‘Լիդերի զրոյացման հարցում Վազգեն Մանուկյանի տառապանքը փորձ ունի’

1069

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե ընտրություններում 36,74% կամ 539 674 ձայն ստացած Րաֆֆի Հովհաննիսյանն ունի երկու հնարավորություն: Մանուկյանն ասել  է, թե Հովհաննիսյանը կարող է հայտարարել, որ տեղի են ունեցել կեղծիքներ, բայց ընդունում է արդյունքները և չի բողոքարկում: Ինչը, ըստ Մանուկյանի, կլինի օրիգինալ քայլ, սակայն նաև հասարակության մեջ բողոքի ալիք կբարձրացնի: Այս տարբերակն ընտրելը, ըստ Վազգեն Մանուկյանի, բավական դժվար է: «Նա անկեղծ համոզված է, որ հաղթել է, և դժվար է այդպիսի քայլ անելը»,- ասել է Հովհաննիսյանը:

Երկրորդ տարբերակը, Մանուկյանի խոսքով, հանրահավաքներն են: Նա ասել է, թե այս անգամ լուրջ բախումներ  չեն լինի, իսկ բողոքի ալիքը կմարի: «Այս ճանապարհները ինքը պետք է ընտրի: Երկրորդը երբեք ժողովրդին օգուտ չի տվել, իսկ լիդերը կամաց-կամաց կորցրել է միավորները և հասել է զրոյի: Առաջին ճանապարհը հնարավոր չէ կանխատեսել՝ ինչի կբերի»,- ասել է Մանուկյանը:

Եթե հիշում ենք՝ հետընտրական առաջին հանրահավաք անող թեկնածուն հենց Վազգեն Մանուկյանն է եղել: Եւ եթե պարոն Մանուկյանը ճիշտ է ասում, ապա առաջին զրոյացողը հենց ինքն է եղել: Եթե Վազգեն Մանուկյանը համաձայն չէ այս պնդմանը եւ կարծում է, որ ինքը չի զրոյացել, եւ այսօր Սերժ Սարգսյանին կից հանրային խորհրդում նախագահ աշխատելով՝ շատ լուրջ դերակատարություն ունի Հայաստանի ներքաղաքական կյանքում, ապա կարող ենք արձանագրել, որ Վազգեն Մանուկյանը այնքան էլ ճիշտ չի ասում, կամ էլ՝ քաղաքական «աբիժնիկությունն» է փորձում քողարկել: Ամեն դեպքում, Վազգեն Մանուկյանը փորձառու քաղաքական գործիչ է, նրա տառապանքը փորձ ունի: 

Նախորդ հոդվածը‘Պապիկյան եղբայրները տեղափոխվեցին Մոսկվայի «Սպարտակ»’
Հաջորդ հոդվածը‘Ընտրախախտման 22 դեպքի առիթով ոստիկանությունը կատարում է նախաքննություն’