‘Լիզա Ճաղարյան. «Գելլափ» բառի արմատը «լա՞փ»-ն է’

1834

ՆախաԱմանորի աչքալուսանք. Գելլափը պարզել է, որ երևանցիների 52%-ը դրական է գնահատում Հայաստանի ոստիկանության անցնող տարվա գործունեությունը, և միայն 10%-ն է դժգոհ: Ավելին, Գելլափը նաև պարզել է, որ երևանցիները 1-5 բալանոց սանդղակով 3,9 միավոր են տվել ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանին:

Անտեղյակներին, որոնք այս տողերը կարդալուց հետո հիմա զգլխիչ համեմունքներով սկսեցին հայհոյել Գելլափին ու հետաքրքրվել, թե ով է էս Գելլափը, որ գնան` մի կում անեն ու թքեն էս անամոթի երեսին, միանգամից կարճ ու կոնկրետ ասեմ, որ Գելլափը ոչ անհայտ Ահարոն Ադիբեկյանի խմբակային սորտից է և ահագին հնչեղ անուն ունի` Գելլափ ինթերնեյշնլ ասոցիացիա: Եվ ինչպես «աննկուն» Ահարոն Ադիբեկյանը, այս խմբակը նույնպես նախկինում «հարցումներով» պարզել է և այժմ էլ շարունակում է պարզել, որ Հայաստանի հասարակության գերակշիռ մեծամասնությունն անհուսալի մազոխիստ է, մշտապես դրական է գնահատում նրանց գործունեությունը, ովքեր նվաստացնում, թալանում, թշվառության ու սովահարության «հեշտագին» գիրկն են նետում իրենց, անամոթաբար խաբում են, հայհոյում, ծեծում ու սպանում, ապօրինաբար ազատազրկում անմեղ մարդկանց և անթաքույց հովանավորում հանցագործներին:

Բայց չշտապենք մեր հասարակությանը գնահատական տալ՝ Գելլափի պղտոր ջուրն ընկնելով: Դատելով այս խմբակի հարցումների արդյունքներից` սրանք հարցումներն անցկացրել են հենց ոստիկանությունում, հետո գնացել են Գասպարյան Վովայի տուն, նրա ընտանիքի անդամներին են հարցրել` գո՞հ են, արդյոք, ոստիկանության և անձամբ Վովա Գասպարյանի աշխատանքից, հետո գնացել են «շան թուլեքի ականջները պոկող» տխրահռչակ Երանոսյանի տուն, հետո` Սաշիկի, Նեմեցի, Թոխմախի Մհերի, Լֆիկի և այլ «անաղարտ» կենսագրությամբ Հայաստանի պանծալի ու օրինապահ քաղաքացիների տները, հետո հատ-հատ մոտեցել են այն «թասիբով» քաղաքացիներին, որոնք հանուն «նախագի» պատրաստ են «ինքնազոհության», այսինքն` ոհմակով կամ թիկունքից հարձակվել այն մարդկանց վրա, որոնք Սերժիկ Սարգսյանի «թասիբը» չեն պահում, որովհետև չեղած բանը պահելու ձևը մարդկությունը դեռ չի հայտնագործել:

Գելլափը միայն երևանցիների վերաբերմունքը չի պարզել «անաչառ» հարցումներով: Պարզել է նաև, որ ահա՛ այս երևանցիները (5 բալանոց սանդղակով` 4.1 միավոր) բարձր են գնահատում Տարոն Մարգարյանի աշխատանքը, ինչը նշանակում է` մայրաքաղաքի բնակիչները` չնչին բացառությամբ, ատում են կանաչ տարածքները, հաստաբուն ծառերի կացնահարումների ձայնն իրենց ականջին Շտրաուսի վալսերի պես է հնչում, և ամեն Աստծո օր օրհնում են այն բարձրահարկերը կառուցողներին, որոնք իրենց բնակարանները զրկել են արևի լույսից, իսկ երեխաներին ու թոռներին էլ` բակում խաղալու հաճույքից: Ավելին, մայրաքաղաքցիներն անասելի քնքշանք են տածում աղբակույտերի նկատմամբ, և այդ «հայեցի» գարշահոտը չեն փոխի ոչ մի փտած-նեխած, այլասերված ֆրանսիական օծանելիքի բույրի հետ:

Եվ այսպես` հետևություն. Գելլափի աչքաբաց տղերքն ու աղջկերքն այս Ամանորին ապահովեցին իրենց սեղանների առատությունը:

Եթե, իհարկե, բկներին չմնա: 

Նախորդ հոդվածը‘ԿԲ-ն վաճառել է 2 մլն դոլար, բորսայում կատարվել է 1.7 մլն դոլարի առքուվաճառք’
Հաջորդ հոդվածը‘«Հայփոստ»-ի բաժանմունքից գողացել են «Դելլ» մոնիտոր և 121.020 դրամ’