‘Լիզա Ճաղարյան. Գալուստը լավն է, բան չասեք Գալուստին’

14268

Հիշու՞մ եք, բարի հեքիաթներում բարի թագավորները մեկական չարաճճի ծաղրածու էին պահում, որ սրանք ճշմարտությունը մատուցեն այնպես, որ թագավորն ու նազիր-վեզիրները «ջոգեն՝ որը որից հետո ա»։

ՀՀԿ-ական ծաղրածուն, իհարկե, մի քիչ տարբերվում է վերոգրյալ ճշմարտախոսից. սա հասարակությա՛ն ճակատին է մեխում, թե «որը որից հետո ա»։ Մի քիչ էլ է տարբերվում՝ այդ ճշմարտությունը չարաճճիի ուղեղը չի թելադրում, թելադրում են այդ նույն «բարի» թագավորն ու նազիր-վեզիրները։ Մի քիչ էլ է տարբերվում՝ չարաճճիի ճշմարտությունն անշահախնդիր չէ, նրա ճշմարտությունն իր եւ որդոց որդի բարեկեցիկ կյանք, պաշտոն ու մանդատ արժե։ Բաղրամյան 26-ից հրահանգում են, հանրապետականներն էլ շշնջում են ճշմարտախոսի ականջին՝ գալուստավարի ասա մեր սրտի ուզածը, որը կպավ՝ կպավ, որն էլ՝ չէ, կասենք՝ դե՛ Գալուստն է, էլի, բան էր՝ ասաց։

Եվ հիմա, քանի որ Գալուստ Սահակյանն արդեն բացահայտել է մի քանի ճշմարտություն, որոնցից մեկն էլ այն է, որ իր թանկագին առաջնորդից արժանի վարչապետացու «ուրիշ երկրորդ մարդ չկա» Հայաստանում (ի դեպ՝ տեղն է Կարեն Կարապետյանին, մի բան էլ՝ քիչ է. ոչ ոք չի մոռացվում, ոչինչ չի մոռացվում, ու դեռ մոռացող չկա, թե ինչպես էր խորհրդարանական ընտրարշավի շրջանում «դրայվով» գովերգում հանրապետականներին), մեր հասարակությունը պետք է որ ընկներ խոր ընկճախտի մագիլների մեջ։ Որովհետեւ, հասկացաք երեւի, եթե «ուրիշ երկրորդ մարդ չկա», ու այս միակն ու անփոխարինելին էլ, գաղտնիք չէ՝ միսուարյունից է կազմված, ինչը նշանակում է՝ նույնիսկ միակ անփոխարինելիի դեպքում այս երկնքի տակ ամեն ինչ հնարավոր է՝ առողջ է մարդը, ու մեկ էլ՝ հեչ առողջ չէ մարդը, կամ էլ՝ կա մարդը, ու մեկ էլ՝ չկա մարդը։ Կամ էլ՝ կա, բայց «չկա»-ի հավասար է։ Ու ինչ է ստացվում. եթե մի բան պատահի Գալուստի անզուգականին, գեներալ Մանվելի «վերջի բոլշեւիկին», ուրեմն ի՞նչ՝ վե՞րջ մեր միքանիհազարամյա պատմությանը։

Չէ, լուրջ։ Գալուստի հետ մոտիկ ծանոթ-մանոթ չկա՞ մեր ընթերցողների շրջանում, մի հատ էս հարցը տվեք, էլի, իրեն, իմանանք գլխներիս գալիքը, եթե հանկարծ… մեկ էլ տեսար…

Մեր Գալուստը մի բան էլ է ասել Հայաստանի անկախության օրվան ընդառաջ։ Ասել է՝ արտագաղթի մեղավորը միակ անփոխարինելին չէ, ոչ էլ՝ նրա ղեկավարած կուսակցությունը, մեղավորը ժողովուրդն է, որ արտագաղթում է, որովհետեւ չի գնահատում անկախությունը։

Ոմանք ծիծաղեցին, ոմանք զայրացան, ոմանք հայհոյեցին։

Մեր Գալուստին։

Բայց՝ իզուր։ Ճիշտ է ասում։

Եթե գնահատեինք անկախությունը, Գալուստի միակն ու անփոխարինելին՝ իր հանցագործ կուսակցության եւ նրա դուստր ձեռնարկություն կոալիցիոն կուսակցության հետ միասին հայոց պատմության աղբանոցում կլինեին։

Վաղուց ի վեր։

Գալուստը լավն է, բան չասեք Գալուստին։

 

 

Նախորդ հոդվածը‘Կառավարության նիստը՝ ուրբաթ օրը’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ կոնգրեսական. ԼՂ հարցի լուծումը կնպաստի առեւտրի զարգացմանը’