Լեւոն Զուրաբյանը Ֆեյսբուքում գրել է.
«Ապրիլի 5-ին Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպումը ձախողո՞ւմ էր, թե՞ «պատմական շրջադարձ» (խոսենք թվերով)
2021 թվականի հուլիսի 9-ին Եւրոպական Միությունը հայտարարել էր, որ պատրաստ է առաջիկա հինգ տարվա ընթացքում Հայաստանին տրամադրել €2.6 միլիարդ եւրոյի ($3.1 միլիարդ դոլարի) ծավալի օգնություն:
Ապրիլի 5-ին Փաշինյան-Բլինքեն-ֆոն դեր Լայեն հանդիպման ժամանակ պարզվեց, որ այդ որոշումից երեք տարի անց Եւրոպական Միությունն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները միասին խոստանում են չորս տարվա ընթացքում Հայաստանին տրամադրել €270 միլիոն եւ $65 միլիոն համապատասխանաբար, այսինքն ընդհանուր` մոտավորապես $360 միլիոնի օգնություն:
Հետեւաբար, ոչ միայն չեն կատարել նախկինում տրված խոստումները, այլ դեռ մի բան էլ խոստման չափը կրճատել են 10 անգամից ավելի:
Հարցը ավելի հետաքրքիր բնույթ է ստանում Փաշինյանի թիմի եւ նրա «արեւմտամետ» սատարողների այն պնդման լույսի ներքո, համաձայն որի 1991 թվականից ի վեր Հայաստանը «սխալ կողմնորոշում» է որդեգրել եւ այդ պատճառով չի ստացել Արեւմուտքի կողմից պատշաճ աջակցություն:
Բանն այն է, որ Հայաստանը իննսունականներին, Տեր-Պետրոսյանի կառավարման ընթացքում, ստացել է Ամերիկայի Միացյալ Նահանգներից որպես ուղիղ կառավարական օգնություն եւ միջնորդավորված՝ Համաշխարհային Բանկի միջոցով. 1992-ին՝ $75 միլիոն եւ $22 միլիոն համապատասխանաբար, 1993-ին` $172 միլիոն եւ $110 միլիոն, 1994-ին`$160 միլիոն եւ $191 միլիոն, 1995-ին` $115 միլիոն եւ $217 միլիոն, 1996-ին` $135 միլիոն եւ $292 միլիոն, 1997-ին` $99 միլիոն եւ $166 միլիոն, ինչը, գումարած Եւրոպական Միության կողմից TACIS ծրագրով ստացած €49 միլիոն օգնությանն, ընդհանուր գումարով կազմում է $1.8 միլիարդ:
Իննսունականներին Հայաստանին տրված օգնությունը 2024 թվականին հնչեցված խոստման հետ համեմատելու համար պետք է հաշվի առնել, որ 1993-1997 թվականների ամերիկյան դոլարի հզորությունը հավասար էր այսօրվա 2 ամերիկյան դոլարի: Այսինքն, եթե անգամ ազդարարված խոստումներն իրականանան, Արեւմուտքը գալիք չորս տարվա ընթացքում Հայաստանին կտրամադրի իննսունականների էկվիվալենտով` $180 միլիոն դոլարի համարժեք օգնություն:
Ի՞նչ է ստացվում: 1991-ին «սխալ կողմնորոշում» որդեգրած (իրականում` Արեւմուտքի եւ Ռուսաստանի հետ հավասարակշռված քաղաքականություն վարող) Հայաստանը հինգ տարվա ընթացքոում Արեւմուտքից ստացել է 10 անգամ ավելի մեծ աջակցություն քան այն, ինչ Արեւմուտքը առայժմ դեռ միայն խոստանում է տալ ութ տարվա ընթացքում(2021 թվականից ի վեր): Հիմա սա ձախողու՞մ է մեզ համար, թե՞ աննախապեպ, պատմական շրջադարձ: Կարծում եմ, պատասխանն ակնհայտ է:
Ի դեպ, սա քննադատություն չէ Արեւմուտքի նկատմամբ: Արեւմուտքն անում է այն, ինչ կարող է եւ նպատակահարմար է գտնում: Մենք ուղղակի պետք է շատ սթափ գնահատենք Արեւմուտքի կարողությունները եւ պատրաստակամությունը մեզ օգնելու:
Սա քննադատություն է փաշինյանական իշխանության եւ նրան ինքնամոռաց սատարող «սուտի արեւմտամետների» նկատմամբ, որոնք մեր ժողովրդին խաբում են սեփական ձախողումները քողարկելու եւ բացառապես անձնական օգուտներ քաղելու նպատակով եւ պայծառ ապագայի ոսկե սարեր խոստանում դեպի Արեւմուտք «պատմական շրջադարձի» դեպքում:
Եւ սա միակ ճիշտ քաղաքական մոտեցումն է. մենք ե´ւ ռուսների, ե´ւ Արեւմուտքի Հայաստանի հանդեպ արած-չարածների համար պետք է մեղադրենք միայն մեր իշխանությունների վարած քաղաքականությանը, ինչպես դա արվում էր իննսունականերին: Դա միակ ռացիոնալ մոտեցումն է, որն անցյալում հաջողություն էր ապահովում, քանի որ իշխանության համար կեղծ արդարացման որեւէ հնարավորություն չէր թողնում եւ հիմա էլ չպիտի թողնի»: