‘Լեւոն Հայրապետյան. Շատ եմ ցանկանում՝ արդարությունը հաղթի’

1723

«Վանք գյուղում ներկայումս փորձում եմ ձիարշավարան կառուցել: Այդ նպատակով Հոլանդիայից և Անգլիայից արցախյան ցեղատեսակի մոտ 50 ձի ենք բերել Արցախ: Ընթացքի մեջ են նաև որսորդական տնտեսության ստեղծման աշխատանքները, որի նպատակը զբոսաշրջության զարգացմանը նպաստելն է: Այն պատրաստ լինելուն պես, Արցախ ժամանած զբոսաշրջիկները կարող են համապատասխան պետական վճարներ կատարելուց հետո որսորդությամբ զբաղվել անտառներում, որտեղ առայժմ արգելված է որսը, և տարբեր վայրի կենդանիներ են բազմացել»,- այդ մասին Արցախպրեսսի հետ զրույցում ասել է գործարար Լեւոն Հայրապետյանն, ով բուժում է անցնում մոսկովյան հիվադանոցներից մեկում:

Խոսելով իր առողջության մասին` վերջինս ասել է, որ թեեւ առողջությունը վատ է, բայց հայի թասիբը իրեն պայքարելու ուժ է տալիս: «Ներկայումս ինտենսիվ բուժում եմ ստանում, հուսամ՝ ամեն ինչ լավ կլինի»,- ասել է նա: Անդրադառնալով իր դեմ հարուցված քրեական գործին` Հայրապետյանն ասել է. «Նորից չեմ ուզում անդրադառնալ եղածին, այդ մասին շատ է խոսվել: Ներկայումս, առողջական վիճակիցս ելնելով, պարբերաբար հետաձգվում է դատական պրոցեսը: Ուզում եմ պարզապես նշել, որ շատ եմ ցանկանում՝ արդարությունը հաղթի… Հուսով եմ՝ այդպես էլ լինելու է, և ես նորից վերադառնալու եմ Արցախ, որտեղ դեռ շատ ծրագրեր ունեմ իրագործելու»:

Նախորդ հոդվածը‘Ռադովան Կարաջիչը դատապարտվել է 40 տարվա ազատազրկման’
Հաջորդ հոդվածը‘Քաղաքացին` Սերժ Սարգսյանին. Սա ի՞նչ վիճակ ա, սա ի՞նչ բան ա. (Առավոտ)’