‘Լեւոն Հայրապետյանը ցուցմունք է տվել Սերժ Սարգսյանի դեմ’

17789

Մեծահարուստ Լեւոն Հայրապետյանի հայտնի գործի նկատմամբ վարչախմբի անտարբերությունը տարբեր բացատրությունների է արժանանում:

Youtube-ում դրված մի տեսանյութում հստակ արձանագրվում է, որ Եւրոպայի հայկական միությունների ֆորումի 15-րդ համագումարում (2013թ.) «Լեւոն Հայրապետյանը զղջացել է եւ հայտարարել, որ ինքը ճակատագրական մեծ սխալ է թույլ տվել՝ ֆինանսավորելով Սերժ Սարգսյանին ընտրություններից առաջ»:

Ինչպես հայտնի է՝ նախագահի թեկնածուների նախընտրական հիմնադրամների գոյացումը կարգավորվում է օրենքով։ Հասկանալի է, որ Լեւոն Հայրապետյանի դեպքում խոսքը 100 կամ 200 հազար դրամի մասին չէ, որը, ըստ օրենքի, կարող էր նախընտրական հիմնադրամին փոխանցել ֆիզիկական, կամ իրավաբանական անձը։ Սերժ Սարգսյանի նախընտրական հիմնադրամում Լեւոն Հայրապետյանի անունով որեւէ մուծում չի եղել։ Եւ չէր էլ կարող լինել, քանզի Լեւոն Հայրապետյանը, որպես օտարերկրյա քաղաքացի, նման մուծում անելու իրավունք չուներ։

Այսինքն, խոսքը նախ՝ մեծ գումարի մասին է։ Եւ երկրորդ՝ սա ակնհայտ ցուցմունք է հանցագործության մասին, այն է՝ Ս. Սարգսյանն իր նախընտրական արշավի համար ստացել է ապօրինի ֆինանսավորում, ընդ որում՝ օտարեկրյա քաղաքացուց։

Ընտրարշավի ապօրինի ֆինանսավորումը ծանր հանցագործություն է։ Ֆրանսիայի նախագահ Սարկոզին մոտ մեկ տարի առաջ մեղադրվում էր «L‘Oreal» ընկերության ժառանգից 2007թ. նախագահական ընտրություններում նախընտրական արշավի համար ապօրինի ֆինանսավորում ստանալու մեջ։ Գործը քննում էր Բորդոյի դատարանը, որտեղ էլ Սարկոզին ներկայացել էր ցուցմունքներ տալու համար։

Հետաքրքիր է՝ մեր դատական համակարգում ի՞նչ արձագանք կունենա Լ. Հայրապետյանի՝ Սերժ Սարգսյանի վրա տված ուղղակի ցուցմունքը։

Թե՞ մերոնք շատ ավելի կարեւոր՝ «iLur.am»-ի եւ «Հրապարակի» հրապարակումների աղբյուրները պարզելու ազգանվեր գործով են զբաղված՝ կանխելու համար Ադրբեջանի ամենօրյա դիվերսիաները։

 

Նախորդ հոդվածը‘ԵՄ-ն մտահոգված է Սաակաշվիլիի դեմ քրեական գործի հարուցման առիթով’
Հաջորդ հոդվածը‘Իսրայելի բանակը Գազայում հատուկ գործողության համար ևս 16 հազար զինվոր է զորակոչում ‘