‘Լիբիայում միգրանտների ճամբարին հասցված օդային հարվածի արդյունքում կա 40 զոհ’

807

Տրիպոլիում փախստականների ճամբարին հասցված ավիահարվածի արդյունքում առնվազն 40 մարդ զոհվել է, 80-ից ավելին վիրավորվել են, հաղորդել են այդ երկրի կառավարության ներկայացուցիչները:

Լիբիայի՝ միջազգայնորեն ճանաչված կառավարությունը օդային հարվածի համար մեղադրել է ֆելդմարշալ Խալիֆա Հավթարին հավատարիմ ուժերին, որոնք մայրաքաղաքի վրա հարձակում են սկսել ապրիլին:

Զոհերի մեծ մասը, պաշտոնյաների տեղեկատվությամբ՝ միգրանտներ են Աֆրիկայի երկրներից, որոնք կազմում են ճամբարի բնակչության մեծամասնությունը: Վերջին տարիներին Լիբիան դարձել է այն միգրանտների հիմնական անցումնային կետը, որոնք փորձում են աֆրիկյան երկրներից հասնել Եվրոպա:

Զոհերի թիվը դեռ նախնական է: Արտակարգ ծառայությունների ներկայացուցչի խոսքով՝ ռումբերից մեկն ընկել է ուղիղ անգարի վրա, որտեղ մոտավորապես 120 փախստական է եղել:

ՄԱԿ-ի կողմից ճանաչված Լիբիայի ազգային միասնության կառավարությունը օդային հարվածի պատասխանատվությունը դրել է ֆելդմարշալ Հավթարի հրամանատարությամբ ինքնահռչակ Լիբիայի ազգային բանակի վրա: Հավթարի բանակի ներկայացուցիչներն իրենց հերթին հայտարարել են, որ բանակը չի ռմբահարել փախստականների կացարանները: Մինչդեռ երկուշաբթի բանակի հրամանատարությունը հայտարարել էր, որ այդ շրջանում պատրաստվում է զանգվածային ռմբակոծություն իրականացնել:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա’
Հաջորդ հոդվածը‘Մադուրո. Վենեսուելայի ընդդիմության հետ համաձայնության կգանք’