‘Լիզա Ճաղարյան. «Այո»-ական շոումենները՝ ընդդեմ Սերժիկ Սարգսյանի’

4155

Ասեմ ձեզ՝ շատ անարդարացի ենք չարակամներս ու նախանձներս՝ «Այո-ոչ»… թե՝ «Այո-այո»… վերջը, էն ռեալիթի-շոուի նկատմամբ։

Մինչ մենք քմծիծաղում, ծաղրուծանակում ենք էս մարդկանց, նրանք մեր փոխարեն տքնաջան աշխատում են Սերժիկ Սարգսյանի դեմ։

Չէ, մի շտապեք զարմանալ։ Եթե նույնիսկ ինձ նման կցկտուր՝ մի քանի մանր-մունր հատվածներ եք նայել ու լսել այս «սոված-ծարավ» չոլերը չափչփող անձնուրացներին, դժվար թե նկատած չլինեք, որ հանրապետականներ լինեն, թե պարզապես՝ ականներ, բոլորը միաբերան փնովում են նախագահական ինստիտուտը, մահացու բոլոր մեղքերի տակ թաղում են Բաղրամյան 26-ը՝ իր բոլոր «համեմունքներով», արդարացնելու համար հասարակությունից ամեն գնով «այո» կորզելու իրենց ջանքերը։

Ու ի՞նչ է ստացվում։ Իրենք ոնց որ թե չեն հասկանում՝ ինչ է ստացվում։ Հիմա էլ ուշ չէ՝ հասկացնենք։ Էս մարդիկ, փաստորեն, Հայաստանի քաղաքացիներին շատ պարզ ու հոդաբաշխ պատմում են, որ մեր երկրում տիրող անարդարությունների, թալանի, հանցագործությունների ու մարդասպանությունների, աղքատության ու արտագաղթի միակ մեղավորը ՀՀ նախագահի աթոռը զավթած Սերժիկ Սարգսյանն է։ Ա՛յ, որ մարդասպանները՝ բանտի փոխարեն պաշտոնի ու մեդալի են արժանանում, պատճառն այն է, որ երկրում նախագահական համակարգ է գործում, ոչ թե՝ խորհրդարանական։ Որ հիմա բոլորդ կիսասոված եք, մեղավորը նախագահական համակարգն է։ Որ Սաշիկն ամեն տեղ «հիսուն-հիսուն» փայ է մտնում, այ էդ Սաշիկը էդ «նախագահական համակարգի» հարազատ եղբայրն է։ Որ Լիսկան մարդ է սպանում ու նորից մարզպետ դառնում, «նախագահական համակարգն» է հովանավորում նրան։ Որ դատախազներն ու դատավորները հանցագործներին ազատ են արձակում, իսկ անմեղներին բանտ են նստեցնում, եւ որ ոստիկանությունը խաղաղ ցուցարարներին ոստիկանական բաժանմունքներ է քարշ տալիս, ա՛յ այս ցուցումները տալիս է «նախագահական համակարգը»։

Այսպես անվերջ կարող ենք շարունակել։ Բայց արժե՞ որ։ Ընդամենն ուզում եմ սթափության կոչ անել ինձ նման չարակամներին ու նախանձներին։ Եկեք չխանգարենք էս մարդկանց։ Նրանք հիմա զբաղված են Հայաստանի քաղաքացիներին բացատրելով, պարզաբանելով, որ մեր երկրի գահավիժման մեղավորը միմիայն Սերժիկ Սարգսյանն է։

Ճիշտ է, իրենք «Սերժիկ Սարգսյան» բերանացի արտասանելու փոխարեն ասում են՝ նախագահի ինստիտուտ, նախագահական համակարգ, նախագահական Սահմանադրություն եւ այլն, բայց դե՝ իրենք էլ են հասկանում, չարակամ-նախանձներս էլ, թե այդ ձեւակերպումների տակից ում ականջներն են դուրս ցցվում։

Եկեք չխանգարենք։ Մեկ էլ տեսար՝ ուտուշ-խմուշներից կատարները շատ տաքանա, ու էն պապիկի նման վերջում ասեն՝ «պրեզիդենտին» է պետք փոխել, ոչ թե՝ Սահմանադրությունը։

Չասեն էլ՝ մինչեւ հիմա ասվածից էլ է հնարավոր շա՜տ հանգիստ հետեւություն անել, որ էս «այո»-ականներն էլ են ասում նույն բանը, ինչ որ՝ իրական «ՈՉ»-ականները՝ Հայաստանում տիրող ծանր վիճակի մեղավորը նստած է Բաղրամյան 26-ում, եւ նրանից պետք է անհապաղ ազատվել։

 

 

Նախորդ հոդվածը‘Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է’
Հաջորդ հոդվածը‘Աբդեսլամ եղբայրներին հետևել են, սակայն որոշվել է, որ նրանք վտանգ չեն ներկայացնում’