‘Լեւոն Զուրաբյանի հայտարարությունը՝ Տիգրան Առաքելյանի վերաբերյալ’

1051

Քիչ առաջ ԱԺ պատգամավոր Լեւոն Զուրաբյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում հանդես է եկել հայտարարությամբ՝ քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի վերաբերյալ:

Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

Սիրելի համաքաղաքացիներ,
2011 թվականի օգոստոսի 9-ից ի վեր Տիգրան Առաքելյանը գտնվում է բանտում, իսկ Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստներ Արտակ Կարապետյանը, Սարգիս Գեւորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը նույնպես կազատազրկվեն, եթե Վերաքննիչ դատարանը հաստատի առաջին ատյանի դատարանի վճիռը:
Քրեական գործը կառուցված է կեղծ ոստիկանական ցուցմունքների հիման վրա: Դատարանն անտեսել է Կոնգրեսի ակտիվիստների եւ նրանց փաստաբանի նկատմամբ կատարված ոստիկանական բռնությունները, խախտել է պաշտպանական կողմի իրավունքները, դատավարական կողմերի հավասարության սկզբունքը եւ կայացրել է ակնհայտ անարդար դատավճիռ:
Հայաստանի իշխանությունները շարունակում են անտեսել ԵԽԽՎ «Քաղաքական բանտարկյալի սահմանում» համար 1900 բանաձեւը, Տիգրան Առաքելյանին ազատ արձակելու`խորհրդարանում ներկայացված չորս խմբակցությունների, ինչպես նաեւ Հայաստանյան եւ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կոչերը:
Սեպտեմբերի 18-ին Վերաքննիչ դատարանը առանց որեւէ հիմնավորման մերժեց Ազգային Ժողովի 9 պատգամավորների, ինչպես նաեւ հարյուրից ավելի հանրաճանաչ եւ հեղինակավոր գիտնականների, մշակույթի գործիչների, բժիշկների, լրատվական միջոցների ղեկավարների եւ լրագրողների, իրավապաշտպանների եւ հասարակական գործիչների դիմումը` Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը անձնական երաշխավորությամբ փոխարինելու մասին: 
Այլեւս բոլորին էլ ակնհայտ է, որ մենք գործ ունենք ոչ թե իրավական գործընթացի, այլ հետեւողական քաղաքական հետապնդման եւ վրեժխնդրության հետ: Տիգրան Առաքելյանի ազատ արձակման` հասարակության հեղինակավոր ներկայացուցիչների միանգամայն օրինական միջնորդության մերժումը իշխանությունների կողմից ապտակ է հասարակությանը եւ բոլոր այն մարդկանց, ովքեր հանդես եկան նման միջնորդությամբ: Եթե մենք համարժեք պատասխան չտանք, ապա կարելի է արձանագրել, որ այդ ապտակը հասավ նպատակին: Հայաստանի ցանկացած իշխանություն պետք է հասկանա, որ մեր հասարակությունը այլեւս երբեք չի հանդուրժի քաղբանտարկյալների գոյությունը երկրում անկախ քաղաքական հայացքներից, եւ որ մենք բոլորս համարում ենք մեզ բանտարկված, եթե երկրում կա գոնե մեկ քաղբանտարկյալ:
Ուստի կոչ եմ անում ստեղծել Տիգրան Առաքելյանի պաշտպանության համազգային կոմիտե: Կոմիտեի անդամ է դառնում ցանկացած ոք, ով ստորագրում է հետեւյալ նախադասությունը.
ՄԵՆՔ ՃԱՆԱՉՈՒՄ ԵՆՔ ՏԻԳՐԱՆ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ԵՒ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ԱՆՀԱՊԱՂ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ ՆՐԱՆ
Ստորագրությունները խնդրում եմ հանձնել Հայ Ազգային Կոնգրեսի Կենտրոնական գրասենյակ կամ կապվել Արմեն Խաչատրյանի հետ 055 403490 համարով: Ստորագրահավաքին միացած քաղաքացիների անունները կհրապարակվեն մամուլում:

Լեւոն Զուրաբյան 
ԱԺ պատգամավոր

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանի իշխանությունները արտասահմանցի մասնագետների միջոցով լրտեսում են քաղաքական ակտիվիստներին’
Հաջորդ հոդվածը‘ՌԴ ԱԴԾ. Սիրիայում ռուսաստանցի վարձկաններ կան’