‘Լիբանանի իշխանությունները ցանկացել են Ս.Սարգսյանին օգտագործել որպես գործի՞ք’

1575

Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 26-ին եռօրյա պաշտոնական այցով մեկնել է Լիբանան: Իշխանական լրատվամիջոցները արդեն տարփողում են, որ այսօր տեղի է ունենալու Սարգսյանի եւ Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանի հանդիպումը:

Ըստ այդմ՝ Սարգսյանը նաեւ մի շարք հանդիպումներ կունենա Լիբանանի  բարձրագույն ղեկավարության՝ Ազգային ժողովի նախագահ Նաբիհ Բերրիի, ընդլայնված հանդիպում՝ երկրի խորհրդարանականների, վարչապետ Նաջիբ Միկաթիի հետ: Իսկ երեկոյան, ըստ այդմ, Սարգսյանի պատվին կտրվի պաշտոնական ընթրիք:

Սարգսյանը կհանդիպի նաև Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, կայցելի Անթիլիաս, հանդիպում կունենա Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի հետ, Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական Եկեղեցիների նախագահ, վերապատվելի Մկրտիչ Կարագյոզյանի հետ, Զմմառում հանդիպում կունենա Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս, պատրիարք Ամենապատիվ Տեր Ներսես Պետրոս ԺԹ-ի հետ:

Ահա այսպիսի սիրուն տեքստեր են հրամցնում մեզ իշխանական լրատվամիջոցները` մոռանալով նշել մի շարք ուշագրավ հանգամանքներ եւս: Օրինակ` երբ իշխանական լրատվամիջոցները հպարտությամբ նշում են այն մասին, որ Սարգսյանի պատվին պաշտոնական ընթրիք կտրվի, կամ մոռանում են նշել, կամ էլ` շատ հպանցիկ խոսում են այն մասին, որ մինչ այդ այլ ծրագիր էր նախատեսված:

Բանն այն է, որ ի սկզբանե նախատեսված էր, որ Սարգսյանի մասնակցությամբ պետք է հրավիրվեր Լիբանանի խորհրդարանի հատուկ նիստ: Սակայն Սարգսյանի այցից մեկ օր առաջ Լիբանանի Խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերրին չեղյալ է հայտարարել այդ նիստը: Պաշտոնապես հայտարարվել է, որ նիստը չի կայանա այն պատճառով, քանի որ Լիբանանի խորհրդարանի եւ կառավարության անդամների մեծ մասն այդ օրը մեկնելու է Վատիկան` մասնակցելու պատրիարք Բաշար Ռաիի օծման արարողությանը: Դրանից հետո Բերրին հայտարարել է, որ ամեն դեպքում, Սարգսյանի պատվին ընթրիք կմատուցվի:

Հիմա՝ հիմնական մեխը: Շատերը մտածում էին, թե ի վերջո, ինչի՞ պետք է Լիբանանի խորհրդարանում հատուկ նիստ հրավիրվի Սարգսյանի մասնակցությամբ, ի՞նչ պետք է քննարկվեն այդ նիստի ընթացքում: Ինչո՞վ է այն կարեւոր: Հարցի պատասխանը հնչեցրել են լիբանանյան ընդդիմադիրները, ովքեր տեւական ժամանակ է բոյկոտում են խորհրդարանը եւ չեն մասնակցում նիստերին: Նրանք, ըստ լիբանանական dailystar.com.lb պարբերականի, մեղադրել են Լիբանանի իշխանություններին,  որ Սարգսյանի մասնակցությամբ նիստ հրավիրելով` նրանք ցանկանում են իրենց «անկյուն քշել»: Ասել է թե՝ ընդդիմությունը մեղադրում է Լիբանանի իշխանություններին այն բանում, որ վերջիններս հույս ունեին Սարգսյանի մասնակցությամբ նիստով ընդդիմադիրներին խորհրդարան բերել:

Փաստացի ստացվում է, որ Լիբանանի իշխանությունները Սարգսյանին ընդամենը ցանկացել են օգտագործել որպես գործիք` իրենց ներքաղաքական խնդիրները լուծելու համար: Իսկ այն, որ նիստն այդքանից հետո ընդհանրապես չկայացավ, թերեւս Սարգսյանին հասցված երկրորդ ապտակն է: Մեկ՝ նրան ցանկացան օգտագործել որպես գործիք, հետո էլ` որոշեցին Սարգսյանի մասնակցությամբ նիստը չեղյալ հայտարարել:

Ըստ էության՝ հենց այպիսի ընդունելության եւ պատվի է արժանացել Սերժ Սարգսյանը Լիբանանում, անկախ նրանից, թե այդ այցի մասին ինչ են գրում իշխանական լրատվամիջոցները:

Հ.Գ. Սարգսյանի այցի հետ կապված մեկ ուշագրավ հանգամանք էլ կա: Պատահական չէ, որ Սարգսյանը նախագահական ընտրություններից առաջ մեկնում է Լիբանան եւ մտադրություն ունի այնտեղ մի շարք հանդիպումներ անցկացնել տեղի հայերի հետ: Դրանք հստակորեն տեղավորվում են նախընտրական զարգացումների համատեքստում: Բայց այդ մասին, հաջորդիվ:

Պարգեւ Ապրեսյան

 

 

Նախորդ հոդվածը‘Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը հայտարարել է քաղաքականությունը լքելու մասին’
Հաջորդ հոդվածը‘Վիլանովան հրաժարվում է «Լա լիգա»-ում պայքարը համարել ավարտված’