‘
Հրազդանում կայացած երեք քաղաքական ուժերի հանրահավաքում քիչ առաջ ելույթ ունեցավ Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը: Նա իր ելույթում նշեց, որ շատ բան կարելի է ասել երկրում ստեղծված իրավիճակի մասին, բայց ինքը կսահմանափակվի բերելով ընդամենը երկու թիվ, հասկանալու համար, թե ինչ է կատարվում երկրում: Նրա խոսքով՝ երկու թիվ, որոնք հնարավոր չէ կեղծել:
«1. մեր «փառապանծ նախագահ» Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ, համաձայն պաշտոնական տվյալների, երկրից դուրս է եկել 250 հազար մարդ: Որպեսզի հասկանանք՝ սա ինչ թիվ է, նշենք, որ սա մեր բնակչության 10 տոկոսից ավելին է: 1988-ի Սպիտակի երկրաշարժի հետեւանքով Հայաստանը կորցրեց 25 հազար մարդ: Սերժ Սարգսյանի պաշտոնավարման արդյունքը այս պահին հավասար է տասը սպիտակյան երկրաշարժի:
Նույն այդ պաշտոնավարման ժամանակ, համաձայն համաշխարհային բանկի զեկույցի, այս փոքրիկ երկրից միայն 6 մլրդ դոլար ապօրինի փող է դուրս եկել:
Հասկանո՞ւմ եք՝ ինչ գումարներ են բյուջեից կողոպտել՝ արտասահմանում իրենց հարստությունը դիզելու համար: Այդ գումարով այդ տարիներին Հայաստանը կարելի էր դարձնել ծաղկող երկիր: Հիմա հարց, լավ, 250 հազար մարդ թողնում-փախչում է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ, այդ ինչի՞ց են փախչում, սա ի՞նչ աղետ է՝ սա մոնղոլ-թաթարական արշավա՞նք է, պատերա՞զմ է, ի՞նչ է եղել, ինչ-որ բնական աղետնե՞ր են: Հայաստանի պատմության մեջ երբեք խաղաղության պայմաններում հայ ժողովուրդը Հայաստանից չի փախել: Մերկապարանոց չլինելու համար բերեմ մի քանի թվեր:
Հայաստանից բնակչությունը գնացել է առաջին համաշխարհային պատերազմի եւ այդ օրերին կատարված Ցեղասպանության հետեւանքով, հետո, երբ խաղաղություն հաստատվեց, թեկուզ եւ խորհրդային կարգեր էին, բնակչությունը աճեց: Հետո պակասեց երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, դրանից հետո նորից ժողովուրդը սկսեց բազմանալ: Եւ երրորդ անգամ Հայաստանի բնակչությունը պակասել է Ղարաբաղյան պատերազմի ժամանակ: Հասկանալի է, երբ պատերազմում ես քեզանից ռեսուրսներով երկու անգամ ուժեղ հակառակորդի հետ, կլինեն մարդիկ, որ կթողնեն-կգնան: Բայց արդեն խաղաղության հաստատումից հետո, 95-ից սկսած՝ արդեն դադարեց այդ արտահոսքը: Եւ ահա, նորից Հայաստանից փախչում է ժողովուրդը: 2008-ից սկսած՝ տարեկան 41 հազար մարդ փախչում է Հայաստանից:
Սրա բացատրությունը ունե՞ք վերջապես:
Ժողովուրդը փախչում է մենաշնորհներից, թալանից, կրիմինալից, ծախված դատարաններից, իշխանությունների ստախոսություններից: Դրանց երեսպաշտությանը նայեք, ասում են՝ սահմանադրությունը փոփոխենք: Տո ի՞նչ Սահմանադրություն փոփոխել, եթե քո Սահմանադրությունը Լիսկան է:
Մի այսպիսի կարգախոս կար ժամանակին, որ ասում էին՝ մենք բոլորս Հրանտ Դինք ենք: Լիսկայի նշանակումից հետո՝ Սերժ Սարգսյանն էլ, Հովիկ Աբրահամյանն էլ, իշխանական ամբողջ վերնախավն էլ հանդես են գալիս մի կարգախոսի տակ՝ մենք բոլորս Լիսկա ենք: Սերժ Սարգսյանն ասում է՝ չէ, դու չես Լիսկան, Սուրիկ Խաչատրյան, Լիսկան ես եմ, Հովիկ Աբրահամյանն ասում է, չէ՝ Լիսկան ես եմ:
Եւ սրանով միայն մեկ բան են ասում իրականում, որ իրենք շատ թույլ ու սպառված են:
Այս մարզպետը, որ այսօր հավաքել է գյուղապետերին, հրամայել, որ գնան ու վախեցնեն իրենց գյուղացիներին, իրենք էլ եկել են առավոտից այստեղ՝ ման են գալիս, տեսնեն, թե ով է եկել, որ հետո պատժեն: Նրանց մի բան եմ ուզում ասել՝ դուք է՞լ եք ուզում Լիսկա դառնալ, նրա պես պիղծ հանցագո՞րծ, դա՞ է ձեր առաքելությունը, դրանո՞վ եք ապրելու, դրանո՞վ եք հպարտանալու ձեր թոռների առջեւ:
Ռեժիմը սպառված է, շնորհավորում եմ ձեզ: Երեկվա հանրահավաքից հետո այն սարսափած է, հասկանում է՝ ինչ ալիք է բարձրանում եւ ինչ կուլմինացիայի է հասնելու:
Փայլուն է, շատ լավն է ընթացքը, իմացեք՝ սա պատմական շանս է: 7 տարի Կոնգրեսը մենակ պայքարեց Հայաստանում ժողովրդավարություն հաստատելու համար, հետո որոշ ժամանակ «Ժառանգությունը» մենակ պայքարեց ժողովրդավարության հասնելու համար: Հիմա եկել է պահը, երբ որ բոլորը միավորված են եւ ձեզ մենակ չեն թողնելու, այսօր երկրի հիմնական ազդեցիկ ուժերը վերջապես միավորված են: Եթե այս պատմական պահը բաց թողնենք, այ, մե՛նք արդեն բան չենք ունենա հպարտանալու մեր թոռների առաջ: Ուրեմն, առաջ դեպի հաղթանակ, և Սերժի՛կ, հեռացիր»:
‘