‘Լեւոն Զուրաբյան. Ռուսաստանը Հարավային Կովկասը դիտարկում է որպես իր ռազմավարական շահերի գոտի’

1730

Եթե վերլուծենք, թե ով ավելի շատ ազդեցություն ունի Ղարաբաղյան հակամարտության և, ընդհանրապես, տարածաշրջանի իրավիճակի վրա, իմ խորին համոզմամբ (ըստ էության՝ դրանում ոչ մեկին պետք էլ չէ երկար համոզել), առանցքային դիրքերում Ռուսաստանն է: Այդ մասին newcaucasus.com-ին տված հարցազրույցում ասել է Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե «ամառային սրացումներից հետո հաստատված անդորրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Սոչիում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյո՞ւնքն է,  թե՞ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերի»: «2008 թ. պատերազմը Վրաստանում, մյուս իրադարձությունները ցույց են տալիս, որ Ռուսաստանը Հարավային Կովկասը դիտարկում է որպես իր ռազմավարական շահերի գոտի, և ակնհայտ է, որ Արևմուտքը, որի ձեռքերն այս պահին կապված են ( Աֆղանստանում, Իրաքում, Մերձավոր Արևելքում տեղի ունեցող, այժմ նաև Իրաքում և Սիրիայում ծագած՝ Իսլամական պետության հետ կապված գործընթացների պատճառով), հնարավորություն չունի  ազդեցության ռազմաքաղաքական լծակներ գործածել մեր տարածաշրջանում: Տեսանելի ապագայում Արևմուտքի միջամտությունը Հարավային Կովկասում պարզապես բացառվում է: Ի դեպ, դա արդեն իսկ ցույց տվեց 2008 թ. Պատերազմը Վրաստանում: Դրա մասին են վկայում նաև Ուկրաինայում ներկայումս տեղի ունեցող իրադարձությունները: Մենք տեսնում ենք, որ որքան էլ խոսվի համերաշխության մասին, Արևմուտքի ռազմական օգնությունը չի լինելու: Այնպես որ՝ իրադրությունն այսպիսին է՝ զուտ ռազմաքաղաքական առումով գործընթացների ղեկը Ռուսաստանի ձեռքում է»,- ասել է Զուրաբյանը:

Նրա խոսքով, սակայն, ո՛ր գերտերությունն էլ հսկայական ազդեցություն ունենա տարածաշրջանում, զուտ օպերատիվ ռազմական բալանսը պահպանվում է հակամարտող կողմերի զինված ուժերի կողմից: Եւ այդ տեսակետից նույնիսկ Ռուսաստանին չի հաջողվի Ադրբեջանին ետ պահել պատերազմ սկսելուց, եթե Ադրբեջանը համոզված լինի, որ բլիցկրիգը հաջող կավարտվի:

«Նրանք մարտերի միջոցով հետախուզում անցկացրին, ինչն Ադրբեջանի համար շատ վատ արդյունքներ տվեց: Եւ, որ գլխավորն է, նրանք հասկացան, որ առավելություն չունեն հայկական կողմի նկատմամբ: Եւ այդ ամենի արդյունքում, ինչպես արդեն ասացի, ճակատի գծում այժմ համեմատաբար հանգիստ է, և հուսով եմ՝ այդ անդորրը երկար կտևի: Անշուշտ, Ղարաբաղյան հակամարտության կողմերի վրա ազդեցություն ունեն նաև այլ խաղացողներ, սակայն Արևմուտքի համար դա հիմնականում քաղաքական-տնտեսական ազդեցություն է, այսինքն՝ ազդեցություն ՄԱԿ-ի, Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ, Եվրախորհրդարանի և միջազգային այլ կառույցների հնարավոր բանաձևերի վրա, ինչպես նաև՝ Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից տրամադրվող վարկերը: Նրանք ազդեցության լծակներ ունեն թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի և թե՛ Լեռնային Ղարաբաղի վրա: Սակայն դա այն ազդեցությունը չէ, որ կարող է հանգեցնել արմատական փոփոխությունների և նվազեցնել հակամարտության սրման հնարավորությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Նման հարցերն ավելի կախված են հենց հակամարտող կողմերից, նրանց առկա հնարավորություններից և ռեսուրսներից, նրանց իրական պոտենցիալից: Այնպես որ՝ այսօրվա  անդորրն ավելի շուտ՝ հակամարտող բանակների վերջին գործողությունների արդյունքն է, քան միջնորդների ազդեցության»,- ասել է Լեւոն Զուրաբյանը:

Շարունակելի

Նախորդ հոդվածը‘ԶԼՄ. Լոնդոնում ահաբեկիչները հարձակում էին նախապատրաստել Եղիսաբեթ II-ի վրա’
Հաջորդ հոդվածը‘Ինտերպոլն առաջին անգամ գերմանացի ղեկավար ունի’