‘
ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հայտարարությունը ԱԺ-ում
Հայ ազգային կոնգրես կուսակցության անունից ցանկանում եմ նախ գոհունակությամբ արձանագրել այն իրողությունը, որ Հայաստանում թափ է առնում հիմնարար ժողովրդավարական իրավունքների համար քաղաքացիական Շարժումը: Տարատեսակ խմբեր եւ կազմակերպություններ այսօր համառ պայքար են մղում երկրում տիրող ապօրինությունների, վարչախմբի կամայականությունների դեմ՝ հանուն ժողովրդավարության, օրենքի գերակայության եւ նրա առջեւ բոլորի հավասարության, պատմամշակութային կոթողների պաշտպանության, ինչպես նաեւ սոցիալական արդարության: Մենք ողջունում ենք ե՛ւ Ազատության հրապարակում հավաքվող ազատամարտիկներին, ե՛ւ Փակ շուկայի վերակառուցման եւ ապօրինի այլ շինարարությունների դեմ ակցիաների մասնակիցներին, ե՛ւ քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի ազատության համար պայքարող քաղաքացիներին:
Մենք միշտ էլ համարել ենք, որ իշխող ռեժիմը երբեք ինքը չի գնա որեւէ փոփոխության, եւ որ առաջնընթաց կարելի է ապահովել միայն ժողովրդի հանրային ակտիվությամբ: Փորձը ցույց է տալիս, որ ռեժիմը նահանջում է միայն, երբ ժողովուրդը դուրս է գալիս հրապարակ: Դրա վառ ապացույցն էր համաքաղաքացիական պայքարը Երեւանում տրանսպորտի գների բարձրացման դեմ, որի թափը ստիպեց իշխանություններին նահանջել:
Ցավոք, վարչախումբը, առաջնորդվելով մի քանի պաշտոնյա-օլիգարխների՝ ժողովրդի հաշվին հարստանալու արտոնությունը պահպանելու մղումով, բռնաճնշումների հարվածը վերջին շրջանում ուղղել է հենց քաղաքացիական այս նախաձեռնությունների դեմ: Տեսնելով, որ ոստիկանության բռնաճնշումներն արդյունք չեն տալիս, Սերժ Սարգսյանի ռեժիմը դիմում է խաղաղ ցույցերը ճնշելու ամենաստոր մեթոդներին՝ կազմակերպելով քրեական բանդաների հարձակումներ եւ դաժան ծեծի ենթարկելով առանձին ակտիվիստների:
Օգոստոսի 22-ին Կոմիտաս 5 հասցեում նրանց կողմից ծեծի է ենթարկվել ակտիվիստ Անուշավան Գրիգորյանը, օգոստոսի 24-ին «Արարատ» հյուրանոցի մոտ հարձակումներ են տեղի ունեցել ակտիվիստներ Միհրան Մարգարյանին ու Բաբկեն Տեր—Գրիգորյանին նկատմամբ, օգոստոսի 25-ին «Հաղթանակ» կամրջի վրա հարձակվել են ակտիվիստ Միքայել Տոնոյանի վրա, սեպտեմբերի 4-ին Մաշտոցի պողոտայում ծեծի է ենթարկվել ակտիվիստ Արման Ալեքսանյանը: Սեպտեմբերի 5-ին ծեծի են ենթարկվել Հայկակ Արշամյանը և Սուրեն Սաղաթելյանը:
Այս վայրագությունները տեղի են ունենում Երեւանի կենտրոնական փողոցներում, իսկ ոստիկանության պահվածքը վկայում է, որ այն ստանձնել է ոչ թե քաղաքացիներին ավազակներից պաշտպանելու, այլ նրանց օժանդակելու դերակատարությունը:
Սթափվեք, հասկացեք, որ նման գործողություններով դուք նմանվում եք Հայիթյան տխրահռչակ բռնապետ Դյուվալյեին, որն օգտագործում էր, այսպես կոչված՝ տոնտոն-մակուտներին ժողովրդի ահաբեկման համար: Անցնելով նման ստոր մեթոդների՝ դուք ինքներդ ցույց եք տալիս, որ որպես իշխանություն՝ այլեւս սպառված եք:
‘