‘Լեւոն Զուրաբյան. «Ո՞րն է Աբխազական երկաթուղու հարցում վրաց ղեկավարության տարաձայնության պատճառը»’

1138

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության անդամ, ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հերթագրվել է հունվարի 21-ին Ստրասբուրգում տեղի ունեցած Վեհաժողովի նիստում Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ելույթից հետո նրան հարց ուղղելու համար: Հարցը վերաբերում է Աբխազական երկաթուղու հնարավոր վերագործարկմանը եւ այդ հարցի շուրջ վրացական իշխանության տարբեր թեւերի կողմից արտահայտված հակասական դիրքորոշումներին:

«Ձերդ գերազանցություն, պարոն Նախագահ,

Վերջերս Հայաստան կատարած այցելության ժամանակ ձեր երկրի նորընտիր վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարություն է արել Աբխազական երկաթուղու բացման օգտին, որը կապում է Հայաստանը, Վրաստանը եւ Ռուսաստանը եւ վճռական նշանակություն ունի երեք երկրների միջեւ տնտեսական կապերի զարգացման հարցում: Այդ հայտարարությունն անհապաղ հերքվեց Վրաստանի նախագահի աշխատակազմի կողմից՝ ի հայտ բերելով այս հարցում Վրաստանի նախագահի եւ կառավարության միջեւ գոյություն ունեցող տարաձայնությունը:  

Հակամարտությունների լուծման հարցերում մասնագիտացած մի շարք միջազգային փորձագետներ պնդում են, որ Աբխազական երկաթուղու բացումը պետք է դիտարկվի որպես վստահության ամրապնդման արդյունավետ միջոց եւ կարող է միայն նպաստել վրաց-աբխազական հաշտեցմանը: Կարո՞ղ եք բացատրել Ձեր հայտարարության դրդապատճառները եւ այս հարցում վրացական ղեկավարության ներսում առկա տարաձայնությունների պատճառը», —  հարցնում է Լեւոն Զուրաբյանը: 

Նախորդ հոդվածը‘ Վաշինգթոնում մեկնարկել է Օբամայի երդմնակալության արարողությունը’
Հաջորդ հոդվածը‘«Յուվենտուսի» կիսապաշտպանին համեմատել են Դալիի կտավի հետ. Տեսանյութ’