‘Լեւոն Զուրաբյան. Իշխանությունները կրկին ձախողեցին (տեսանյութ)’

1397

Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանն ու Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանը ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Հայդի Թալիավինիին տեղեկացրել են, որ այսօր նախագահական ընտրությունների ընթացքում մարդկանց անձնագրերից կրկին անհետանում է ԿԸՀ-ի կնիքը, փոխանցում է epress.am-ը:

«Եթե հիշում եք, ընդունվել էր մի, այսպես ասած, օրենքի հիմնադրույթ, որը թույլ էր տալիս կանխել բազմակի քվեարկությունը: Գաղափարն այն է, որ անձնագրերի մեջ պետք է դնել դրոշմակնիք, որը թույլ չէր տա անձնագրի տիրոջը նորից քվեարկել: Անցյալ ընտրություններում դա մեծագույն խնդիր դարձավ, որովհետև պարզվեց, որ հակառակ օրենքի այն պահանջի, որ ներկը 12 ժամից ավել պետք է մնար, թանաքը ցնդում էր 15-20 րոպեի ընթացքում: Դա այնպիսի մի խնդիր էր, որ հասավ մինչև ՍԴ, դարձավ լրջագույն քննարկումների առարկա, դրա մասին խոսվեց ԵԱՀԿ դիտորդական առաքելության վերջնական զեկույցի մեջ: Թվում էր՝ այդքան աղմուկից հետո այդքան պահանջներից հետո, որ ներկայացվել էին ԿԸՀ-ին, այդ խնդիրը պետք է որ կարգավորված լիներ, բայց հիմա պարզվում է, որ այդ նույն դրոշմակնիքը, որը, թվում էր, ավելի կայուն է, շատ պարզ հինգ րոպեում կարելի է մաքրել սպիրտային հեղուկով, թաց անձեռոցիկներով: Շատ հանգիստ մաքրվում են, և այդ անձնագրերը պատրաստ են նորից օգտագործման համար», – հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Լևոն Զուրաբյանը:

ՀԱԿ համակարգողի խոսքով՝ ԵԱՀԿ դիտորդական առաքելությունում կնիքների խնդրի մասին արդեն տեղեկացված էին:

Լևոն Զուրաբյանն ասել է, որ արդեն արձանագրված մի իրողություն է, որ իշխանություները, փաստորեն, կրկին ձախողեցին միակ այն երաշխիքը, որը կար բազմակի քվեարկության դեմ:

«Սրանից մենք արդեն կարող ենք եզրակացություն անել, թե այս բոլոր գործողությունները ինչպես խորհրդարանական ընտրություններում նաև հիմա, չեն կարող պատահական լինել»,- հավելել է Զուրաբյանը:

Նախորդ հոդվածը‘Կիպրոսի Աջ ուժերի թեկնածուն հաղթել է նախագահական ընտրությունների առաջին փուլում’
Հաջորդ հոդվածը‘Քաղաքացին պատրաստ է դատարանում վկայություն տալ, որ ընտրակաշառք բաժանելու ականատես է եղել (լուսանկարներ)’