‘Լեւոն Զուրաբյան. Այսօր այլ իրավիճակ է ստեղծվել’

2682

Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը ծավալուն հարցազրույց է տվել NewCaucasus պարբերականին, որտեղ անդրադարձել է տարածաշրջանային խնդիրներին, Հայաստան-ԵՏՄ եւ Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետ կապված խնդիրներին։

Հարցազրույցի մի հատված՝ iLur.am-ի թարգմանությամբ, այսօր արդեն ներկայացրել ենք ձեզ:

Ստորեւ ներկայացնում ենք հարցազրույցից եւս մեկ հատված՝ «Չորրորդ Իշխանություն» թերթի թարգմանությամբ, որը լույս է տեսել թերթի այսօրվա համարում: Թերթի այսօրվա հրապարակումից մի քանի հատված՝ ստորեւ:

 

«Այն հարցին, թե ինչպես կանդրադառնա Հայաստանի անվտանգության վրա անդամակցությունը Մաքսային եւ Եվրասիական Միությանը, Լ. Զուրաբյանը պատասխանել է. «Ճիշտ կլիներ հարցը այլ կերպ ձեւակերպել. Ինչպե՞ս կանդրադառնար Հայաստանի անվտանգության վրա չանդամակցությունը ԵՏՄ-ին։

Դրան պատասխանելու համար փորձենք նախ հասկանալ, թե որն էր մեր գերնպատակը։ Իդեալում 1991թ. ի վեր (առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք) մենք Ռուսաստանի հետ զարգացնում էինք ռազմա-ստրատեգիական եւ տնտեսական համագործակցությունը, զուգահեռ զարգացնում էինք դիվանագիտական եւ տնտեսական հարաբերությունները Արեւմուտքի հետ (ԵՄ, ԱՄՆ, ԱՄՀ, ՀԲ)։ Մենք փորձում էինք ստանալ դրական այն ամենը, ինչ տալիս է անկախությունը։ Մեծ հաշվով, անկախության ամբողջ օգուտը կայանում է նրանում, որ միշտ ունենում ես ընտրության, բոլոր ուղղություններով աշխատելու հնարավորություն։ 1991թ. սա է եղել դոկտրինան եւ դա մեզ հաջողվում էր։ Ավելի ուշ էլ էր այդ դոկտրինան տեւական ժամանակ գործում (Տեր-Պետրոսյանի իշխանության փոփոխությունից հետո)։

Ցավոք սրտի, այսօր այլ իրավիճակ է ստեղծվել։ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացը հանգեցրեց աշխարհաքաղաքական բարդությունների, առաջին հերթին՝ Ուկրաինայում, Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ ըստ էության բաց առճակատում սկսվեց։ Ընդ որում, բավական սուր առճակատում, որտեղ երկու կողմերն էլ Հայաստանին ընտրության առջեւ են կանգնեցնում. լինել միայն մեկի հետ։

Երբ առճակատումը շիկացավ այդ աստիճան, հին դոկտրինան բախվեց խնդիրների եւ արտաքին քաղաքականությունում ստիպված ենք հրաժարվել «իդեալից»։ Երբ նման հակամարտության առջեւ ես կանգնում, ստացվում է, որ Հայաստանը պետք է ընտրություն կատարի։ Ընտրություն, որը մենք չենք ցանկանում կատարել։ Մենք ցանկանում ենք զարգացնել հարաբերությունները թե Ռուսաստանի, թե Արեւմուտքի հետ, այլ ոչ թե նրանց պայքարում կռվախնձոր դառնալ։ Ստեղծված  իրավիճակում, երբ սրվում են անվտանգության խնդիրները եւ Ռուսաստանը անվտանգության ոլորտում համագործակցությունը շաղկապում է տնտեսական միությանը անդամակցության հետ, Հայաստանը ստիպված է բարդ ընտրություն կատարել։ Այդ իսկ պատճառով, չլուծված ղարաբաղյան հիմնախնդրի եւ հայ-թուրքական շրջափակման պայմաններում, այլ բան, բացի Ռուսաստանի եւ ԵՏՄ-ի հետ մերձեցումից, չի մնում։ Ադրբեջանի հետ ռազմական հակամարտությունը մեր գլխին «դամոկլյան սրի» պես մշտական սպառնալիք է եւ այլ ընտրություն Հայաստանը չունի»։

 

Կայքը մեջբերում է արել Սերժ Սարգսյանի ելույթից, որը վերջինս՝ որպես ՀՀ ՊՆ նախարար, արել էր 2005թ. հոկտեմբերի 18-ին. «Եթե Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների արդյունքում հաղթի ընդդիմությունը, ապա, կարծում եմ, որ ղարաբաղյան հարցով բանակցային գործընթացը ստիպված են սկզբից սկսել» եւ հարցրել, թե չի՞ նշանակում դա արդյոք, որ ղարաբաղյան հակամարտության լուծման լծակները գտնվում են կոնկրետ քաղաքական անհատների եւ ուժեր ձեռքում, որոնք ներկա պահին իշխանություն են։

Այս հարցին Լ. Զուրաբյանը պատասխանել է.

«Այդ փաստը, այն, ինչ ներկայացրել եք, փաստացի միջազգային հանրությանն ուղղված՝ վատ քողարկված շանտաժ է։ Նույնն էլ կարելի է ասել Հայաստանի մասին։ Այսինքն, նրանք միջնորդավորված միջազգային հանրությանն ասում են. «Մենք բանակցություններ ենք վարում եւ լավ ենք վարում, պետք չէ մեզ փոխել։ Պետք չէ իշխանությունը «փոխանցել» մեր ընդդիմությանը։ Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ շանտաժ։ Սա բնորոշ էր դեռեւս Ռոբերտ Քոչարյանին։ Ե՛վ Ռ. Քոչարյանը, ե՛ւ Ս. Ա. Սարգսյանը ծագումով ղարաբաղցի են։ Եվ երկուսն էլ փորձել են եւ փորձում են միջազգային հանրությանը ապացուցել, որ հենց իրենք կարող են առավել արդյունավետ լուծել այս հակամարտությունը, այլ ոչ թե մեկ ուրիշը։

Խնդիրն այն է, որ մինչեւ 1998թ. (մինչեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը), ԵԱՀԿ Բուդապեշտի Գագաթաժողովում ընդունվել էր հակամարտության հետեւյալ ձեւաչափը. հակամարտության կողմեր են հանդիսանում երկու պետություն՝ Հայաստանն ու Ադրբեջանը, եւ մեկ ոչ պետական կողմ՝ Լեռնային Ղարաբաղը։ Եվ բանակցությունները հենց այդ ձեւաչափով էին ընթանում։ Մինսկյան խմբի բոլոր պաշտոնական առաջարկները ներկայացվում էին երեք կողմերին։

Սա որոշակի անհարմարություններ էր ստեղծում միջազգային հանրության համար։ Ադրբեջանը դեմ էր բանակցությունների նման ձեւաչափին եւ չէր ցանկանում ճանաչել Լեռնային Ղարաբաղը՝ որպես բանակցային կողմ։ Եվ երբ Ռ. Քոչարյանը դարձավ Հայաստանի նախագահ, ապա նա բանակցային գործընթացում սկսեց ներկայացնել եվ Հայաստանը, եվ՝ Լեռնային Ղարաբաղը։ Ու ստացվեց, որ միջազգային հանրության համար այդ առումով նա որոշակի արժեք է իրենից ներկայացնում՝ թույլատրելով Ադրբեջանին իր համար շատ հարմար՝ Հայաստան-Ադրբեջան երկկողմանի ձեւաչափով բանակցություններ վարել։ Նույնն էլ Սերժ Սարգսյանը առաջարկեց։ Նրանց ուղերձը միջազգային հանրությանը հետեւյալն էր. «Մենք կարող ենք միաժամանակ բանակցություններ վարել եւ Հայաստանի, եւ Լեռնային Ղարաբաղի անունից։ Մենք հարմար մարդիկ ենք։ Քանի դեռ մենք ենք իշխանության գլխին, բանակցությունները նորմալ են ընթանում»:

Լեւոն Զուրաբյանի հարցազրույցի հայերեն՝ առավել ծավալուն տարբերակը կարդացեք ՉԻ-ի այսօրվա համարում:

Նախորդ հոդվածը‘Շաբաթվա անցուդարձ. Ամփոփում ‘
Հաջորդ հոդվածը‘Անգլիայի պրեմիեր լիգա. Խաղեր, որոնք չարժե բաց թողնել’