‘Լիդինգթոն. Մեծ Բրիտանիան ափսոսում է, որ Հայաստանն անդամակցել է ԵԱՏՄ-ին’

773

Մեծ Բրիտանիան ափսոսում է, որ Հայաստանն անդամակցել է ԵԱՏՄ-ին: Ըստ ԱՊԱ-ի՝ այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի Եվրոպայի գործերի նախարար Դևիդ Լիդինգթոնն Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպմանը:

«Մենք ափսոսում ենք, որ Հայաստանը հրաժարվեց Եվրամիության հետ համաձայնագրերից և անդամակցեց Եվրասիական տնտեսական միությանը: Սակայն, միևնույն ժամանակ, դա Հայաստանի ընտրությունն է»,- ասել է նախարարը:

Միևնույն ժամանակ, ելույթ ունենալով «ԱԴԱ» համալսարանի ուսանողադասախոսական կազմի առջև, Լիդինգթոնը, անդրադառնալով  Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, նշել է, որ իր երկիրը պաշտպանում է այդ հակամարտության կարգավորումը խաղաղ ճանապարհով: Միևնույն ժամանակ նա ափսոսանք է հայտնել այն առնչությամբ, որ իր վերջին  այցից հետո Ադրբեջանում այդ հարցում ոչ մի առաջխաղացում չի եղել:

«20 տարի շարունակ չկարգավորված հակամարտությունը բազմաթիվ մարդկային կորուստների պատճառ է դարձել, խորացել է միմյանց հանդեպ կողմերի ատելությունը: Շարունակվող հակամարտության ընթացքում երկու կողմից զոհվում են մարդիկ` երիտասարդ զինվորներ: Մարդիկ լքում են իրենց տները: Հաշտության պայմանագիրն այդ մարդկանց թույլ կտա վերադառնալ իրենց տները: Հաշտությունը կստեղծի Հարավային Կովկասի զարգացման և այն բանի հնարավորություն, որպեսզի նա կամրջի դեր կատարի Ասիայի ու Եվրոպայի միջև»,- նշել է բրիտանացի նախարարը:

Նրա խոսքով, երկու ժողովուրդների միջև շփումներ չկան, և ժամանակի ընթացքում հարաբերությունները վատացել են: «Ժամանակի ընթացքում մեծանում է նաև վտանգը, իսկ հաշտության ձեռք բերումն ավելի դժվար է դառնում: Որպես Ադրբեջանի և Հայաստանի բարեկամ` ես ցանկանում են ուղերձ հղել. կողմերը միմյանց պետք է դիտարկեն  որպես հնարավոր գործընկեր: Դրանից հետո հակամարտությունը կլուծվի: Գլխավորն այն է, որ հակամարտությունը կարգավորելիս ուշադրության կենտրոնում լինեն բուն ժողովուրդները», — եզրափակել է նախարարը:

 

 

Նախորդ հոդվածը‘Լոթար Մաթեուս.« Գվարդիոլան բոնուս է ստանում, և բոլորովին այլ հարց է, թե ինչքանով է դրան արժանացել» (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Մայոր Դանիելյանը՝ ԼՂՀ ՎՊ նախագահի տեղակալ’