‘
Ժողովուրդը ատելի ռեժիմից կարող է ազատվել հարյուր հազարներով փողոց դուրս գալու դեպքում, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
«Մենք պալատական հեղաշրջումների մասնագետներ չենք, ոչ էլ ահաբեկիչներ, եւ չենք համարում, որ նման մեթոդներով հնարավոր է իշխանափոխություն կատարել: [Պալատական հեղափոխությունը] չի փոխում ռեժիմի բնույթը, այն փոխվում է միայն համաժողովրդական ապստամբությամբ, նկատի ունեմ ոչ բռնությունները, այլ հարյուրհազարավոր մարդիկ դուրս են գալիս փողոց, երբ նրանք տեսնում են իմաստալից քաղաքական գործընթաց», — ասաց նա:
Զուրաբյանի խոսքով, նման գործընթաց եղավ 2008-ին, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը թվականին մտավ քաղաքական պայքարի մեջ, նույն բանը եղավ 2011-ի գարնանը, երբ հանրահավաքները լուրջ արդյունքներ տվեցին: Մյուս նման գործընթացը, ըստ նրա, կապված էր նրա հետ, որ ժողովուրդը հավատաց, որ ԲՀԿ-ի հետ համագործակցությամբ եւ ռեսուրսների համադրումով հնարավոր է երկրում իշխանափոխություն անել:
«Ասածս այն է, որ պետք է լինի մի գործընթաց, որը ժողովրդին հույս է ներշնչում և կարող է ժողովրդին հանել փողոց», — ասաց նա:
Պատգամավորի խոսքով, ներկայումս նշմարվում է նման մի գործըթնաց, որը կապված է Սերժ Սարգսյանի՝ իր իշխանությունը հավերժացնելու նպատակով նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների հետ: Նա վստահություն հայտնեց, որ իմաստալից քաղաքական գործընթացը կկառուցվի բոլոր շահագրգիռ ուժերի հետ միասնաբար:
«Ես չեմ բացառում, որ սոցիալ-տնտեսական կտրուկ անկումը, ոը տեղի է ունենում երկրում, եւ իշխանությունների անմեղսունակությունը, ավելի շուտ մի գործընթաց կառաջացնի, որից հետո մարդիկ դուրս կգան փողոց»,- եզրափակեց Լևոն Զուրաբյանը:
Խոսելով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ հերթական աղմկոտ դեպքի մասին, որի հետեւանքով երկու երիտասարդ ծանր վնասվածքներ են ստացել, Զուրաբյանն ասաց.
«Երբ որ բոլոր այս մեղադրանքներից, բռնություններից հետո Սուրիկ Խաչատրյանը նշանակվեց Սյունիքի մարզպետ՝ դրանով Հայաստանի ամբողջ իշխանությունը որդեգրեց հետեւյալ կարգախոսը՝ «Մենք բոլորս Լիսկա ենք»: Իրենք այդ դաջվածքը կպցրել են իրենց ճակատներին»,- ասաց Լևոն Զուրաբյանը:
‘