‘Լեւոն Զուրաբյան. Բյուջեի նախագծում գրված բառերը որեւէ արժեք չունեն ‘

1222

ԱԺ-ում մեկնարկել են 2015 թվականի պետբյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը մի քանի հարց ուղղեց նախագիծը ներկայացնող ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին:

«Ուսումնասիրում ենք ներկայացված բյուջեի ծախսերը եւ տեսնում ենք, որ նախորդ տարվա համեմատությամբ՝ 52 մլդ-ով աճել են, որոնցից 41 մլդ-ը՝ աշխատավարձի գծով, 5-6 միլիարդը՝ էներգետիկ ծախսումներն են, ու շատ քիչ գումար է մնում կապիտալ զարգացման ուղղության համար: Ընդհանրապես, այս պատկերը որ նայում ենք, տեսնում ենք, որ 2011թ-ից սկսած՝ ներդումներ-ՀՆԱ հարաբերակցությունը 27,3 տոկոսից ընկել է մինչև 20,5 տոկոս, և հարց է ծագում. ստացվում է, որ դուք աշխատավարձները բարձրացնում եք, բայց գնալով՝ իջեցնում եք զարգացման ծախսերը: Ես հարց եմ տալիս, թե աշխատավարձները ո՞նց են մեծացնում, եթե զարգացման ծախսերը տարեցտարի փոքրանում են, և արդյոք սա չի՞ նշանակում, որ երկիրը փաստորեն ապրում է ապագայի հաշվին: Սա մեկ, և այդ սերիայից մեկ այլ հարց՝ սկզբից նախատեսված էր 5, 2% տոկոս աճ, հետո դարձավ 3,3% տոկոս աճ: Ձեր կանխատեսումները. այսինքն, դուք կանխատեսում եք, որ ավելի քիչ եք հավաքելու եկամուտներ: Բայց պարզվում է, որ 9 ամսվա կտրվածքով արդեն համարյա 100 տոկոսով կատարված են հավաքման պլանները, սա մի քիչ հակասության մեջ է, և հասկանանք, եթե եկամուտները ընկնում են, ո՞նց եք կարողանում նորից հավաքել հայտարարագրված այդ գումարները, և դա նույնպես արդյո՞ք չի արվում երկրի ապագայի հաշվին: Մենք նաև կարող ենք նման եզրակացության հանգել, եթե ուսումնասիրենք, թե գերավճարները ինչպես են աճել 2008թ-ից. 88 միլիարդ դրամից հիմա՝ հոկտեմբերի տվյալներով, դարձել է 142 միլիարդ դրամ: Սա էլ բացատրեք, սա ի՞նչ է նշանակում, և արդյո՞ք չի ստացվում, որ դուք՝ այս կառավարությունը, երկիրը պահում է, կոպիտ ասած՝ ապագայի հաշվին: Եվ մեկ այլ հարց՝ մեզ դիմել են Ադրբեջանից եկած փախստականները, ովքեր մատնանշում են ձեր այս ներկայացրած բյուջեում այսպիսի տող. «Գործնական քայլեր կիրականացվեն 88-92 թվականից Ադրբեջանից բռնագաղթած առավել կարիքավոր փախստականների բնակարանային հիմնախնդրի լուծման ուղղությամբ»: Հիմա նայում ենք ՝գործնական քայլերը որո՞նք են, և տեսնում ենք, որ փախստականների կեցության խնդիրների լուծման միջոցառումների համար նախատեսվում է 22 միլիոն դրամ: Քանի՞ բնակարան եք դուք այդ գումարով ապահովելու փախստականների համար»,- նշեց Լեւոն Զուրաբյանը:

Նրա խոսքով, այս մոտեցումները ցույց են տալիս, որ կառավարությունը չունի կոնցեպցիա, որ սա իրականում ժամանակավոր կառավարություն է, որը միայն մտածում է օրվա հարցերը ինչ- որ չափով լուծելու, իշխանությունը պահելու մասին: Այլ բան, ըստ նրա, եզրակացնել հնարավոր չէ, որովհետև չկա զարգացման կոնցեպցիա և խնդրի լուծման հայեցակարգ: «կարծես թե դուք պիրամիդալ մի սխեմայի մեջ լինեք , որը ինչ-որ մի պահի տրաքելու է: Սա՝ առաջինը: Եվ երկրորդը, ես հենց էնպես չկարդացի փախստականների հետ կապված խնդիրը, այլ այն պատճառով, որ ցույց տամ այս ապացույցը, որ իրականում այն տողերը, այն բառերը, որոնք գրված են բյուջեի նախագծում, որևէ արժեք  չունեն: Որովհետև եթե դուք գրում եք «գործուն» քայլերի մասին, և այդ «գործուն քայլերը» նշանակում են ընդամենը  22 միլիոն դրամ, դա նշանակում է, որ դա սուտ է, խաբեություն»:

Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն, ըստ էության, բարձրացված հարցերի վերաբերյալ բովանդակային պատասխան չտվեց՝ ընդամենը հաստատելով, որ բյուջետային ծախսերը պետք է ավելացնել : «Այդ ուղղությամբ մենք մտածում ենք»,- ասաց Խաչատրյանը:   

Նախորդ հոդվածը‘Պուտինն անհրաժեշտություն է համարում ՄՄ բոլոր երկրներում ինտերնետ-առևտրի հարկերի սինխրոնացումը’
Հաջորդ հոդվածը‘Հետախուզվում է դեղատնից հիգիենայի պարագաներ հափշտակողը (տեսանյութ)’