‘Լեւոն Զուրաբյան. Հակամարտող երկրների իշխանությունները պետք է զերծ մնան ապակառուցողական հայտարարություններից ‘

967

Ինչպես տեղեկացրել է iLur.am-ը, Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ նստաշրջանում մեկնարկել է ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման, Բաքվում նրան ներում շնորհելու  հարցով քննարկումը: Ներկայացնում ենք ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի ելույթը քննարկման վերաբերյալ:

Հարգելի նախագահ, Խորհրդարանական վեհաժողովի հարգարժան անդամներ,

Ես կցանկանայի խնդիրը դիտարկել ղարաբաղյան հակամարտության շուրջ ադրբեջանցիների և հայերի որդեգրած բարոյական և պատմական հիմնավորումներից դուրս:

Ես չեմ պատրաստվում քննարկել, թե արդյո՞ք որեւէ ազգի կողմից դատապարտված մարդասպանի փառաբանումը կարող է ընդունելի լինել, կամ արդյոք փակուղում հայտնված բանակցությունները կարո՞ղ են հանդիսանալ որպես դաժան բռնության արդարացում, թե` ոչ:

Համոզված եմ, որ նման հարցերի պատասխանները պարզ ու հստակ են այս լսարանի մեծամասնության համար:

Ստեղծված իրավիճակում ամենամտահոգիչը հայ և ադրբեջանցի ժողովուրդների ճակատագիրը, Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը և նման խոշոր տարածաշրջանում կայունության պահպանման հեռանկարն են:

1994 թ. մայիսին ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև հրադադար կնքվեց: Այդ ժամանակից ի վեր ԵԱՀԿ, այսպես կոչված, Մինսկի խմբի գործունեությունն ուղղված է եղել հակամարտության լուծման կայուն ուղիների որոնմանը, ինչպես նաեւ՝ հայ և ադրբեջանցի ազգերի միջեւ հարատեւ խաղաղության հաստատելուն:

Ինչքան էլ դա դժվար, երբեմն նաև քիչ հուսադրող թվա, բանակցությունները տարածաշրջանային լայնածավալ եւ ավերիչ պատերազմի միակ այլընտրանքն են:

Եկեք հստակ գիտակցենք իրականությունը. Ադրբեջանի գործողությունները (ավելի փոքր չափով նաեւ՝ Հունգարիայի, որը նպաստեց մարդասպանի արտահանձնմանը և ապա հերոսացմանը) լուրջ հարված հասցրին բանակցային գործընթացին եւ վտանգեցին մոտ ապագայում կողմերի միջեւ վստահության ձևավորման հեռանկարը: Մենք բավական շատ ճգնաժամեր ունենք տարածաշրջանում՝ Սիրիան, Իրաքը, Իրանի շուրջ զարգացումները և այլն: Այս համատեքստում բանակցային գործընթացի շարունակականությունը պետք է միջազգային հանրության նախապատվություններից մեկը լինի:

Որպես երկրի հիմնական ընդդիմադիր ուժ՝ ՀՀ ազգային ժողովում մենք զգուշացրել ենք Հայաստանի կառավարությանը՝ զերծ մնալ  Ադրբեջանի ագրեսիվ քայլերին ի պատասխան  ապակառուցողական արձագանքներից: Մենք կարծում ենք, որ նման քայլերի փոխարեն միջազգային հանրությունը պետք է ավելի մեծ վճռականություն ցուցաբերի: Տարածաշրջանի երկրների առաջնորդներին հղված ուղերձը պետք է պարզ ու հստակ լինի. պատասխանատու ղեկավարությունը ոչ թե պետք է նպաստի էժանագին ու կասկածելի ազգայնական գաղափարների տարածմանը, այլ պետք է որոշակի քայլերով ցույց տա, որ աշխատում է  հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ:

Հակառակ գործողությունները հավասարազոր կլինեն Հարավային Կովկասում, լարվածության աճի խթանմանը՝ վտանգելով հրադադարը եւ հանուն խաղաղության փխրուն բանակցությունները: 

 

 

Նախորդ հոդվածը‘ԵԽԽՎ-ում մեկնարկել է Սաֆարովի հարցով քննարկումը ‘
Հաջորդ հոդվածը‘Հայաստանը կալանավայրերի պայմանների վերաբերյալ ԵԽ խորհրդատվություններին չի հետեւել ‘