2025 թվականին լրանում է մեր պատմության ամենաերախտավոր անհատականություններից մեկի՝ Գրիգոր Լուսավորչի մահվան 1700-ամյակը, որի մեծագործությունն, իր շրջադարձային տարողությամբ եւ հայկյան քաղաքակրթության հետագա ընթացքը պայմանավորող արդյունքով, համեմատելի է թերեւս միայն Մեսրոպ Մաշտոցի վաստակի հետ։ Ուստի սույն ժողովածուն կարելի է նաեւ համեստ տուրք համարել այդ նշանավոր տարեթվի հավուր պատշաճի արժեվորման պահանջին։ Հայաստանի քրիստոնեացում եւ գրերի գյուտ. ահա քաղաքակրթական նշանակություն ունեցող երկու բախտորոշ իրագործում, որոնք նրանց նախաձեռնողներին՝ մի դեպքում Գրիգոր Լուսավորչին եւ Տրդատ Գ թագավորին, մյուս դեպքում՝ Մեսրոպ Մաշտոցին եւ Վռամշապուհ արքային, որպես բացառիկ կերպարներ, առանձնացնում են Հայոց պատմության մնացյալ բոլոր հսկաներից (Լեւոն Տեր-Պետրոսյան, Ագաթանգեղագիտական պրպտումներ, Անտարես – Երեւան, 2019, էջ 6)։
