‘Լեւոն Զուրաբյան. Երեւանի ավագանու ընտրությունները վերածել իշխանափոխության պայքարի’

2988

iLur.am-ի հետ զրույցում ասում է ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հետ:

-Պարոն Զուրաբյան, ի՞նչ փուլում է գտնվում Հայ Ազգային Կոնգրես կուսակցության կազմավորումը:

— Շարժման վերակազմավորումը Հայ Ազգային Կոնգրես կուսակցության հասել է հետեւյալ փուլին. այսօր նոր ստեղծվելիք կուսակցությանը ցանկություն են հայտնել միանալ ՀՀՇ-ն, Հայոց հայրենիք կուսակցությունը, Ժողովրդի իշխանություն հասարակական-քաղաքական նախաձեռնությունը, տարբեր կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների (ինչպիսիք են, օրինակ՝ «Հիմա», «Հայաստանն առանց քաղբանտարկյալների», Freedom Manifest, եւ այլն), բազմաթիվ ներկայացուցիչներ, ինչպես նաեւ՝ հազարավոր անկուսակցականներ: Ապրիլի 13-ին կկայանա Հայ Ազգային Կոնգրես կուսակցության հիմնադիր համագումարը: Մենք պայմանավորվել ենք ՀՀՇ-ի հետ եւ դա արտահայտված է նաեւ նրանց վերջին համագումարի որոշման մեջ. հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀՇ-ն մեծ ու ճյուղավորված կուսակցություն է, պատվիրակների ուղիղ կեսը կներկայացնի ՀՀՇ-ն, մյուս կեսը՝ նախաձեռնող խումբը՝ ներառելով բոլոր անկուսակցականներին, այլ կուսակցականների ու հասարակական կազմակերպությունների, նախաձեռնությունների ներկայացուցիչներին, ովքեր դիմել են ընդունվելու նոր կուսակցության մեջ: Ահա այդ հենքի վրա նոր ստեղծվելիք կուսակցությունը կընդունի ծրագիր, կանոնադրություն, կընտրի ղեկավար մարմիններ: Արդյունքում, մենք կունենանք հզորագույն քաղաքական գործոն, որը կապահովի իր մշտական ներկայությունը ՀՀ քաղաքական կյանքում, վստահ եմ՝ շատ արագ կդառնա նաեւ քաղաքական գործընթացները տանող առանցքային ուժը եւ կկարողանա իշխանությունը վերադարձնել ժողովրդին:

— Կարծում եք՝ ՀԱԿ-ը, որպես կուսակցություն, կունենա՞ նույն ուժը, ինչ ՀԱԿ կուսակցությունների դաշինքը:

— Միգուցե ավելին: Իհարկե, շարժումներն իրենց առավելությունն ունեն, որ դրանց մեջ ներգրավված են քանակապես ավելի շատ մարդիկ, բայց մյուս կողմից պակասում է կարգապահությունը, պակասում են որոշում ընդունելու էֆեկտիվ մեխանիզմները, պակասում է դժվար պայմաններում արագորեն, արդյունավետ, համակարգված գործելու կարողությունը: Փորձը ցույց է տալիս, որ Հայաստանյան այս բռնապետության պայմաններում Շարժման մասսայականությունն ու դեմոկրատական բնույթը դեռ բավարար չեն դրված նպատակաները իրագործելու համար: Պահպանելով այս ամենը, մեզ օդի նման անհրաժեշտ է Շարժման մասնակիցների անմիջական մասնակցությունը օրակարգի ձեւավորման, որակյալ քննարկումների եւ որոշումների ընդունման մեխանիզմներ, ինչպես նաեւ՝ կազմակերպական այնպիսի կառույց, որը թույլ կտա արագորեն կյանքի կոչել ընդունված որոշումները:

— Իսկ ին՞չ են անելու ՀԱԿ դաշինքի անդամ մյուս առանցքային կուսակցությունները, մասնավորապես, ՀԺԿ-ն ու ՍԴՀԿ-ն, որոնք դաշինքի մաս չեն կազմելու: Արդյո՞ք նրանց հետ շարունակվելու է համագործակցությունը, թե՞ ոչ:

— Եւ ՀԺԿ-ի, եւ ՍԴՀԿ-ի հետ պահպանում ենք փայլուն, դաշնակցային հարաբերություններ եւ շարունակում ենք դիտարկել այս կուսակցությունների հետ մեր հավաքականությունը որպես միասնական թիմ, որի արտահայտությունն է ՀԱԿ խմբակցությունը խորհրդարանում:

— Փաստորեն, ՀԱԿ հիմնադիր համագումարը տեղի է ունենալու ապրիլին: Սակայն մինչ այդ քաղաքական ակտիվ գործընթացներ են լինելու, մասնավորապես՝ մարտի 11-25-ը Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցել ցանկացող կուսակցությունները պետք է ԿԸՀ ներկայացնեն իրենց ընտրական ցուցակները: Հիմա, երբ ՀԱԿ-ը զբաղված է լինելու ներքին, կազմակերպչական խնդիրներով, ի՞նչ դիրքորոշում է ցուցաբերելու այս գործընթացների հանդեպ, մասնավորապես՝ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելո՞ւ է, թե ոչ:

— Եթե հիշում եք՝ 2009թ. մենք Երեւանի ավագանու ընտրությունները վերածեցինք իշխանափոխության պայքարի: Գաղափարը հետեւյալն էր՝ եթե կարողանում ենք Սերժ Սարգսյանից խլել քաղաքապետարանը, դրանով նա էապես թուլանում է եւ բացվում են ժողովրդավարության համար հեռանկարները, մեծանում են հնարավորությունները՝ ժողովրդի ճնշմամբ իշխանափոխություն անելու համար: Կոնկրետ այդ առումով իրավիճակը ոչնչով չի տարբերվում 2009 թվականից, եւ Հայաստանի ռեժիմի դեմ ընդվզած կամ նրա քաղաքական մենաշնորհի վերացման համար պայքարող քաղաքական ուժերը վստահաբար կարող են դնել նույն նպատակը: Եթե հաջողվի քաղաքապետարանը խլել Սերժ Սարգսյանից, ուրեմն, իմացեք, որ այսօրվա գերլարված իրավիճակում սա կլինի լրջագույն հաղթանակ ռեժիմի նկատմամբ: Դրա համար անհրաժեշտ է, որ առաջատար քաղաքական ուժերը, որոնք շահագրռված են Ս.Սարգսյանի բռնապետական մենաշնորհային իշխանության վերացմամբ, պետք է համագործակցեն հանուն այդ նպատակի: Իհարկե, իդեալական կլիներ չորս հիմնական ուժերի՝ ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի, Ժառանգության եւ ՀՅԴ-ի միավորումը միասնական ցուցակում: Եվ մենք առաջինն արեցինք նման առաջարկ: Մենք պատրաստակամություն ենք հայտնել գնալու ցանկացած զիջման, միայն թե՝ միասնականությունը կայանա: Մենք որեւէ խնդիր չունենք, որ փորձ է արվել եռակողմ հանդիպմամբ՝ ԲՀԿ, Ժառանգություն եւ ՀՅԴ, առաջընթաց կատարել այդ հարցում: Մեզ համար նման համախմբման մեջ կարեւորը ոչ թե մեր դիրքերն են, այլ՝ համախմբման կայացումը: Մենք նաեւ հասկանում ենք, որ այդ խնդիրը միգուցե նաեւ իրատեսական չէ, եւ անկախ մեր պատրաստակամությունից հնարավորություն չլինի հասնել չորս ուժերի համախմբմանը միասնական ցուցակում: Բայց դա որեւէ կերպ չպետք է անդրադառնա մեր հռչակված նպատակի վրա. քաղաքապետարանը, որպես առաջին էտապ, վերադարձնել ժողովրդին: Դա կարելի է իրականացնել նաեւ հետեւյալ կերպ՝ բոլոր չորս կուսակցությունները մասնակցում են այս ընտրություններին թեկուզ եւ՝ առանձին, բայց պայմանավորվում են երեք կետի շուրջ:

1. Քննադատության միակ թիրախը լինելու է գործող իշխանությունը, եւ բացառվում է փոխադարձ քննադատությունը ընդդիմադիր ուժերի միջեւ:

2. Պայմանավորվում ենք, որ համատեղելով ջանքերը, փորձելու ենք ապահովել ընտրական գործընթացի օրինականությունը: Այդ առումով մեծ հնարավորություններ կան՝ ամեն տեղամասում կլինի հանձնաժողովի չորս անդամ, գումարած՝ վստահված անձինք: Կուսակցությունների ռեսուրսների կենտրոնացումը Երեւանում թույլ կտա էֆեկտիվ վերահսկողություն իրականացնել:

3. Պայմանավորվում ենք ընտրություններից հետո ստեղծել կոալիցիա, որը թույլ կտա չորս ուժերին ձեւավորել քաղաքապետական իշխանություն:

Եթե միասնական ցուցակի կազմավորումն իսկապես անիրագործելի է, դրանից  ողբերգություն չպիտի սարքել: Այս երեք նպատակների շուրջ միավորումը իրատեսական եմ համարում: Սա էական բեկում կմտցնի Հայաստանում լեգիտիմ իշխանության ձեւավորման պայքարում:

— Իսկ ՀԱԿ-ը ինչպ՞ես է մասնակցելու ավագանու ընտրություններին:

— Կոնկրետ ՀԱԿ-ի համար դժվար է լինել զուգահեռաբար եւ այս տրանսֆորմացիոն գործընթացների մեջ, եւ մասնակցել ավագանու ընտրություններին: Բայց մենք պատրաստ ենք ուժերի եւ կազմակերպական ռեսուրսների լարումով դա անել, որովհետեւ տեսնում ենք այդ ընտրություններում ճեղքման լուրջ շանս: Իհարկե, շատ լավ կլիներ, եթե մենք կարողանայինք ձեւավորել կուսակցությունը, հետո նոր մասնակցել ընտրություններին, բայց ունենք այն, ինչ ունենք` այդ ժամանակը մեզ տրված չէ, քաղաքական գործընթացները թելադրում են ակտիվ մասնակցություն, եւ ուրեմն՝ մենք պետք է համատեղենք այս գործընթացները՝ ՀԱԿ կուսակցության ձեւավորումն ու ընտրություններում հաղթանակի ակնկալիքով ընտրություններին մասնակցելը: Մենք հիմա զբաղված ենք ընտրացուցակի կազմմամբ:

— ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն տարբեր պատճառաբանություններով չմասնակցեցին նախագահի ընտրություններին: ՀԱԿ-ի պատճառաբանություններից մեկն էլ ընտրակեղծիքների մեխանիզմի առկայությունն է, որն անհնարին է դարձնում հաղթանակն այդ ընտրություններում: Հիմա, սակայն, այս երեք ուժերը ցանկանում են մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին. ինչ է փոխվել այս ընթացքում. նախագահի ընտրությունների արդյունքներով Երեւանի մի շարք ընտրատեղամասերում իշխանական թեկնածուի պարտություննե՞րն են ստիպել գնալ այդ քայլին, թե՞ կան այլ գործոններ:

-Փոխվել է շատ պարզ բան. իշխանությունների հնարավորությունները՝ կեղծել ընտրությունները ՀՀ մասշտաբով մի քանի անգամ ավելի մեծ են, քան կեղծել ընտրությունները Երեւանի մասշտաբով: Այն վիճակում որեւէ շանս չկար, եւ դեպքերի զարգացումը ցույց տվեց դա: Այս իրավիճակում տեսնում ենք շանս. եթե հնարավոր է Երեւանում արձանագրել հաջողություն, եւ դադարեցնել ռեժիմի իշխանությունը Երեւանի քաղաքապետարանում, ուրեմն՝ մեծ գործ արած կլինենք: Սա նաեւ կապված է պարզ հաշվարկների հետ. Նախագահական ընտրություններում կարեւոր էր միասնական թեկնածուի առաջադրումը, որը կարող էր համախմբել բոլոր քաղաքական ուժերի ջանքերը, բայց նման թեկանծուի շուրջ դժվար էր գալ համաձայնության: Երեւանի ավագանու ընտրություններում, որտեղ մրցակցությունը համամասնական սկզբունքով է, միասնական ցուցակի անհրաժեշտությունն ավելի քիչ է զգացվում. այստեղ հնարավոր է մրցակցելով օգնել իրար:

Արման Գալոյան

Նախորդ հոդվածը‘Արմեն Ռուստամյան. ԲՀԿ-ն ուզում էր, որ իր թեկնածուն գլխավորի ցուցակը, «Ժառանգությունն» ուզում էր՝ իր թեկնածուն գլխավորի ‘
Հաջորդ հոդվածը‘Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը այցելել են Րաֆֆի Հովհաննիսյանին (Տեսանյութ)’