‘Լեւոն Զուրաբյան. Գազային համաձայնագրերը պետական դավաճանությանը հավասար գործարքներ են. Տեսանյութ’

1755

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը այսօր մեկնարկած ԱԺ արտահերթ նիստում գազային համաձայնագրերը որակել է պետական դավաճանությանը հավասար գործարք: Զուրաբյանը, դիմելով նախարարին՝ նշեց, որ պահանջում է ուղիղ հարցերին ուղիղ պատասխաններ տալ: «Ինչո՞ւ եք համաձայնվել  գնել ավելի թանկ գազ, փաստորեն՝ համաձայնվել եք ավելի մեծ ծախեր կատարել, քան նախատեսված էր 2011, 2012, 2013 թվականների բյուջեի մասին օրենքներով: Ինչո՞ւ եք խախտել Սահամանադրությունը, ինչո՞վ կարող եք արդարացնել պետական դավաճանության հավասարվող այս համաձայնությունը»,- հարցրեց Զուրաբյանը:

Նա նաեւ հավելեց, որ կառավարության ներկայացրած համաձայնագրերում ասվում է, որ հայկական կողմը ապահովում է ՀայՌուսգազարդ ընկերության էլեկտրական էներգիա արտադրող հզորությունների առավելագույն հնարավոր բեռնման ապահովմանն ուղղված միջոցառման համալիրի իրականացումը՝ սեղմ ժամկետներում: «Մենք բոլորս գիտենք, որ սա ամենաթանկ էներգիան է, որը գազով է արտադրվում: Մենք հիմա պետք է զոհաբերե՞նք ավելի խնայողական էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ հանուն Գազպրոմի շահերի: Եթե վաղը ավելի էժան գազի գնի շուրջ պայմանավորվածություն ձեռք բերվի, բայց բաշխիչ ցանցերը գտնվում են Գազապրոմի ձեռքերում, մենք այդ գազը ո՞նց ենք հասցնելու մեր սպառողներին: Ինչո՞ւ է այս գործարքը կատարվել՝ ոտնահարվելով բոլոր օրենքները, սա ի՞նչ գործարք է, սա ի՞նչ արտոնություն է, որը տրվում է Գազպրոմին եւ կառավարությանը»,- հարցրեց Զուրաբյանը:

Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը, բնականաբար, հայտարարեց, թե որեւէ օրենք կառավարությունը չի խախտել, համաձայնագրերով որեւէ պարտավորություն չի նախատեսվում թանկ էներգիան ներքին շուկայում իրացնելու համար, այլ նշվում է, թե  հնարավորության դեպքում կապահովենք արտահանումը, որպեսզի նրանք օգտվեն իրենց արտոնություններից: Ավելի էժան գազի վերաբերյալ Մովսիսյանը ասաց, թե եթե մենք ունենանք ավելի էժան գազ, ապա նրանք (ռուսական կողմը) պարտավոր են իրենց համապատասխան մարժան ստանալով՝ այդ գազը տեղափոխել Հայաստան:

Արձագանքելով նախարարին՝ Զուրաբյանը նշեց, թե այդ դեպքում ինչո՞ւ ավելի էժան գազի վերաբերյալ վերջինիս պնդումը արտահայտված չէ այս համաձայնագրում: «Այստեղ հիմնականում Հայաստանի պարտավորությունների եւ Գազպրոմին տրված արտոնությունների ցուցակ է, նման հիշատակում այս փաստաթղթում չկա»,- նշեց Զուրաբյանը:

Նա, դիմելով Մովսիսյանին, նաեւ հավելեց, որ վերջինս, իհարկե, կարող է 7 անգամ կրկնել, որ որեւէ օրենք չեն խախտել, բայց քանի որ հակառակը պնդողները փաստարկված են խոսում, ապա ինքն էլ պետք է ոչ թե ուղղակի ասի, թե օրենք չեն խախտել, այլ հիմնավորի այդ պնդումները:

 

Նախորդ հոդվածը‘Նաիրա Զոհրաբյան. Վաղը Տիմոշենկոյի ճակատագիրը սպառնում է նաեւ ՀՀ կառավարությանը. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Նույն խմբում հայտնված Հայաստանի և Ադրբեջանի մինչև 19 տարեկանների հավաքականները չեն հանդիպի’