Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկատին բոլոր շահագրգիռ կողմերին կոչ է արել ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ նրան ստիպելու, որ դադարեցնի հարձակումը Լիբանանի վրա։
Այդ մասին ասվում է կառավարության ղեկավարի հայտարարության մեջ, որը տեղադրվել է X սոցիալական ցանցում։
«Իսրայելի նոր հանցագործությունը Բեյրութի հարավային շրջանում, որտեղ սպանվել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի փոխնախագահը, Լիբանանին հակամարտության հերթական ռազմական շրջապտույտի մեջ ներքաշելու նպատակ է հետապնդում՝ ի հեճուկս նման սցենարը կանխելու ուղղությամբ գործադրված ճիգերի»,- ընդգծել է Միկատին։
Վարչապետը հաստատել է Լիբանանի հավատարմությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևին, որը կրակի դադարեցման ռեժիմ է սահմանել լիբանանա-իսրայելական սահմանում 2006 թ․ հակամարտությունից հետո։ Միկատին հաղորդել է, որ հանրապետության ԱԳՆ-ին հրահանգել է Իսրայելի դեմ շտապ բողոք ներկայացնել ՄԱԿ ԱԽ-ին՝ նրան մեղադրելով Լիբանանի ինքնիշխանությունը կոպտորեն խախտելու համար։
Վարչապետի խոսքով՝ Իսրայելի կառավարությունը «Գազայի հատվածում գործողությունը ձախողելու պատճառով փորձում է Լիբանանի դեմ ուղղել իր կատաղությունը»։
Հունվարի 2-ին իսրայելական ԱԹՍ-ները հրթիռներ են արձակել Բեյրութի հարավային արվարձանում ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանի վրա՝ ավերելով եռահարկ շենքը։ Բացի ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի փոխնախագահ Սալեհ ալ Արուրիից՝ զոհվել է ևս վեց մարդ, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի երկու հրամանատար։