‘Լիզա Ճաղարյան. «Ազատություն սիրողին այս աշխարհը խիստ նեղ է»’

1793

Երեկ մի տեսանյութ դիտեցի «Անկախության խորհրդանիշ Պարույր Հայրիկյանը` մեկ ժամանոց հացադուլի անողոք ճիրաններում» միջոցառման շրջանակներում: Շատ տպավորիչ էր. պատմեմ` լսեք:

Ուրեմն` անկախության խորհրդանիշ Հայրիկյանը Բաղրամյան 26-ի դարպասի առջեւ կենաց-մահու կռիվ է տալիս ընդդեմ իր ամեհի սլացքը կասեցնել փորձող ոստիկանների եւ սրտամաշ մեկ ժամանոց հյուծիչ քաղցի, իսկ նրա անկախական թիկունքը դաժան ոսոխից հուսահատ անձնազոհությամբ պաշտպանող «բազմահազարանոց» քսանյակի (Գեւորգ Մարզպետունու ականջը կանչի) ներկայացուցիչներից մեկը ոստիկանների պորտը տեղն է դնում` «ամեն ձեւ»:

Մանրամասնեմ: Իր նրբանրբին ստամոքսին ծանրագույն փորձությունների ենթարկող Հայրիկյանը, արհամարհելով սեփական գլխին որոտացող «փայլակ, կայծակ, հուր, երկաթ»… փորձում է ոնց որ թե զանգահարել Սերժիկ Սարգսյանին: Ոնց որ թե` չի հաջողվում: Հետո, կրկին գերմարդկային ճիգերի գնով ոնց որ թե փորձում է զանգահարել ոստիկանապետ Վովա Գասպարյանին: Ոնց որ թե` էլի չի հաջողվում: Այդ «փշոտ ճանապարհը» հաղթահարելու  պահին` նրա թիկունքը պահողներից մեկը, ինչպես արդեն ասացի` ոստիկաններին անարգանքի սյանն է գամում հետեւողականորեն եւ ինքնամոռաց:

Խռովված է ազատության զինվոր Հայրիկյանի աննկուն հոգին: Հեռախոսն ականջին` նա անհանգիստ շարժումներ է անում: Իր ծրագրերի մեջ նման պոռթկումները նախատեսված չէին: «Պրովոկատոր ա»,- խեթ-խեթ նայելով ոստիկաններին անարգողին` ասում է իր թանկագին ստամոքսն ու կյանքը հայրենիքի զոհասեղանին դրած Հայրիկյանը: Ոստիկաններին անարգողը չի լսում, որ հենց այն պահին, երբ ինքը Հայրիկյանի անձնազոհ սլացքի արգելքներն է հաղթահարում, արժանանում է «պրովոկատոր» պատվավոր կոչմանը, եւ «դավին անտեղյակ, ցավին անտարբեր»` շարունակում է հետեւողականորեն եւ ինքնամոռաց «պրովոկացիայի ենթարկել» ոստիկաններին:

Ասածս ինչ է: Մեր տունը հենց է՛ս, ա՛յ հենց էս միասնության պակասն է քանդել մի՛շտ եւ շարունակում է քանդել հիմա՛: Նույնիսկ էս «բազմահազարանոց» քսանյակը` անսալով անկախության խորհրդանիշի սովալլուկ կոչին, եկել-հասել էր Բաղրամյան 26, բայց այդպես էլ չէր հասկացել ու չի հասկանում, որ Հայրիկյանին ո՛չ Սերժիկ Սարգսյանի հրաժարականն է հետաքրքրում, ոչ էլ նույնիսկ` Գալուստ Սահակյանի: Հովիկ Աբրահամյանի մասին էլ` չասեմ:

Մեր անկախության խորհրդանիշին նորից փող է պետք: Ընդամենը 42 միլիոն 524 հազար դրամ: «Պարույր Հայրիկյանը 2013 թ. իր դեմ մահափորձ իրականացրած էպոսագետ, նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի, նրա «կաֆելչիկներ» Խաչատուր Պողոսյանի եւ Սամվել Հարությունյանի դեմ հայցադիմում է ներկայացրել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով որպես իրեն պատճառած վնասի փոխհատուցում բռնագանձել 42 միլիոն 524 հազար դրամ»,- սիրով տեղեկացնում են ԶԼՄ-ները: Այս անգամ` հավանաբար անմարդկային փորձությունների ենթարկված ստամոքսը կրկին արտերկրում բուժելու համար:

Այնպես որ` «պրովոկատորություն» մի արեք, միասնական եղեք, նախապես գծված կարմիր շրջանագծից դուրս մի՛ եկեք:

Էս գործը հանգիստ է սիրում:

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ իշխանությունները պատրաստ են ադրբեջանական կողմին փոխանցել սահմանը հատած անչափահասին’
Հաջորդ հոդվածը‘Լյուդմիլա Սարգսյան. Առողջությունը ազգային անվտանգության խնդիր է’