‘Լիզա Ճաղարյան. Անդրանիկն անկեղծ տղա է’

14436

Մեկի տունը թալանում են։ Տանտերը տեսել է գողերին, գիտի՝ ովքեր են։ Ու քանի որ տեսել ու ճանաչել է՝ ոստիկանություն է դիմում եւ հայտնում, թե ովքեր են տարել իր ունեցած-չունեցածը։ Կամ՝ մեկի ավտոմեքենան են առեւանգել, եւ կրկին տերը գիտի, թե ովքեր են «սեփականաշնորհել» իր մեքենան։ Ոստիկանություն է դիմում, հետն էլ հայտնում է, թե առեւանգողներն ովքեր են։

Դե, շատ բնական է, բա ի՞նչ պետք է անեին, ու՞մ պետք է դիմեին։ Իհարկե՝ ոստիկանություն։ Եթե նույնիսկ այդ ոստիկանությունը վարկաբեկված է ու անվստահելի։ Ուրիշ դիմելու տեղ կա՞։ Չկա, չէ՞։

Սխալվում եք։ Եթե ձեր բնակավայրը ներկայիս Հայաստանն է, ուրեմն չարաչա՛ր եք սխալվում։ Եթե դիմել եք ոստիկանություն, ավելին՝ ինչ-որ անուններ եք տվել, եւ այդ անուններն էլ թաղի լավ տղերքի շրջապատից են՝ էլ  վե՛րջ, դուք էդ լավ տղերքին այլեւս բարեւելու իրավունքից զրկվում եք, նրանց թշերը պաչպչելու մասին էլ չերազե՛ք նույնիսկ։ Իսկ եթե մինչ ոստիկանություն դիմելը լավ տղերքի չալաղաջոտ սուփրայի կողքին տեղ եք ունեցել, ընդմիշտ մոռացեք դրա մասին ու գնացեք «պիրաշկի» լմլմացրեք։ Եթե, իհարկե, տղերքն այդքան մեծահոգի լինեն ու թույլ տան, որ լմլմացնեք։ Նրանք կարող են նաեւ շատ-շատ զայրանալ եւ զրկել ձեր փոքրիկ բիզնեսից կամ աքսորել Հայաստանից, եթե անմիջապես չվազեք ոստիկանություն եւ չասեք՝ սուտ եմ ասել, ղալաթ եմ արել։

Տեղյակները հիանալի գիտեն, թե ինչ պետք է անեին կողոպտվածները։ Անտեղյակներին «լուսավորեմ» իմ տեղեկացվածության սիրողական մակարդակով։

Եթե ձեր բնակարանը կողոպտել են կամ ձեր ավտոմեքենան առեւանգել, ապա դուք անմիջապես պետք է վազեք թաղի լավ տղերքի մոտ, պետք է ծռեք ձեր բարալիկ կամ հաստլիկ վիզը եւ կերկերուն ձայնով ասեք՝ տղեք ջան, մի բան արեք, ախր սենց ոնց կըլնի։ Տղերքը ձեզ հետ «բազառ» կանեն, ըստ որի՝ եթե օգնեն, որ ձեր գողոնը վերադարձվի, դրա քանի տոկոսն է իրենցը, քանիսը՝ քոնը։ Եթե շատ խեղճուկրակ ես, նրանց տոկոսը քո տոկոսից շատ է, եթե էնպես ոչինչ՝ դենն ընկած «տղա» չես, գործարքից շատ դժգոհ չես մնա։ Դրանից հետո թաղի տղերքը դիմում են իրենց «ավտարիծետ»-ին, թե բա՝ մեր ախպորը թալանել են, «ավտարիծետն» էլ իր փայն է ուզում, կանչում են իրենց գող տղերքին, գող տղերքը բերում են գողոնը, ամեն մեկն իր բաժինն ստանում է, մի «պորցիա» էլ գործից տեղյակ ոստիկանին է հասնում, կողոպտվածն էլ ստանում է՝ ինչ որ տակը մնում է եւ ամեն դեպքում գոհ է ու շնորհակալ, որովհետեւ այդքանից էլ կարող էր զրկվել, եթե տղերքը չօգնեին։ Ավելին՝ բացճակատ կքայլի իրենց «քուչում», որովհետեւ ինքն արդեն թաղում հայտնի է որպես գործ չտվող։

Ճիշտ է, ամեն անգամ թաղի տղերքին տեսնելիս երախտագիտությունից վիզը ծռվելու է, «ավտարիծետին» տեսնելիս էլ՝ վզի հետ մեջքն էլ է ծալվելու, ծնկներն էլ, բայց դե՝ երկու երանին մի տեղ չի լինում, ի՞նչ արած։

Ու եթե բախտն էլ բերի, մի օր ԱԺ պատգամավոր դառնա, հո ուտող-ուրացող չի՞, որ իր բարերարներին մոռանա ու նրանց շահերը չպաշտպանի։ Մանավանդ որ՝ իր ստացած ձայների գերակշիռ մասի համար էլ է պարտական լավ տղերքին։

ԱԺ ՀՅԴ խմբակցության «իրավագետ» պատգամավորի ասածը մոտավորապես սա էր, եւ ինքը մեղավոր չէ։ Ինքն ընդամենը շատ անկեղծ էր՝ ի տարբերություն փորձառու բազմաթիվ եւ բազմագույն ԱԺ պատգամավորների, ի տարբերություն իշխող կուսակցության կարկառուն ներկայացուցիչների։ Անդրանիկ Կարապետյանը դեռ չգիտի, որ պետք է մտածել մի բան եւ ասել բոլորովին այլ բան։ Դեռ չգիտի, որ կարելի է կեղծիքներով մանդատ փախցնել եւ ամբիոնից կարկաչել արդար ու ազատ ընտրությունների անհրաժեշտության մասին։ Չգիտի, որ կոռուպցիայի դեմ խոսում են ամենակոռումպացվածները, կաշառակերության դեմ՝ կաշառակերները, օրինապահության մասին՝ հանցագործները։ Դեռ չգիտի, որ Հայաստանը վաղուց ի վեր ղեկավարվում է «սխոդկայի» կանոններով, բայց տարփողվում է մեր երկրում ժողովրդավարության աննախադեպ վերելքը։

Պարզամիտ, հալալ-զուլալ տղա է։ Միամիտ-միամիտ մոտեցավ ամբիոնին եւ ասաց այն ամենը, ինչը Ազգային ժողովի պատգամավորների գերակշիռ մեծամասնությունը մտածում, բայց դրա հակառակն էր բարձրաձայնում։

Ոչինչ, կամաց-կամաց կաչքաբացվի։ Ներողամիտ եղեք։ 

 

Նախորդ հոդվածը‘Բրիտանիայում մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները’
Հաջորդ հոդվածը’26 տարվա դադարից հետո Կապանում օդանավ է վայրէջք կատարել (տեսանյութ)’