‘Լեւոն Զուրաբյան. Սկզբնավորվել է նոր Համաժողովրդական շարժում, որն այլեւս ոչ ոքի թույլ չի տալու խախտել մարդու իրավունքները (տեսանյութ)’

2119

Այսօր ԱԺ-ում՝ ՄԻՊ-ի 2013-ի գործունեության զեկույցի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Նա մինչեւ բուն ելույթին անդրադառնալը՝ գնահատական տվեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի վարքին, որը ելույթի ժամանակ հրահանգել էր անջատել ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի խոսափողն՝ այն ժամանակ, երբ վերջինս պետական դավաճանության մեջ էր մեղադրում Սերժ Սարգսյանին:

«Նախ` ցանկանում եմ օգտվել այս հնարավորությունից եւ Շարմազանովի կեցվածքին անդրադառնալ, որովհետեւ այն, ինչ կատարվեց Զարուհի Փոստանջյանի նկատմամբ, անընդունելի է: Մենք այսօր քննում ենք ՄԻՊ-ի զեկույցը, մենք քննում ենք մարդու իրավունքների վիճակը Հայաստանում, եւ ԱԺ նախագահի տեղակալը` հենց բոլորիս աչքի առաջ խախտում է մարդու իրավունքները, ո՛չ միայն մարդու իրավունքները, խախտում է սրբության սրբոցը՝պատգամավորի իրավունքը, ժողովրդի ընտրյալի իրավունքը, մեր ամբողջ ժողովրդի իրավունքը: Պառլամենտարիզմի սկզբունքի ամենագլխավորն այն է, որ ժողովրդի ձայնը պետքէ լսելի լինի, եւ ոչ ոչ իրավունք չունի խմբագրել որեւէ խոսք, որը հնչում է այստեղ: Բարի եղեք հարգել պատգամավորի իրավունքը: Ինքս կարող եմ Զարուհի Փոստանջյանի հետ շատ հարցերում համաձայն չլինել եւ համաձայն չեմ, բայց ինձ երբեք թույլ չեմ տա խախտել այդ իրավունքը: 

Հայաստանում մարդու իրավունքները խախտվում են սիստեմատիկորեն եւ համատարած բոլոր բնագավառներում: Մարդկանց իրավունքները եւ արժանապատվությունը խախտվում են ե՛ւ դատական համակարգի ծախվածության, ե՛ւ այդ նույն համակարգի նախագահական վարչակազմի հակասահմանադրական վերահսկողության պատճառով, ե՛ւ բանտերում, ե՛ւ ոստիկանության բաժանմունքներում, ե՛ւ բանակում, ե՛ւ կանանց, ե՛ւ երեխաների իրավունքները:

Այս բոլորին ՄԻՊ-ը անդրադարձել է իր զեկույցում, բայց ես կցանկանայի կենտրոնանալ հինգ կարեւոր իրավունքների վրա՝ քաղաքացիական ազատությունների վրա, որովհետեւ եթե այդ հինգ իրավունքները պահպանվում են, երկրում ստեղծվում է մի վիճակ, երբ ժողովուրդն ինքը վերցնում է իր իրավունքների իրականացումն իր ձեռքը: 

Եթե Հայաստանում ապահովվեն Կյանքի իրավունքը (մարտի 1), եթե չլինեն քաղբանտարկյալներ (ազատության իրավունք), սեփական իշխանություն ընտրելու իրավունքը, տեղեկատվության ազատության իրավունքը՝ այսինքն մամուլի ազատության իրավունքը, եթե ապահովվեն հավաքների ազատությունը, ապա վստահ եղեք, որ Հայաստանը կլինի այլ երկիր, եւ ինչքան էլ իշխանության տարբեր ճյուղեր փորձեն խախտել այդ իրավունքը, դա իրենց չի հաջողվի:

1. Կյանքի իրավունքը՝ մարտի 1: Օրինակ՝ չեմ հասկանում, ինչո՞ւ այդ խնդրին լուրջ չեք անդրադարձել: Իսկ ձեզ հայտնի՞ է, որ ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանը ՀՀ իշխանություններին մի նամակ է հղել, որտեղ պահանջում էր, որ ի վերջո բացահայտվեն այդ սպանություները, ՀՀ իշխանություններին մեղադրանք է ներկայացրել, որ այդ սպանությունները բացահայտված չեն, եւ պահանջում է ապահովել այդ սպանությունների բացահայտումը եւ զոհերի հարազատների փոխհատուցումը:

Ինչո՞ւ այս մասին չեք խոսել, ինչո՞ւ է այդ մասին խոսում ՄԱԿ-ի մարդու իրավունքների  կոմիսարը, բայց ոչ` ՀՀ ՄԻՊ-ը: 

2. Քաղբանտարկյալների թեման: 2012 թվականին ԵԽԽՎ-ի ընդունած «Քաղաքական բանտարկյալի սահմանում» 1900 բանաձեւում հստակ հինգ չափանիշ է սահմանվել, թե որ ազատազրկված անձը պետք է դիտարկվի «քաղաքական բանտարկյալ»: Դրանք են.

ա. եթե կալանավորումն իրականացվել է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի եւ նրա արձանագրությունների մեջ արտացոլված հիմնարար երաշխիքների, մասնավորապես` մտքի, խղճի եւ կրոնի ազատության, արտահայտվելու եւ տեղեկատվության ազատության, հավաքների եւ միավորումների ազատության երաշխիքների որեւէ մեկի խախտմամբ:

բ. եթե կալանավորումը կատարվել է բացառապես քաղաքական պատճառով, առանց որեւէ հանցանքի հետ կապելու:

գ. եթե քաղաքական շարժառիթներով կալանավորման ժամկետը կամ պայմանները ակնհայտորեն անհամաչափ են արարքին, որի համար անձը ճանաչվել է մեղավոր կամ կասկածյալ:

դ. եթե քաղաքական շարժառիթներով անձը կալանավորվել է խտրականորեն՝ համեմատած այլ անձանց հետ:

ե. եթե կալանավորումն ակնհայտորեն անարդար ընթացակարգերի արդյունք է, ինչը կապված է իշխանությունների քաղաքական շարժառիթների հետ:

Ուշադիր վերլուծելով այս չափանիշները` մենք կարող ենք ասել, որ առնվազն պատժի անհամաչափության չափանիշով Շանթ Հարությունյանը եւ իր ընկերները քաղբանտարկյալներ են: Այս բանաձեւը շատ կարեւոր է, որովհետեւ այն միջազգային նորմ է սահմանում, որը նաեւ մենք որպես Հայաստան ընդունել ենք: Բարի եղեք կատարել այս չափանիշները եւ խոսել նրանց մասին: «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքում հստակ ասված է, որ դուք ձեր գործունեության մեջ պետք է ղեկավարվեք նաեւ միջազգային նորմերով:

Հոդված 2. «Մարդու իրավունքների պաշտպանը (այսուհետ՝ Պաշտպան) անկախ և անփոփոխելի պաշտոնատար անձ է, որն իրականացնում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից մարդու խախտված իրավունքների և ազատությունների պաշտպանությունը` ղեկավարվելով օրինականության, հասարակական համակեցության և սոցիալական արդարության հիմնարար սկզբունքներով»:

Հոդված 5. «1. Պաշտպանն իր լիազորություններն իրականացնելիս անկախ է, ենթարկվում է միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին, ինչպես նաև միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին ու նորմերին»:

Հոդված 7. «1. Պաշտպանը քննարկում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց կողմից Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, ինչպես նաև միջազգային իրավունքի սկզբունքներով ու նորմերով նախատեսված` մարդու (այդ թվում` նաև քաղաքացու) իրավունքների և հիմնարար ազատությունների խախտման վերաբերյալ բողոքները»:

Այսինքն, այս բանաձեւերը ձեզ համար պետք է հիմք ծառայեին, այսինքն` ՄԻՊ-ն իր զեկույցում պետք է ունենար հատուկ բաժին՝ նվիրված քաղբանտարկյալներին:

Դուք, իհարկե, անդրադարձել եք սեփական իշխանություն ընտրելու իրավունքին, նշել եք բազմաթիվ կեղծիքներ, բայց թերացել եք մի կարեւոր հարցում, ի վերջո մի եզրակացություն անել, որ Հայաստանի ժողովրդի իրավունքը՝ ընտրել սեփական իշխանություն, ուղղակիորեն մերժված է: Հայաստանը՝ ժողովրդավարական երկրների մեջ, եթե, իհարկե, մեզ կարելի  է այդպես ասել, միակ երկիրն է, որտեղ իշխանությունը չի փոխվում 2008-ից, որովհետեւ ընտրակեղծիքների մեքենան այն աստիճանի է հասել, որ ուղղակիորեն բացառված է` ինչքան էլ հանցագործություններ գործեն, թալանեն, որ հայ ժողովուրդը կկարողանա ընտրությունների միջոցով ազատվել Սերժ Սարգսյանից եւ ՀՀԿ-ից: 

Հաջորդ հարցը՝ Տեղեկատվության ազատության իրավունքը՝ հեռուստատեսության վերահսկողությունը: Նորից խոսել եք, բայց հղում կատարել «Բաց հասարակության ինստիտուտի» գնահատականի վրա: Դուք ի՞նչ է, չե՞ք կարող ինքներդ գնահատական տալ, չգիտե՞ք, որ հեռուստատեսությունը վերահսկվում է նախագահականից, խոսեք այդ մասին բացահայտ:

Մյուս հարցը՝ հավաքների ազատությունը: Այստեղ ձեր աշխատանքը լուրջ է, խոսել եք ոստիկանական բռնություններից, ինչը ձեր զեկույցի ամենաօբյեկտիվ մասն է:

Եզրափակում եմ հետեւյալ դատողությամբ՝ մարդու իրավունքները Հայաստանում խախտված են, եւ պարզվում է, որ այդ իրավունքները խախտված էլ կմնան, քանի դեռ ժողովուրդն ինքը չի վերցրել իր իրավունքների պաշտպանությունը իր ձեռքը: Հոկտեմբերի 10-ին ժողովուրդը կատարեց առաջին քայլը, սկզբնավորվել է մի նոր Համաժողովրդական շարժում, որն այլեւս ոչ ոքի թույլ չի տալու խախտել մարդու իրավունքները, եւ իմացեք` եթե ժողովուրդը ոտքի կանգնի, այդ ժամանակ մարդու իրավունքները դառնալու են պաշտպանված, իսկ ժողովուրդը ոտքի է կանգնել եւ հոկտեմբերի 24-ին իր իրավունքները այնպես կպաշտպանի, որ դրանից հետո բոլորը կհասկանան՝ ինչ է նշանակում ազատություն եւ հարգանք մարդու իրավունքների նկատմամբ»: 

Նախորդ հոդվածը‘ԱԺ-ում լրագրողների համար պարտականություններ են սահմանվել’
Հաջորդ հոդվածը‘Amnesty-ն Ուկրաինայում կողմերին մեղադրում է առանց դատի մահապատիժներ իրականացնելու մեջ’