‘Լեւոն Տեր-Պետրոսյան. Րաֆֆին ընտրված նախագահ է (Ամբողջական ելույթ-տեսանյութ)’

5364

Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր ՀՀՇ համագումարում անդրադառնալով հետընտրական զարգացումներին՝ նշեց.

«Այսօր Հայաստանում իրադարձություններ են տեղի ունենում: Ինձ լրագրողները հարցնում են, ինչպե՞ս եք վերաբերում Ազատության հրապարակում ընթացող գործին: Պատասխանեցի՝ առայժմ ես տեսնում եմ միայն ժողովրդի գործ: Ժողովուրդն ընդվզել է, ինչպես միշտ է ընդվզել անարդար ընտրություններից հետո: Արդյունքներն ինձ համար միանշանակ են. Սերժ Սարգսյանը չի ընտրվել, հաղթել է Րաֆֆին, ես դրանում ոչ մի կասկած չունեմ», — ասաց առաջին նախագահը:

Նրա խոսքով, վարչակարգը կիրառել է սովորական դարձած մեթոդները՝ ընտրակաշառք, սպառնալիք, վարչական ռեսուրս, բայց նա չի հաղթել, «հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը, սա իրականություն է»:  Նա շեշտեց, որ մինչ այժմ քաղաքական ուժերից միայն Կոնգրեսն է, որ հաստատել է այս փաստը:

Լեւոն Տեր-Պետրոսյանը նշեց, որ Սերժ Սարգսյանը, ինչպես նախորդ հինգ տարիներին էր ոչ լեգիտիմ, եթե այս շարժումը չհասնի իր նպատակին, եւս հինգ տարի էլ լինելու է այդպիսին: Նրա խոսքով, արդեն, ցավոք, միջազգային հանրությունն օրհնել է Սերժ Սարգսյանին: «Ես տեսնում եմ պաշտոնական շնորհավորանքները, ես չեմ տեսնում ճնշում, որ Սերժին ստիպեն ընդունել իրականությունը», — նշեց նա, ընդգծելով, որ համենայնդեպս, Արեւմուտքում, (քանի որ Ռուսաստանը երբեք չի խոսում ժողվրդավարությունից, դա նրան չի հետաքրքրում, ժողովրդավարությունից խոսում են Արեւմուտքում) եւ ամեն անգամ հավանություն են տալիս Հայաստանում կեղծված ընտրությունների արդյունքներին՝ դրանով իսկ կործանելով մեր ժողովրդին:

Առաջին նախագահի խոսքերով, նրա համար  ակնհայտ է, որ Արեւմուտքի համար նախընտրելի նախագահը Սերժ Սարգսյանն է, եւ նրանք դա չեն էլ թաքցնում: «Մարտի 1-ից 3-4 ամիս հետո ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը եկավ Հայաստան եւ Սերժ Սարգսյանի մասին ասաց՝ հայ ժողովրդի արժանի նախագահ, անցյալ տարի Հիլարի Քլինթոնն ասաց՝ Սերժ Սարգսյանը հրաշալի նախագահ է», — նշեց Տեր-Պետրոսյանը:

Ինչո՞ւ է Արեւմուտքն այսպիսի դիրքորոշում գրավել: Ըստ առաջին նախագահի, պատասխանը շատ պարզ է. Սերժ Սարգսյանն այնպիսի նվեր արեց Արեւմուտքին՝ համաձայնելով ցյուրիխյան արձանագրություններին, որ այլեւս ԱՄՆ-ում հայկական համայնքին «բանի տեղ» չեն դնում: Նա հիշեց վերջին ԱՄՆ ընտրությունները, երբ թեկնածուներից ոչ մեկը հարկ չհամարեց անդրադառնալ հայությանը հուզող խնդիրներին:

«Վերջացավ, մեռավ, սպանեց, ջարդեց, ցեղասպանեց ցեղասպանության ճանաչման հարցը», — ասաց Տեր-Պետրոսյանը:

Ինչո՞ւ պետք է Արեւմուտքը նախընտրեր առաջին նախագահին, կամ Րաֆֆի Հովհաննիսյանին: Լեւոն Տեր-Պետրոսյանը նշեց, որ նա միշտ հայտարարել է, որ արտաքին քաղաքականության մեջ առաջնորդվել է ազգային շահով, «Րաֆֆին էլ գիշեր-ցերեկ պահանջում է ճանաչել ԼՂՀ անկախությունը, վերադարձնել Արեւմտյան Հայատանը», իսկ Սերժ Սարգսյանը հլու հնազանդվում է արտաքին ուժերի ճնշումներին, որովհետեւ լեգիտիմ չէ:  

Լեւոն Տեր-Պետրոսյանը նշեց, որ Արեւմուտքն այլեւս չի վերանայելու այս քաղաքականությունը, նա ասաց, որ հետեւելու է շարժմանը եւ «երբ տեսնենք գործը, կգնահատենք, եւ եթե գտնենք, որ պետք է միանալ, կմիանանք»:

Նախորդ հոդվածը‘Ոստիկանությունը հանրահավաքի պատճառով փակել է Լոռու մարզի միջհամայնքային ճանապարհները’
Հաջորդ հոդվածը‘ՀՀՇ համագումարը որոշեց միանալ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության նախաձեռնությանը’