‘
«Մեր խնդիրն է՝ իրականացնել բուրժուա-դեմոկրատական հեղափոխություն», — Հայ ազգային կոնգրես կուսակցության հիմնադիր համագումարում, անդրադառնալով կուսակցության ծրագրային դրույթներին, ասաց Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:
«Շատերը կշտամբեցին մեզ՝ մոռանալով, որ ժամանակակից Արեւմտյանն համակարգը ստեղծվել է բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունների շնորհիվ: Խորհրդային համակարգը բուրժուազիան չարիք համարեց, եւ այս իներցիան մնացել է», — նշեց նա:
Սակայն նույնիսկ Մարքսը, Լենինը ողջունել են բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունները՝ ելնելով իրենց սահմանած ֆորմացիաների հաջորդականության անհրաժեշտությունից: Անգամ սոցիալիստի տեսակետից առաջնահերթը բուրժուա-դեմոկարատական հեղափոխությունն է՝ մինչեւ այն չլինի իրական սոցիալիզմ չի լինի:
Տեր-Պետրոսյանի խոսքով, բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունն ընդամենը մի բան է նբշանակում՝ արտադրողական ուժերը պետք է կապանքներից ազատված լինեն: Ըստ առաջին նախագահի, ժամանակին դա ֆեոդալական կապանքներն էին, այսօր՝ ավազակապետական կապանքներն են:
«Մինչեւ խոշոր բուրժուազիան չազատվի ավազակապետական կապանքներից, մինջին եւ մանր բուրժուազիան ծաղկելու, անգամ բողբոջելու հնարավորություն չի ունենա: Չկարծեք, որ 18-րդ դարի բուրժուաներն ավելի լավն էին, ավելի գրագետ կամ հայրենասեր: Պարզապես, նրանք գիտակցեցին, որ պետք է օրինականություն հաստատել եւ բարգավաճել, ծաղկել՝ բարգացվաճեցնելով, ծաղկեցնելով երկիրը», — ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Նա հիշեցրեց, որ մի քանի տարի առաջ «Բարգավաճ Հայաստանը» համակարգի մաս էր, իշխանական կոալիցիայի անդամ: «Բայց ինչ՝ վա՞տ էր, որ նրանք պոկվեցին համակարգից, չեմ ասում, որ ամբողջությամբ պոկվել են: Գագիկ Ծառուկյանը խոշոր կարողության տեր է, նա չի կարող միանգամից իր կապերը կտրել իշխանության հետ: Բայց մի կարծեք, որ մենք հաջողությունների չենք հասել այս գործում: Մենք կասկածներ ենք սերմանել նրանց (խոշոր բուրժուազիայի-խմբ.) մեջ: Ունենք երկու օրինակ՝ Խաչատուր Սուքիասյանի վերաբերմամբ նույն վերաբերմունքը կար, ինչ մնացած օլիգարխների: Բայց այս մարդը այս մարդը (2008-ին) եկավ, միացավ մեզ, ոչինչ չստացավ՝ հակառակը՝ հարվածներ ստացավ իշխանություններից», — շարունակեց Տեր-Պետրոսյանը: Նրա խոսքով, Խաչատուր Սուքիասյանը մենակ էր, դրա համար էլ՝ իշխանությունը հեշտությամբ նրան հարվածեց: Առաջին նախագահի խոսքով, այսօր իշխանություններից պոկվելու ճանապարհն է ընտրել Գագիկ Ծառուկյանը: Փոխանակ նպաստեն այդ պրոցեսին, ասում են՝ ինչպես կարելի է համագործակցել նրա հետ:
Բնական է, նա Ծառուկյանը չի կարող ամբողջովին պոկվել իշխանությունից, բայց նրա բոլոր քայլերը դա են ցույց տալիս: Նախ նա իշխանություններից առանձին մասնակցեց խորհրդարանական ընտրություններին մասնակցեց, չպաշտպանեց Սերժ Սարգսյանի թեկնածությունը նախագահական ընտրություններին, օրերս էլ չմասնակցեց երդմնակալությանը, այսօր էլ պատրաստ է ավագանու ընտրություններին ճակատ տալ: Ինչպես կարելի է այն ուժին, որը նպաստում է չարիքի վերացմանը, վանել եւ ավելին, մտածել, որ նա չի ուզում այդ փոփոխությունները», — ասաց Տեր-Պետրոսյանը:
Նա նշեց, որ կասկած չունի, որ Երեւանի ավագանու ընտրություններին իշխանություններն ամենամեծ հարվածը հասցնելու են հենց ԲՀԿ-ին՝ թույլ չտալ գրանցել այն արդյունքը, որը կուսակցությունը գրանցեց 2012-ի ԱԺ ընտություններին, որպեսզի նրա օրինակին չհետեւեն մյուս օլիգարխները: Ըստ առաջին նախագահի, Սերժ Սարգսյանը հիշաչար մարդ է, եւ չի ներելու նաեւ «Ժառանգությանը», այն բանի համար, ինչ կատարվեց նախագահական ընտրություններին:
«Թվում էր, թե նրան (Սերժ Սարգսյանին) ձեռք է տալիս, որ Րաֆֆին գլխավորի ընդդիմությունը եւ փողոցը: Բայց կասկած չունեմ, որ նա չի ներելու պաշտոնական 37 տոկոսը, որովհետեւ դա 100 տարի հետո էլ մնալու է փաստ: Նա չի ներելու եւ ցույց է տալու մայիսի 5-ին, որ, ահա, սա է քո տոկոսը», — նշեց Լեւոն Տեր Պետրոսյանը:
‘