչ պետք է արած լինեին Սերժ Սարգսյանը եւ նրա սպասավորները, որ մենք ընդունենք, որ երկիրը գտնվում է կառավարման խորը ճգնաժամի մեջ, եւ որ Հայաստանում պետք են քաղաքական եւ տնտեսական համակարգի հեղափոխական փոփոխություններ։ Էլ ի՞նչ օյին պետք է բերեին իշխանությունները մեր գլխին, որ տրամաբանորեն մտածող որեւէ մարդ վերջապես ընդունի խորը ճգնաժամի գոյությունը։

Սթափվեք, ժողովուրդն այսօր երկու ելք ունի. է՛լ ավելի մեծ քանակով արտագաղթել Հայաստանից՝ մոտեցնելով մեր երկիրը աղետի, կամ ոտքի կանգնել ու վերափոխել երկիրը։ Փետրվարի 20-֊ի հանրահավաքը չստացվեց, բայց դա չի նշանակում, որ մենք իրավունք ունենք դադարեցնել մեր պայքարը։ Մարտի 1-֊ին Հայ Ազգային Կոնգրեսը մեր հանրության բոլոր առողջ ու պայքարի ունակ հանրությանը հրավիրում է Ազատության հրապարակ՝ քննարկելու այս ճգնաժամի հաղթահարման ուղիները։ Բայց եթե դուք էլ անկեղծ ցանկություն ունեք քննարկելու ստեղծված ճգնաժամը, ես սիրով կպատասխանեմ ձեր հարցերին։

 

Հայաստանի սոցիալ — տնտեսական և ժողովրդագրական վիճակը բնութագրող մի քանի ցուցանիշներ 
                     
  ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 Ընդամենը/տարբերություն 2008թ.-ի համեմատ
                     
1 ՀՆԱ, մլն. ԱՄՆ դոլ 9206.3 11662 8648 9260.3 10142.1 9958 10431.2   -1230.8
2 ՀՆԱբնակչությանմեկշնչիհաշվով, ԱՄՆդոլար  2853.3 3606.0 2666 2844 3363 3293 3452   -154.0
3 Մասնավոր փոխանցումներ-մլն ԱՄՆ դոլար  1319.5 1635 1124 1299.3 1547 1687 1865 1729  
4 Արտահանում (մլն ԱՄՆ դոլար)  1204.0 1057 710 1041 1334 1380 1479 1519  
5 Ներմուծում (մլն ԱՄՆ դոլար) 2921 4426 3321 3749 4145 4261 4386 4402  
6 Առևտրային հաշվեկշիռ (արտահանում հանած ներմուծում, մլն ԱՄՆ դոլար) -1717.0 -3369 -2611 -2708 -2811 -2881 -2907 -2883  
7 ՀՀ պետական պարտք, մլն ԱՄՆ դոլար 1666.8 1906 3362.6 3795 4128.7 4372.1 4558.5 4933.5 3027.5
8 Արտաքին պարտք, մլն ԱՄՆ դոլար 1448.9 1577.2 2967 3300.5 3569.3 3739.1 3899.1 4277 2699.8
9 Ներդրումներ/ՀՆԱ %  37.8 40.9 35 32.8 27.9 23.9 16.6    
10 Արտագաղթ, մարդ   23100 25000 57240 49126 49660 42001 47074 293201
11 Գործազրկություն՝ տոկոս     18.7 19 18.4 17.3 16.2 17.1  
12 Աղքատության մակարդակ՝ տոկոս   27.6 34.1 35.8 35 32.4 32    
13 Կապիտալի անօրինական արտահանում (փողերի լվացում), մլն. ԱՄՆ դոլ 804 1124 840 1144 1167 1230     5505

 

              ՀՆԱ   2008-2013թթ.՝ Հայաստան, Ադրբեջան,Վրաստան

 

 

2008

2009

2010

2011

2012

2013

ՀՆԱ`

մլն. ԱՄՆ դոլ

 

 

 

 

 

 

Հայաստան

11,662,

8,648

9,260

10,420

9,958

10,432

Ադրբեջան

48,852

44,291

52,903

65,952

68,731

73,500

Վրաստան

12,799

10,767

11,639

14,435

15,846

16,140

ՀՆԱ բնակչության մեկ շնչի հաշվով, ԱՄՆ դոլար

 

 

 

 

 

 

Հայաստան

3916,7

2913,6

3124,8

3421,7

3354,0

3504,8

Ադրբեջան

5574,6

4950,3

5842,8

7189,7

7393,8

7811,8

Վրաստան

2919,7

2441,0

2613,8

3219,6

3528,7

3605,2

Ըստ` World  Development Indicators database, World Bank, 16 December 2014

Նախորդ հոդվածը‘Պիկե. ««Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպումը տարվա ամենակարեւոր խաղն է»’
Հաջորդ հոդվածը‘Ստեփան Դեմիրճյան. Մեր երկրին անհրաժեշտ է ընտրված, ոչ կոռումպացված իշխանություն ‘