‘Լեւոն Զուրաբյան. Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել ձերբակալվածներին’

2302

ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ԱԺ հայտարարությունների ժամին դատապարտեց «Հիմնադիր խորհրդարան» կազմակերպության անդամների նկատմամբ ծավալված բռնաճնշումները եւ պահանջեց անհապաղ ազատ արձակել ձերբակալվածներին:

«Այսօր, ապրիլի 7-ին, քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, համաձայն որի՝ 2015թ. ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների նախապատրաստության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում, զանգվածային անկարգությունների նախապատրաստության հատկանիշներով արարք կատարելու կասկածանքով այօր ձերբակալվել են Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը, Գևորգ Սաֆարյանը, Ժիրայր Սեֆիլյանը եւ այլք։

Ակնհայտ է, որ իշխանությունների այս գործողությունները ընդդիմության եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների եւ ակտիվիստների դեմ վերջին շրջանում կատարված բռնաճնշումների շղթայի մի նոր օղակ են ընդամենը:  

Տարօրինակ զուգադիպությամբ՝ նույն նպատակների իրագործման համար բավականին կոորդինացված ձեւով համագործակցում են իրավապահ մարմինները եւ քրեական աշխարհը: Քաղաքական ասելիքից, պետական մտածելակերպից ու իշխանության մասին պատկերացումներից բացարձակապես զուրկ Սերժ Սարգսյանի վարչախումբը չի խորշում ո՛չ վարչական ապօրինի հետապնդումներից, ո՛չ էլ քրեական ու գողական մեթոդների կիրառումից։ Պետության ու իշխանության համար մեղկ ու ամոթաբեր, քաղաքական հակառակորդների նկատմամբ իր անզորությունը ցուցադրող հանցավոր այս գործելակերպի դրսեւորումների շարքը օր օրի երկարում է։ Հիշենք, որ վերջերս բռնարարքների թիրախ են դարձել Ազատամարտիկների դաշինքի խորհրդի անդամներ Ռազմիկ Պետրոսյանը, Մանվել Եղիազարյանը, Սուրիկ Սարգսյանը, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գեւորգ Սաֆարյանը, նույն այս կազմակերպության մի շարք անդամներ Բերձորում,  ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը, Կոնգրեսի Հրազդանի տարածաշրջանի կառույցի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանը, ԲՀԿ-ի քաղխորհրդի անդամ Արտակ Խաչատրյանը վերջերս Գյումրիում դանակահարվել էր, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հրաչ Միրզոյանը:

Փաստերի այս համադրումը ապացուցում է, որ իրավական ձեւակերպումները իրականում ընդամենը բռնաճնշումների քողածածքույթ են՝ ընդդիմախոսների դեմ տարվող ուժային պայքարում:

Անկախ նրանից, թե ինչ վերաբերմունք ունենք  «Հիմնադիր խորհրդարանի» քաղաքական ծրագրերի եւ կարգախոսների նկատմամբ, մենք դատապարտում ենք սահմանադրական հիմնարար ազատությունների դեմ ուղղված այս բռնաճնշումները եւ պահանջում անհապաղ ազատել ձերբակալվածներին»:

 

Նախորդ հոդվածը‘Էրեբունիում ջուր չի լինի’
Հաջորդ հոդվածը‘Թորոս Սեֆիլյանը ազատ է արձակվել’