‘
Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին, որը Սաուդյան Արաբիայից հայտարարել էր իր հրաժարականի մասին, կրկին հայտարարել է, որ ինքն անվտանգության մեջ է և կվերադառնա Լիբանան: Այդ մասին չորեքշաբթի տեղեկացրել է Al Arabiya հեռուստաալիքը:
«Դիմում եմ Լիբանանի նախագահ Միշել Աունին: Ես լավ եմ, ամեն ինչ կարգին է, և ինչպես որ խոստացել եմ, կվերադառնամ Լիբանան»,- Հարիրիի խոսքն է մեջբերում Al Arabiya-ն:
Նույն օրն ավելի վաղ լիբանանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչների առջև ելույթ ունենալով՝ Լիբանանի նախագահ Միշել Աունը հայտարարել է, որ կառավարությունը «բոլոր անհրաժեշտ քայլերը կձեռնարկի, որպեսզի հասնի վարչապետի ազատագրմանը, և այդ նպատակով անհրաժեշտ շփումների մեջ է մտել արաբական և արտասահմանյան պետությունների հետ»: «Այն, ինչ այսօր կատարվում է՝ կապված Սաադ Հարիրիի հրաժարականի հետ՝ մարդու իրավունքների խախտում է: Նա, ըստ էության, պատանդի կարգավիճակում է: Սաուդյան Արաբիայի գործողությունները մենք համարում ենք ագրեսիա Լիբանանի դեմ»,- ասել է Աունը:
Սաադ Հարիրին աշխատանքային այցով Էր-Ռիյադ է մեկնել նոյեմբերի 3-ին: Հաջորդ օրը նա անակնկալ կերպով հայտարարել է, թե հեռանում է իր պաշտոնից: Վարչապետը տեղեկացրել է, որ իր կյանքին «վտանգ է սպառնում»: Որպես իր հրաժարականի հիմնական պատճառ՝ Հարիրին նշել է «Իրանի և, ի դեմս «Հեզբոլլահ» շիական կուսակցության՝ նրա գործակիցների միջամտությունը Լիբանանի ներքին գործերին», ինչին ինքը «չի կարողացել դիմակայել»:
Փոխանցում է tass.ru-ն:
‘